Սոցիալական ցանցերում հունիսի 21-ից տարածվում է լուսանկար, որում երևում է, թե ծանր տեխնիկայի կիրառմամբ Ստեփանակերտում քանդվում է «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-Պապիկ) հուշարձանը։
Լուսանկարը մեծ արձագանք ստացավ հայ օգտատերերի շրջանում։ Հրապարակումներ եղան, թե «Տատիկ-Պապիկի» հուշարձանը քանդել են։

Արագորեն տարածվող տեղեկատվական ալիքին անմիջապես արձագանքեցին Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունից՝ նշելով, որ լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։
Ավելի ուշ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ լուսանկարը կեղծ է և գեներացվել է արհեստական բանականության (AI) միջոցով։
«Այն, որ Ադրբեջանը մտադրություն ունի այդ հուշարձանը և Արցախում ամբողջ հայկական ժառանգությունը քանդելու, ոչնչացնելու ու հողին հավասարեցնելու, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց մի՛ տարածեք չստուգված տեղեկատվություն»,- նշել է Ավանեսովը։
Պատկերն առաջինը տարածվել էր ադրբեջանական «Xankəndililər» ֆեյսբուքյան էջում։ Կից գրառման մեջ ադրբեջաներենով գրված է՝ «թողնե՞լ, թե՞ քանդել»։ Այսինքն՝ պատկերը սկզբնապես տարածվել է ոչ թե որպես արդեն իսկ կատարված փաստի արձանագրում, այլ որպես հանրային արձագանքը շոշափող հարցադրում։ Հայկական սոցմեդիայի տիրույթ հասնելով, սակայն, լուսանկարը կտրվել է իր բուն համատեքստից և ներկայացվել որպես ընթացող քանդման իրական ապացույց։

Տեխնիկական փորձաքննություն. պատկերը AI-ով է գեներացվել
Թվային փորձաքննությունը և տեսողական մանրակրկիտ վերլուծությունը ևս փաստում են, որ պատկերը գեներացվել է արհեստական բանականության (AI) կողմից։
Համեմատելու համար, #CivilNetCheck-ը համացանցից վերցրել է արձանի մոտ 2026-ի մայիսին արված լուսանկար։

Նախ, իրական լուսանկարում հստակ երևում է, որ հուշարձանի պատվանդանից աստիճանները սկսվում են զգալիորեն ավելի շուտ (կադրի առաջին պլանում)։ Արհեստական բանականությունը, պատկերում ծանր էքսկավատոր տեղադրելու և դրա «կայունությունն» ապահովելու համար, «ջնջել» է աստիճանների իրական կորությունը՝ տեղանքը վերածելով անբնական ընդարձակ ու հարթ սալահատակի։
Տեսանելի է նաև, որ սալահատակին ընկած են քարեր, որոնք իբր պոկվել են հուշարձանից։ Մինչդեռ լիովին անհասկանալի է, թե կոնկրետ որ մասից են դրանք պոկված, քանի որ լուսանկարում արձանի վրա չի երևում որևէ համապատասխան վնասվածք կամ բացվածք։ Բացի այդ, նման նախշերով հատված հուշարձանի վրա պարզապես գոյություն չունի։
Ավելին՝ ակնհայտ անբնական է հուշարձանի՝ իբր կոտրված հատվածը. «Պապիկի» գլխի կտրվածքն ունի թվային, աստիճանանման զիգզագների տեսք։ Անհնար է, որ բնական քարը ֆիզիկական հարվածից փլուզվելիս նման երկրաչափական կանոնավորությամբ կոտրվեր։
Լուսանկարը ստուգվել է արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության հայտնաբերման մասնագիտացված Hive Moderation գործիքով։ Վերլուծության համաձայն՝ պատկերը 99,7% և ավելի բարձր հավանականությամբ գեներացվել է արհեստական բանականության միջոցով (AI-Generated Image)։

Նկարի կեղծ լինելը հիմնավորվում է նաև պատկերի թվային և սխալների մակարդակի վերլուծությամբ (Error Level Analysis / JPEG Ghosts ալգորիթմ), ըստ որի՝ այն ոչ թե իրական լուսանկարներից հավաքված ավանդական ֆոտոմոնտաժ է, այլ ամբողջությամբ զրոյից գեներացվել է արհեստական բանականության (AI) կողմից։ Վերլուծությունը բացահայտել է օբյեկտների եզրերին առկա անբնական թվային աղավաղումներ («աղմուկ»), որոնք արհեստական գեներացիայի հետքեր են։

Այսպիսով, Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի քանդման վերաբերյալ տարածվող լուսանկարը կեղծ է և չի ապացուցում, որ հուշարձանը քանդվել է։ Նշենք, որ միայն Ստեփանակերտում Ադրբեջանը 2026-ին արդեն քանդել է հայկական մշակութային ժառանգության երկու կառույց՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։ Սակայն «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի քանդման մասով այս պահին որևէ հաստատված փաստական ապացույց չկա։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











