Ռազմական բալանս, ռուսական մատակարարումներ և խաղաղապահներ. Քոչարյանի պնդումներն ու իրական թվերը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 29-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել է, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտվել, իսկ Ռուսաստանն այդ ընթացքում Ադրբեջանին զենք չի վաճառել։
«Դուք հետևողականորեն խեղաթյուրում եք իրականությունը, որովհետև այն, ինչ դուք ասում եք, այդպիսի տվյալներ չկան»,- հայտարարել է Քոչարյանը՝ հակադարձելով այն պնդումներին, թե իր նախագահության տարիներին ռազմական բալանսը խախտվել էր հօգուտ Ադրբեջանի։
Քոչարյանը նաև հայտարարել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իր եռակողմ պայմանագրային պարտավորություններից հետ է կանգնել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։
#Civilnetcheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։
Ռազմական բալանսի շուրջ Քոչարյանի հիմնական փաստարկը
Քոչարյանի հիմնական հակափաստարկը վերաբերում էր Արցախի Պաշտպանության բանակի ներուժին։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բալանսի վերաբերյալ հաշվարկներում անտեսվում է Արցախի ռազմական պոտենցիալը։
«Ամենամեծ սխալը հաշվարկներում, ինչ դուք անում եք, դուք Հայաստանի ռազմական պոտենցիալը տարանջատում եք Արցախի ռազմական պոտենցիալից։ Իրականում այդ պոտենցիալը պետք է մեկ ամբողջական թվերի մեջ դիտել»,- հայտարարել է Քոչարյանը։
Նա նաև շեշտել է, որ սխալ է այն պնդումը, թե «2007 թվականին Ադրբեջանը հինգ անգամ ավելի շատ էր զինվում, քան մենք»։
«Ղարաբաղի հատվածը, եթե գումարեք, մենք ոչ թե չէինք զիջում Ադրբեջանին, մի բան էլ ավել էինք»,- նշել է նա՝ հավելելով, որ հայկական բանակը գործում էր «երկու պետություն, մեկ բանակ» համակարգի պայմաններում։
Սակայն Քոչարյանի այս պնդումը հարցեր է առաջացնում։ Մի կողմից՝ նա ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժի համեմատություններում հաշվի չի առնվում Արցախի Պաշտպանության բանակը, մյուս կողմից՝ նույն հարցազրույցում ՊԲ-ն ներկայացնում է որպես հայկական բանակի մաս, որը գործել է «երկու պետություն, մեկ բանակ» սկզբունքով։
Այն, որ ՊԲ-ն եղել է Հայաստանի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասը, հաստատվում է նաև պաշտոնական հաղորդագրություններով։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի մյուս պետական կառույցների՝ Պաշտպանության բանակի դեպքում կիրառվել է «ՀՀ ՊԲ» ձևակերպումը։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեներում պաշտպանության առանձին ծախսեր նախատեսված չեն եղել, ինչը վկայում է, որ ՊԲ-ի ֆինանսավորումն իրականացվել է Հայաստանի պաշտպանական ծախսերի շրջանակում։
Սա հաստատում է նաև ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը։
«ՊՆ-ի բյուջեն դա ՊԲ-ի բյուջեն է և միայն բյուջեն չէ հարցը, ՊԲ-ն ենթարկվել է ՊՆ-ին, այսինքն՝ Ղարաբաղի բանակը եղել է Հայաստանի բանակի մի կորպուսը, բայց ավելի ուժեղացված։ Այսինքն՝ հաշվի առեք, որ հայկական բանակի վեցերորդ կորպուսն էր»,- #CivilnetCheck-ի հետ զրույցում Էդուարդ Առաքելյանը։
Ե՞րբ է փոխվել ռազմական բալանսը
Չնայած Քոչարյանի պնդմանը, թե իր պաշտոնավարման տարիներին ռազմական բալանսը չի խախտվել, պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս։
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի համեմատության համար հիմնական միջազգային աղբյուրներից մեկը Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների բազան է։
#CivilNetCheck-ը ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի միտումներին։
Այսպես, Ադրբեջանը 2005 թվականից սկսած` կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերն ու սպառազինության ձեռքբերման ծավալները։ Եվ արդեն 2006-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե եռապատկվել է՝ հասնելով 919,2 մլն դոլարի, մինչդեռ Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 447,5 մլն դոլար։
Քոչարյանի պնդումը մասամբ հաստատվում է միայն 2007 թվականի համար։ SIPRI-ի տվյալներով՝ այդ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ցուցանիշը գերազանցել են 4,6 անգամ։ Սակայն արդեն 2008 թվականին տարբերությունը հասել է 5,3 անգամի։
Այսինքն՝ նույնիսկ եթե 2007 թվականին տարբերությունը դեռ չէր հասել հնգապատիկի, մեկ տարի անց այն արդեն գերազանցել էր այդ շեմը՝ վկայելով Ադրբեջանի ռազմական ծախսերի արագ աճի մասին։
SIPRI-ի տվյալները նույնպես չեն հաստատում, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը զգալիորեն ավելացրել է սպառազինության ձեռքբերման ծավալները։ Ինստիտուտի զենքի առևտրի բազան, որը հիմնվում է բաց աղբյուրների, այդ թվում՝ պաշտոնական հաղորդագրությունների, միջազգային զեկույցների, ռազմական ոլորտի մասնագիտացված պարբերականների հրապարակումների և ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների վրա, ցույց է տալիս, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի ձեռք բերած զինատեսակների ծավալներն ավելի փոքր են եղել, քան մյուս նախագահների կառավարման տարիներին։
Ավելի մանրամասն՝ Հայաստանի գնած զենքի տվյալները սխալ են ներկայացվում
Չնայած ռազմական բյուջեների միջև զգալի տարբերությանը՝ մինչև 2021 թվականը Հայաստանը պետական բյուջեի ավելի մեծ մասնաբաժին է ուղղել պաշտպանության ոլորտին, քան Ադրբեջանը։
1998-2008թթ. ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառե՞լ է
Քոչարյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Ռուսաստանից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային։ Պատասխանելով այն քննադատություններին, թե Մոսկվան տարիներ շարունակ միլիարդավոր դոլարների սպառազինություն է մատակարարել Բաքվին, նա պնդել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նման մատակարարումներ չեն եղել։
«Իմ ժամանակ այդպիսի զենքի վաճառք չի եղել հաստատ։ Ես պաշտոնը թողել եմ 2008 թվականի ապրիլին 9-ին, սա մեկ։ Ուրիշների ժամանակվա, այսպես ասեմ, պրոբլեմները մի կախեք իմ վրա»,- նշել է Քոչարյանը։
Մինչդեռ, SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոշոր սպառազինության մատակարարման պայմանագրեր է կնքել դեռևս Քոչարյանի նախագահության տարիներին։ Մասնավորապես, 2006 թվականին կնքված պայմանագրի շրջանակում Ադրբեջանը 2007-ին ստացել է 62 միավոր Т-72 մարտական տանկ, իսկ 2007 թվականին պայմանագիր է կնքել 70 միավոր BTR-80A զրահափոխադրիչ ձեռք բերելու համար, որոնք մատակարարվել են 2010 թվականին։

Այսպիսով, թեև Քոչարյանը պնդում է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման վաճառք չի եղել, SIPRI-ի տվյալները փաստում են, որ հենց նրա նախագահության օրոք՝ 2006 և 2007 թվականներին են կնքվել Ռուսաստանից Ադրբեջան տանկերի և զրահամեքենաների մատակարարման պայմանագրեր։
Ե՞րբ ռուս խաղաղապահներն Արցախում դիտորդ դարձան
Քոչարյանն անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ պաշտպանելով այն տեսակետը, որ նրանց անգործության հիմնական պատճառը ոչ թե Ռուսաստանի քաղաքականությունն էր, այլ Նիկոլ Փաշինյանի՝ 2022-ի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Նրա խոսքով՝ այդ քայլը փլուզեց այն բանակցային և իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցված էր խաղաղապահ առաքելությունը։
«Երբ մի կողմը դուրս է գալիս պրոցեսից, խաղաղապահ ուժերը ուղղակի դիտորդ են դառնում ԲՏՌ-ների վրա և ավտոմատներով։ Իրենք զենք կիրառելու մանտատ ըստ էության չունեին։ Փլուզեց այն կոնստրուկցիան, որը հնարավորւթյուն էր տալիս այդ փխրուն վճակը պահել, ինքը փլուզեց այդ մեկ ստորգրությամբ»,- նշել է Քոչարյանը։
Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության հետ կապված խնդիրներն ու անվտանգության խախտումները արձանագրվել են դեռևս Պրահայի հանդիպումից շատ առաջ։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և ռուս խաղաղապահների տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ արդեն 2020-ի դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որի հետևանքով 62 հայ զինծառայող գերեվարվեց, 9-ը զոհվեց։ Դեպքերը տեղի ունեցան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, սակայն այդ տարածքներն անցան ադրբեջանական վերահսկողության տակ։
2022-ի մարտին ադրբեջանցիները գրավեցին Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքը՝ սպանելով 3 հայ զինծառայողի։ Նույն տարվա օգոստոսին ևս երկու հայ զինծառայող զոհվեց ադրբեջանական հարձակումների հետևանքով։
Այս բոլոր դեպքերը տեղի են ունեցել մինչև 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, որը Քոչարյանը ներկայացնում է որպես ռուս խաղաղապահների դերակատարման փոփոխության հիմնական պատճառ։ Սա ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները և պատասխանատվության գոտում տարածքային կորուստները սկսվել էին դեռևս Պրահայի հայտարարությունից առաջ։
Սա ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում անվտանգության խախտումներն ու տարածքային կորուստները սկսվել էին դեռևս Պրահայի հայտարարությունից առաջ։ Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահներին տրված մանդատը սահմանափակ էր, արձանագրված միջադեպերը ցույց են տալիս, որ անվտանգության խախտումները և տարածքային կորուստները սկսվել էին դեռևս նրանց տեղակայումից հետո առաջին ամիսներին։
Այսպիսով, բաց աղբյուրների տվյալները չեն հաստատում Ռոբերտ Քոչարյանի մի շարք պնդումներ։ SIPRI-ի տվյալները ցույց են տալիս, որ նրա պաշտոնավարման տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն կտրուկ աճել է, իսկ Ռուսաստանից Ադրբեջանին սպառազինության մատակարարման պայմանագրեր կնքվել են դեռևս 2006-2007 թվականներին։ Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում անվտանգության խախտումներն ու տարածքային կորուստները արձանագրվել են դեռևս Պրահայի հանդիպումից առաջ։
Տեղադրություն
Նելլի Լազարյան
CivilNetCheck










