Գլխավոր Լրահոս

Թբիլիսին և Մոսկվան պատրաստվում են հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը

Թբիլիսին և Մոսկվան պատրաստվում են հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը

Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա առաջիկայում, սակայն դրա ժամկետն ու վայրը դեռ հայտնի չեն։ Այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է վրացական Interpressnews գործակալությունը։

«Հավանաբար, շատ շուտ կլինի։ Թե որտեղ և երբ տեղի կունենա, այդ մասին տեղեկություն կտրամադրենք։ Հնարավոր է՝ ո՛չ Թբիլիսիում, ո՛չ Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումները կշարունակվեն, և կքննարկվեն տվյալ ձևաչափով նախատեսված բոլոր հարցերը։

Միաժամանակ Կոբախիձեն ընդգծել է, որ այդ բանակցությունները չեն նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ Թբիլիսիի դիրքորոշման փոփոխություն։

Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խոչընդոտը շարունակում է մնալ Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիան և երկու շրջանների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։

«Համապատասխանաբար, այստեղ մեր որոշումը չի վերանայվի և չի կարող վերանայվել»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը «Իզվեստիա» պարբերականին հայտնել էր, որ Մոսկվան արդեն կապ է հաստատել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Ռուսական կողմը բանակցություններում կներկայացնի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ երկխոսության հիմնական ուղղություններն են առևտրատնտեսական համագործակցությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտային կապերն ու մշակութային փոխանակումները։

Հոկտեմբերի 21-ին Կոբախիձեն Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբաշվիլիին նշանակել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Գիորգի Քաջայային, որը պաշտոնավարել էր 2024-ի մարտից մինչև 2025-ի դեկտեմբեր։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008-ի օգոստոսյան պատերազմից և Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո։ Թբիլիսին այդ տարածքները համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված։

Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ 2012-ին ստեղծվել էր ուղիղ երկխոսության ձևաչափ, որը հայտնի էր «Աբաշիձե-Կարասին» անունով։ Դրա շրջանակում հիմնականում քննարկվում էին առևտրատնտեսական, տրանսպորտային և հումանիտար հարցեր։

Վրաց-ռուսական հակամարտության և տարածաշրջանային անվտանգության հարցերը շարունակում են քննարկվել Ժնևի միջազգային բանակցություններում՝ Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում