Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը վավերացրել է համաձայնագիր, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում բնակվող պարտապանների մասին

Ռուսաստանը վավերացրել է համաձայնագիր, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում բնակվող պարտապանների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 2-ին ստորագրել է օրենք՝ վավերացնելով ԱՊՀ երկրների միջև համաձայնագիրը, որը Ռուսաստանին հնարավորություն կտա ԱՊՀ անդամ այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, տեղեկություններ ստանալ պարտապանների բանկային հաշիվների, եկամուտների և ունեցվածքի մասին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2025-ի մայիսի 13-ին, վերաբերում է ԱՊՀ երկրների միջև դատական ակտերի և պետական մարմինների որոշումների հարկադիր կատարման նպատակով տեղեկատվության փոխանակմանը։ Այն նախատեսում է մասնակից երկրների միջև տվյալների փոխանակում պարտապանների աշխատանքի վայրի, եկամուտների, գույքի գտնվելու վայրի, բանկային հաշիվներում առկա միջոցների, տրանսպորտային միջոցների, առևտրային կազմակերպություններում բաժնեմասերի և այլ ակտիվների վերաբերյալ։

Բացի Ռուսաստանից և Հայաստանից, համաձայնագրի մասնակիցների թվում նշվում են Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բելառուսը, Ղազախստանը և Ուզբեկստանը փաստաթուղթն ընդունել են որոշակի վերապահումներով։

Համաձայնագրի պաշտոնական նպատակը մասնակից երկրների միջև դատական ակտերի և այլ իրավասու մարմինների որոշումների հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդումն է։ Սակայն փաստաթուղթը կարող է օգտագործվել նաև արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների ֆինանսական գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար։

Ռուսական Важные истории կայքին Первый отдел իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Եվգենի Սմիրնովն ասել է, որ համաձայնագիրը Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն կտա արտերկրում հայտնաբերել պարտապանների ունեցվածքը՝ հետագայում այն բռնագանձելու նպատակով։

Բացի այդ, ըստ իրավաբանի, Ռուսաստանի իշխանությունները կարող են տեղեկություններ ստանալ քաղաքական պատճառներով երկրից հեռացած ռուսաստանցիների եկամտի աղբյուրների մասին։

Սմիրնովը բացատրել է, որ արտերկրում ունեցվածքի բռնագանձումն ինքնաբերաբար տեղի չի ունենա։ Դրա համար անհրաժեշտ կլինի համապատասխան դատական ընթացակարգ։ Ռուսաստանի դատարանի որոշումը պետք է ճանաչվի այն երկրի դատարանի կողմից, որտեղ գույքն է, որից հետո այն կարող է փոխանցվել տեղի հարկադիր կատարողներին։

Իրավաբանը մեխանիզմը բացատրել է Հայաստանի օրինակով։ Եթե Ռուսաստանում քաղաքացու պարտքը կազմում է 30 միլիոն ռուբլի, իսկ այնտեղ մնացած ունեցվածքը բավարար չէ պարտքը մարելու համար, Ռուսաստանի իշխանությունները կարող են հարցում ուղարկել Հայաստան՝ այստեղ գտնվող գույքը հայտնաբերելու նպատակով։

Դրանից հետո ռուսական դատարանը կարող է որոշում ընդունել հայտնաբերված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին։ Եթե Հայաստանի դատարանը ճանաչի այդ որոշումը, տեղական հարկադիր կատարողները կարող են իրականացնել բռնագանձումը։

Սմիրնովի խոսքով՝ նման գործընթացի իրականացումը կախված կլինի պարտքի չափից և Ռուսաստանում պարտապանի ունեցած ունեցվածքից։

Важные истории-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում գործում է օրենք, որը թույլ է տալիս որոշ վարչական գործերով որպես ապահովման միջոց կալանք դնել երկրից հեռացած քաղաքացիների գույքի վրա։

Խոսքը Ռուսաստանի շահերի դեմ ուղղված համարվող վարչական իրավախախտումների մասին է։ Դրանց թվում են իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկությունների» տարածման, «օտարերկրյա գործակալների» և «անցանկալի կազմակերպությունների» վերաբերյալ օրենսդրության խախտման, ինչպես նաև «ծայրահեղական» նյութերի տարածման հետ կապված հոդվածները։

Դեռ հստակ չէ, թե համաձայնագրով նախատեսված տեղեկատվության փոխանակման մեխանիզմը երբ և ինչ ծավալով կգործի Հայաստանի համար։ Ռուսաստանի կողմից փաստաթղթի վավերացումն ինքնին չի նշանակում, որ Հայաստանից տվյալների փոխանցման ընթացակարգերն արդեն գործում են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում