Գլխավոր Լրահոս

Բաքուն «Ավրորան» ու հարսանիքը հանցագործություն է համարել. Ռուբեն Վարդանյանի «դատավճռի» մանրամասները

Բաքուն «Ավրորան» ու հարսանիքը հանցագործություն է համարել. Ռուբեն Վարդանյանի  «դատավճռի» մանրամասները

Free Armenian Prisoners կայքում հրապարակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնական մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը, որն ընտանիքին հաջողվել է ձեռք բերել հուլիսին, մինչդեռ 15 այլ մեղադրյալների գործով ամբողջական դատական ակտը դեռևս անհասանելի է պաշտպանական կողմին: Այս մասին սեպտեմբերի 4-ին ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Մեղադրական եզրակացությունն ընդհանուր ծավալով կազմում է մոտ 3300 էջ, և հիմք է դարձել, որպեսզի քաղաքացիական անձը Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվի 20 տարվա ազատազրկման։

«Այս պահին ես որպես նրանց փաստաբան Եվրոպական դատարանում իրավական ներկայացուցիչ, զրկված եմ այդ դատական ակտին ծանոթանալու, հիմքերը ուսումնասիրելու հնարավորությունից, և համանման վիճակում են գտնվում նաև ընտանիքի անդամները, և ինչու ոչ՝ Ադրբեջանի հանրային պաշտպանները»,- ասել է Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Վարդանյանի իրավական ներկայացուցիչը հայտնել է, որ դատավարությունում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմակի խախտումներ, իսկ գործին ՄԻԵԴ-ում արդեն տրվել է համար։ Նա ընդգծել է, որ դատավճիռը դուրս է իրավական, բարոյական և ողջամտության սահմաններից, ուստի անհրաժեշտ է, որ մասնագիտական ու ակադեմիական համայնքները ինքնուրույն ուսումնասիրեն այն։

«Եվ այս դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ աննախադեպ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ։ Եվ իհարկե, մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Կարող եմ նշել, որ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար և գործը քննվելու է դատարանի կողմից, համապատասխան փուլերում մենք նաև մանրամասներ կտրամադրենք։ Սակայն կարծում ենք, որ այս դատավճիռը նաև էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական նորմերը, բարոյական նորմերը, այլ նաև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։ Այնտեղ տեղ գտած փաստերը և այսպես կոչված ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումները ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում»,- ասել է իրավապաշտպանը։

Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ ծանր արարքներ, այդ թվում՝ ագրեսիա, ավերվածություններ ու զոհեր պատճառելը, մասնավորապես 2021-ի նոյեմբերի 16-ի սահմանային իրադարձությունները։ Իրավապաշտպանը պարզաբանել է, որ Վարդանյանն Արցախում պետնախարարի պաշտոն է ստանձնել միայն 2022-ի նոյեմբերին և 2021-ի դեպքերի հետ որևէ առնչություն կամ զինված ուժերի հրամանատարական լիազորություն չի ունեցել, իսկ մեղադրանքը հիմնված է միայն մի տուժածի վկայության վրա։

«Չնայած դեպքերի հետ նրա որևէ առնչության բացակայությանը, այս դրվագը համարվել է հաստատված, հաստատող ապացույցը տուժածի վկայությունն է, որն ընդամենը վկայություն է տվել, որ հարձակման հետևանքով կրել է վնասվածքներ։ Նշեմ, որ նաև 2021-ի նոյեմբերի 16-ի սահմանային զարգացումների այդ գործողությունների վերաբերյալ նաև կան միջազգային դիրքորոշումներ, ուսումնասիրություններ և որևէ տեղ նաև արձանագրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կամ որևէ հայկական զինված ուժեր, նախահարձակ են եղել և թշնամական գործողություններ են իրականացրել Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը որպես հանցավոր գործունեություն է որակել Վարդանյանի բարեգործական ու սոցիալական ծրագրերը, այդ թվում՝ դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը, ինչպես նաև Արցախում կազմակերպված մեծ հարսանիքի ֆինանսավորումն ու դրա կնքահայր լինելը։ Բացի այդ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը դիտարկվել է որպես հանցավոր կազմակերպություն, իսկ դրա դափնեկրին՝ Իրաքի քաղաքացուն, մրցանակային միջոցներ փոխանցելը որակվել է որպես քուրդ վարձկանների ֆինանսավորման արարք։

«Ռուբեն Վարդանյանը բնականաբար իր գործունեության իր ընթացքում տարաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացրել, սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այս դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, ինքնին այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն։ Հատուկ դրվագներ կան որոնք առնչվում են հենց Ավրորա մարդասիրական նախաձեռնությանը։ Այս նախաձեռնությունը ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, և նախաձեռնության շրջանակներում դափնեկիրները ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ։ Օրինակ՝ Իրաքի քաղաքացի հանդիսացող, և նրա կողմից այդ մրցանակը ստանալը և նաև գումարային տեսքով ֆինանսավորումը, որակվել է որպես Իրաքի քուրդ վարձկանների ֆինանսավորում, այսինքն սա վարձկանության ֆինանսավորման արարք է որակվել», - ասել է Սահակյանը։

Մեղադրանքների թվում են նաև Ադրբեջանում իշխանության «բռնազավթումը», «սահմանադրության խախտումը» և «առանց Բաքվի թույլտվության Արցախ մուտք գործելու համար ապօրինի սահմանահատումը»։ Իրավապաշտպանը կոչ է արել փաստաբաններին, լրագրողներին և հետազոտողներին ինքնուրույն ուսումնասիրել դատավճիռը և գնահատել դրա իրավական որոշակիությունը։

. . .

Ադրբեջանում ներկայում հաստատված տվյալներով պահվում է 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում