Գլխավոր Լրահոս

«Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացումը հստակ ռազմավարությամբ է արվում»

Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցին մինչև ոչնչացումը

Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցին մինչև ոչնչացումը

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում էին լուրեր Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցու ոչնչացման մասին։ Ապրիլի 22-ին Կովկասի մշակութային ժառանգության միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch) հաստատեց տեղեկությունը՝ հիմնվելով Sentinel արբանյակային պատկերների վրա։ Տաճարը օծվել էր Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2019 թվականին։ Ըստ CHW-ի՝ ոչնչացումը տեղի է ունեցել մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Կառույցը հավելում է, որ ավելի բարձր կետայնությամբ պատկերները (հասանելի կլինեն շուտով) թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցեց մշակութային իրավունքի փորձագետ, Արցախի մշակութային ժառանգության տեսա֊իրավական գնահատման մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի հետ:

Ինչպե՞ս տեղեկացաք Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցու ոչնչացման մասին։

Մոտ մեկ ամիս առաջ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման թիմն արդեն արձանագրել էր եկեղեցու պատուհաններին հասցված վնասը։ Բոլոր հուշարձանները գտնվում են մշտադիտարկման կենտրոնների ուշադրության ներքո՝ թե՛ ԱՄՆ-ում գտնվող Կովկասի մշակութային ժառանգության միջազգային կենտրոնի (որն իրականացնում է արբանյակային տեսահսկում) և թե՛ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնի կողմից։ Բացի այդ, 21-րդ դարում նոր հնարավորություններ կան. ադրբեջանցի օգտատերերը, ինֆլուենսերները և մեդիայի ներկայացուցիչները պարբերաբար տեսանյութեր են տարածում, որոնց մենք ուշադիր հետևում ենք։ Հաճախ հենց այդ տեսանյութերի միջոցով քողարկված կերպով հնարավոր է լինում պարզել վնասները, ինչպես եղավ պատուհանների դեպքում։

Իսկ ինչ վերաբերում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացմանը, ապա Կովկասի մշակութային ժառանգության միջազգային կենտրոնը  լուրերն իմանալուց հետո տարածված մի տեսանյութով նկատել էր, որ եկեղեցին բացակայում է։ Ավելի ուշադիր մոնիտորինգից հետո մշտադիտարկման ղեկավար Լորի Խաչատուրյանը (ԱՄՆ) արձանագրեց, որ այո, եկեղեցին ոչնչացված է, քանդված է։ Քանդման հստակ չափերն ու ինտենսիվությունը կներկայացվեն ավելի ուշ։

Արմինե Տիգրանյան
Արմինե Տիգրանյան

Այսինքն՝ դուք նախ ֆիքսել էիք պատուհանների քանդումը, իսկ հետո ահազանգի հիման վրա հաստատեցիք, որ այն իսկապես հիմնահատակ քանդվել է։

Այո, մեկ ամսից ավել առաջ արդեն ֆիքսված էր, որ եկեղեցին ադրբեջանական հարձակումների թիրախում է։ Առհասարակ, եկեղեցիների ոչնչացումը ադրբեջանական ռազմավարության մաս է. պատերազմից հետո չկա մի ժամանակահատված, երբ որևէ հուշարձան չոչնչացվի։ Խնդիրն այն է, որ արբանյակները թարմացվում են երեք ամիսը մեկ, և միայն այդ թարմացումներից հետո են ավելի ակտիվորեն երևում ոչնչացված հուշարձանները։ Հիմա արդեն Կովկասի մշակութային ժառանգության կենտրոնը հաստատել է և մեզ ուղարկել արբանյակային լուսանկարը, որով փաստվում է եկեղեցու ոչնչացումը։

Որո՞նք են վերջին շրջանի մշակութային կոթողներից ուշագրավները, որոնց ոչնչացումն արդեն արձանագրել եք։ 

Վերջերս ոչնչացվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Նաև ակտիվացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնց տեղում, հատկապես Շուշիում և Ստեփանակերտում, կառուցվում են նոր ենթակառուցվածքներ։ Օրինակ՝ 2024 թվականին Ադրբեջանը ոչնչացրեց Շուշիի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը և նույն տեղում «Հաղթանակի թանգարան» հիմնադրեց։ Ստեփանակերտի լանդշաֆտը նույնպես փոխվում է. ոչնչացվում են գործիչների արձաններ, իսկ պատմական գերեզմանոցների ոչնչացումն իրականացվում է ճանապարհաշինարարական աշխատանքների քողի տակ։ Մինչ օրս մենք ունենք տասից ավելի հիմնահատակ ոչնչացված քրիստոնեական կառույցներ։

Այսինքն՝ վաղուց հասել են նախկին ԼՂԻՄ-ի տարածքին։ Ի՞նչ օրինաչափություններ կնշեք, հիմնականում ո՞ր կոթողներն են թիրախավորվում՝ գերեզմաննե՞րը, եկեղեցինե՞րը։

Ադրբեջանական ոչնչացումներն ընթանում են հստակ ռազմավարությամբ։ Ես իմ հետազոտություններում առանձնացրել եմ մի քանի ինտենսիվ ուղղություն.

  1. Եկեղեցիների ամբողջական ոչնչացում (արդեն տասից ավելի հիմնահատակ ավերված եկեղեցի)։

  2. Խաչքարերի ոչնչացում, հատկապես անկախության տարիներին տեղադրված և պատմական գերեզմանոցներում առկա խաչքարերի։

  3. Պատմական գերեզմանոցների ոչնչացում։

  4. Հայրենական պատերազմին և Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրների ոչնչացում։ Քանի որ Արցախում դրանք հաճախ կողք կողքի են և կազմում են մեկ լանդշաֆտ, նրանք ոչնչացնում են ամբողջական տարածքը՝ ներառյալ խաչքարերը։

Կա նաև շատ վտանգավոր մի ուղղություն, որը վերաբերում է միջնադարյան եկեղեցիներին՝ «աղվանացման» քաղաքականությունը։

Փաստարկն այն է, թե Ադրբեջանում ապրում են ուդիներ, որոնք Իլհամ Ալիևի քաղաքական գործիքն են։ Աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Մոբիլին Ալիևի հետ այցելում է Դադիվանք, Գանձասար, Ամարաս և այդ հայկական ճարտարապետական գլուխգործոցները ներկայացնում որպես աղվանական։ Նրանք պղծում են ծիսակարգը, ջնջում և քերում են հայերեն արձանագրությունները։ Դեռ 2021-ին մշակույթի նախարար Քերիմովը ցանկանում էր ստեղծել արձանագրությունների ոչնչացման հատուկ հանձնաժողով, ինչը 2022-ին Եվրախորհրդարանի բանաձևով դատապարտվեց և բացահայտ կերպով չեզոքացվեց։ Սակայն այս թեզը պարբերաբար առաջ է տարվում միջազգային գիտական հոդվածներում և գիտաժողովներում (ներառյալ Վատիկանում), ինչը խիստ վտանգավոր է, քանի որ պղծում է հուշարձանի իսկությունը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների և ԱՄՆ Արխիվների և փաստաթղթերի Ազգային վարչության (NARA) 1994թ. փաստաթղթի՝ հուշարձանը պետք է պահպանվի իր իրական գիտելիքին և այն համայնքի պատկերացումներին համապատասխան, որի կողմից ստեղծվել է։

Դուք միջազգային հարթակներում շատ ակտիվ եք։ Ի՞նչ ազդեցություն են ունենում ձեր ահազանգերը նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա, և պետությունն ինչպե՞ս է օգնում իր լծակներով։

Միջազգային հանրությունն արձագանքում է։ Պատերազմից հետո ունենք Եվրոպական խորհրդարանի մի քանի բանաձևեր (2021, 2022, 2023 թվականներ), որոնք դատապարտում են հուշարձանների ոչնչացումը, աղվանացման քաղաքականությունը և Ադրբեջանի հայատյացությունը։ 2023-ի բանաձևը բռնի տեղահանությունը որակեց որպես էթնիկ զտումներին հավասար գործընթաց և միջազգային հանցագործություն։

Բացի այդ, ունենք նախադեպային որոշում. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացրել է միջանկյալ միջոցների կիրառման որոշում։ Սա առաջին դեպքն է, երբ դատարանը հուշարձանների ոչնչացման խնդիրը քննում է ռասայական խտրականության կոնվենցիայի հիմքով։ Այսօր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որով Արցախի հուշարձանների ոչնչացումը համարվում է ռասայական խտրականության հիմքով կատարված գործողություն։

Իսկ մոնիթորինգային խումբ ուղարկելու իրական հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Եվրախորհրդարանի պատգամավորները (օրինակ՝ Միրիամ Լեքսմանը) նամակ էին ուղղել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին՝ պահանջելով 24/7 տեսահսկում բարձր լուծաչափով արբանյակներով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկում։ Բայց կա մեծ խնդիր. ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է ազգային պետությունների հետ և ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքը, հետևաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար տարածքի հուշարձանների պատասխանատուն Ադրբեջանն է։

Ադրբեջանը պետք է թույլատրի մուտքը, բայց նրանք «հայելային» քաղաքականություն են վարում. ասում են՝ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն գա Արցախ, ապա պետք է գնա նաև Հայաստան։ Եկեղեցիների ոչնչացումն ընդհանուր քաղաքականության մի ճյուղն է միայն։ Սա կրոնական ազատության և արցախահայերի մշակութային իրավունքի խախտում է։ Հուշարձանը սոսկ քար չէ. այստեղ գործ ունենք քրիստոնեական արժեհամակարգի ոչնչացման և ցեղասպանական գործողության հետ, որի փուլերն են բռնի տեղահանությունը, հուշարձանների ոչնչացումը և մշակույթի վերստեղծման կասեցումը։ 

Սա կարող է քննվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ Հռոմի քրեական դատարանում՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն։

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում