Ով է Արթուր Օսիպյանը. քաղաքական գործիչ դարձած մաթեմատիկոսը

Ստեփանակերտ, 2021: Լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի/ՍիվիլՆեթ։
Հայկ Ղազարյան
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է։ Ծնվել է 1985-ին Ստեփանակերտում։ Արթուր Օսիպյանը Երևանի պետական համալսարանում ստացել է կիրառական մաթեմատիկայի և համակարգչային գիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, իսկ 2011–2014-ին կրթությունը շարունակել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում՝ կիրառական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի մասնագիտությամբ։
Հունիսի 7-ին լրանում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Արթուր Օսիպյանի հացադուլի և կալանքի 20-րդ օրը։ Նա Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իրեն և այլ արցախցիների «փախած» անվանելու համար։
Օսիպյանը ձերբակալվեց և կալանավորվեց մայիսի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած բանավեճից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածերով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչության իրականացմանը խոչընդոտելու համար։ Մի շարք իրավապաշտպաններ պնդում են, որ Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է։
Ըստ քրոջ ամուսնու՝ Կամո Քոչարյանի, Օսիպյանի գիտական ղեկավարը միջնորդել է նրա ասպիրանտուրայի ընդունելությանը՝ ընդգծելով բարձր կարողությունները՝ բարդ խնդիրների լուծման, հավանական մոդելների վերլուծության, մաթեմատիկական կառուցվածքներում օրինաչափությունների բացահայտման և հիմնարար տրամաբանության կիրառման ոլորտներում։
2015-2018-ին Օսիպյանը դասավանդել է Արցախի պետական համալսարանում, իսկ 2016-2017-ին՝ Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։
2016-ին հրապարակված տեսանյութերից մեկում Օսիպյանը Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ քննադատում է Արցախի կրթական համակարգը՝ նշելով, որ կրթությունը անվտանգության կարևոր բաղադրիչներից է։
Ավելի ուշ նա լքել է համալսարանը։ Ըստ Քոչարյանի՝ պատճառը կրթական համակարգի բարձիթողի վիճակն էր։
Քաղաքական և հասարակական գործունեություն
Արթուր Օսիպյանը 2018-ի հունիսին մասնակցել է Ստեփանակերտի ավտոկայանի տարածքում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիաներին, որոնք սկսվել էին նախօրեին Արցախի Ազգային անվտանգության ծառայողների և քաղաքացիական անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո, որ փոփոխություններ են սպասվում նաև Արցախում, ցուցարարները դադարեցրել էին ակցիան։

Օսիպյանի ընկեր Ավետ Ավանեսյանի խոսքով՝ Արթուրը հետագայում հիասթափվել է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից՝ համարելով, որ նա չի ցանկանում փոփոխություններ բերել Արցախ։
2019-ի դեկտեմբերին Արթուր Օսիպյանը հիմնադրել է Արցախի հեղափոխական կուսակցությունը։ Կուսակցությունը 2020-ի համապետական ընտրություններին նախագահի թեկնածու չի առաջադրել և փողոցային ակցիաների ընթացքում կոչ է արել չընտրել Արայիկ Հարությունյանին։ 2020-ի սկզբին Ստեփանակերտում կազմակերպված ակցիաների ընթացքում նրանք նաև ճանապարհներ են փակել։ Այդ ընթացքում Օսիպյանը և նրա համախոհները մի քանի անգամ բերման են ենթարկվել։ 2020-ի համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի հեղափոխական կուսակցությունը ստացել է 2.26 տոկոս քվե։
Մինչ փողոցային պայքարը Օսիպյանը կազմակերպում էր կլոր սեղաններ և ֆորումներ։ Օսիպյանի ընկեր Ավետ Ավանեսյանի խոսքով՝ նա դեռ մինչև 2016-ը կանխատեսում էր պատերազմի հավանականությունը և մտահոգված էր դրա հնարավոր ծանր հետևանքներով։
2016-ի Քառօրյա պատերազմի ընթացքում մասնակի զորահավաքի ժամանակ Օսիպյանը զորակոչվել է բանակ։
Արցախում 2020-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթեց Արայիկ Հարությունյանը, Օսիպյանը և նրա թիմը որոշեցին շարունակել պայքարը։
2020-ի պատերազմ
Ըստ մի քանի վկայությունների՝ պատերազմի առաջին օրը Օսիպյանը մեկնել է Արցախի հյուսիսարևելյան «Եղնիկներ» զորամաս։ Կամո Քոչարյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ին նրանք նախապես պայմանավորվել էին միասին մեկնել, սակայն Օսիպյանը ավելի շուտ է մեկնել և չի սպասել։ 2020-ին Քոչարյանի որդիները (Արթուր Օսիպյանի քրոջ որդիները) ժամկետային ծառայություն էին անցնում նույն զորամասում։
Պատերազմի ընթացքում Օսիպյանը եղել է «Եղնիկներ» զորամասի 3-րդ գումարտակի «06» դիրքում։ Ըստ Կամոյի՝ նա այդտեղ է տեղափոխվել իր նախաձեռնությամբ՝ խնդրելով ուղարկել առավել թեժ հատված։
Կամոն պատերազմի օրերին ավելի ուշ հանդիպել է «Եղնիկներում»։
Վկայությունների համաձայն՝ «Եղնիկներ»-ից հետո նա տեղափոխվել է Շոշի ուղղություն։
Նա ժամկետային ծառայությունը նույնպես անցել է «Եղնիկներում»։ Գոյություն ունի ժամկետային ծառայության մասին բնութագիր, որ նա իրեն դրսևորել է բացառապես դրական կողմերով։
Պատերազմից հետո հետագա գործունեություն
2020-ի պատերազմից հետո նա հանդես է եկել մի շարք հանրային նախաձեռնություններով։ Մասնավորապես՝ առաջարկել է փախստականներին տրամադրել մեծահարուստների առանձնատները։
Արթուր Օսիպյանի հաղորդակցության հիմնական միջոցներից մեկը Ֆեյսբուքի ուղիղ եթերներն էին։
Օսիպյանը մի քանի դատական հայց է ներկայացրել Արցախի ներդրումային և Գյուղի աջակցման հիմնադրամների դեմ՝ պահանջելով տեղեկություններ դրանց գործունեության վերաբերյալ։ 2021-ի դատարանը մասնակի բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով տրամադրել պահանջվող տվյալները՝ բացառությամբ անձնական տվյալների և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների։ Նա հաճախ էր բարձրացնում Արցախի ներդրումային հիմնադրամում առկա կոռուպցիոն սխեմաների մասին հարցը։
2022-ին Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցով Օսիպյանը հայտարարել էր, որ գործող ճանապարհը չպետք է զիջել, քանի դեռ ամբողջությամբ չեն տեղափոխվել ենթակառուցվածքները և չի ապահովվել նոր ճանապարհի անվտանգությունն ու որակը։ Այդ առիթով նա ցույց էր կազմակերպել Ստեփանակերտի գլխավոր հրապարակում։

2023-ին՝ Արցախի շրջափակման ընթացքում, նա բազմիցս փորձել է կազմակերպել խաղաղ երթ՝ ճանապարհը բացելու նպատակով, սակայն այդ երթը այդպես էլ տեղի չի ունեցել։ Նա հնարավոր էր համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը նման գործողություններով և այդ առաջարկը բազմիցս ներկայացրել էր նաև Արայիկ Հարությունյանին։ Օսիպյանը փորձում էր հիմնավորել «խաղաղ երթի» անհրաժեշտությունը՝ որպես միակ գործուն միջոց Լաչինի շրջափակման պայմաններում։ Նրա կարծիքով՝ այդ քայլը պիտի ցույց տար շրջափակման իրական բնույթը, համախմբեր հասարակությանը և քաղաքական ու միջազգային ճնշում ստեղծեր իրավիճակը փոխելու համար, քանի որ անգործությունը հավասար էր «դանդաղ մահվան»։
Արթուր Օսիպյանի ամենահամարձակ քայլերից մեկը համարվում է 2023-ի օգոստոսին Իվանյանի տարածքում տեղակայված խաղաղապահների բազայի մուտքերի շրջափակումը՝ ռուսներին կոչ անելով կատարել իրենց պարտականությունները՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը (Տե՛ս՝ «Артур Осипян ставит на место российских солдат / Армяне перекрыли дорогу к аэропорту»)։
Արթուր Օսիպյանի ընկեր Մանվել Սարգսյանի խոսքով՝ Իվանյանի բազայի մոտ ցույցին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել ավելի քան 40 մարդ, սակայն իրական մասնակցությունը զգալիորեն քիչ է եղել։
Նրա վերջին ակցիաներից մեկը 2025-ի ապրիլին Երևանում՝ Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ցուցյն էր, որտեղ նա պահանջում էր Արցախի ներդրումային հիմնադրամի «թալանված» միլիադրների վերադարձը՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են արցախցիների սոցիալական խնդիրների լուծման համար։
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա











