Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մայիսի 18-ին Վատիկանում հանդիպել է Լևոն 14-րդ պապին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հայության իրավունքների պաշտպանության, Մերձավոր Արևելքի անվտանգության և քրիստոնեական եկեղեցիների համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունից։
Արամ Ա կաթողիկոսը շեշտել է միջազգային երաշխիքներով Արցախի հայերի վերադարձի իրավունքի ապահովման և Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը, ինչպես նաև կոչ է արել միջազգային օրենքի համաձայն պահպանել տարածաշրջանի հայկական պատմական հուշարձաններն ու եկեղեցիները։
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում հոգևոր առաջնորդն անդրադարձել է Լիբանանի ճգնաժամին՝ ընդգծելով երկրի ամբողջ տարածքում պետական ինքնիշխանության վերականգնման, Լիբանանի հարավից իսրայելական ուժերի հեռացման և հաստատված զինադադարի ռեժիմի անվերապահ հարգման հրամայականը։
Եկեղեցական օրակարգի շրջանակներում կողմերը քննարկել են Զատկի տոնի միասնական թվականի հստակեցման, բոլոր նահատակների հիշատակության ընդհանուր օրվա սահմանման և Վատիկանի երրորդ համաժողովի գումարման հնարավորությունները, որտեղ աստվածաբանական խնդիրներին զուգահեռ առաջնահերթություն կտրվի արդի բարոյագիտական մարտահրավերներին։
Հռոմի պապն իր հերթին զորակցություն է հայտնել բարձրացված մտահոգությունների վերաբերյալ, որից հետո երկու հոգևոր առաջնորդները շարունակել են մտքերի փոխանակումը առանձնազրույցի ընթացքում։












