Հայ գերիներին այցելելու հարցը քննարկվել է կառավարության ներկայացուցիչների հետ․ Սահակյան

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ոչ քաղաքական ներկայացուցիչների և Գերիների ու անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հետ։ Այս մասին սեպտեմբերի 4-ին ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Քննարկման առանցքում եղել են Կարմիր խաչի գործունեության դադարեցման պայմաններում Բաքվում պահվող հայերին այցելությունների ապահովման, երրորդ երկրի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու և մարդասիրական նախաձեռնությունների իրականացման հարցերը։
Սահակյանը տեղեկացրել է, որ Վերոնիկա Զոնաբենդը ցանկանում է իրավապաշտպան կանանց խմբով այցելել Ադրբեջան՝ տեղի մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո հայ գերիներին տեսակցելու, նրանց անձնական իրեր, լուսանկարներ ու նամակներ փոխանցելու համար։
Քանի որ մուտքի արտոնագրերի, անվտանգային խնդիրների և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու կանոնակարգումների պատճառով ծրագիրն անհնար է իրականացնել որպես մասնավոր նախաձեռնություն, պաշտպանական կողմը դիմել է Հայաստանի իշխանություններին՝ պետական աջակցություն ստանալու և այցը համաձայնեցնելու ակնկալիքով, ինչը ներկայումս գտնվում է քննարկման փուլում։
«Մենք խնդրել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հստակ դիրքորոշում արտահայտի, թե նման նախաձեռնությունը կարո՞ղ է արժանանալ նաև պետական աջակցության, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է համաձայնեցնել այցելությունը, քանի որ սա չի կարող մնալ մասնավոր նախաձեռնություն, և որպես մասնավոր նախաձեռնություն անհնար է դրա իրագործումը։ Մուտքի արտոնագիրը կարող է տրամադրվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, հաշվի առնելով դիվանագիտական և այլ հարաբերությունները, հասկանալի է, որ առանձնահատուկ մեխանիզմով դա հնարավոր չէ ձեռք բերել։ Մյուս կողմից անվտանգային հարցեր կան, և երրորդը՝ նույնիսկ եթե նրանք հայտնվեն Ադրբեջանում, փակ հաստատությունների մուտքը խիստ կանոնակարգված է, և առանց Ադրբեջանի իշխանությունների նախնական համաձայնության ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի լինի մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, որտեղ այս պահին պահվում են բոլոր հայերը»,- հայտնել է Սահակյանը։
Իրավապաշտպանը հայտնել է, որ դեռևս իշխանությունների կողմից պաշտոնական պատասխան չկա, հարցը գտնվում է քննարկման փուլում։
Կազմակերպություն
Տեղադրություն











