Երևանում դպրոցի տնօրենը «Տատիկ-պապիկի» պատկերը որակել է «հակապետական քայլ»․ ՀԿ-ի արձագանքը

Սիրանուշ Ադամյան
Երևանում դպրոցի տնօրենը պահանջել է հեռացնել արցախյան «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ». ՀԿ-ի արձագանքը
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստանում ձևավորվում է Արցախի մշակութային ինքնության «հիշողության ապակառուցման» վտանգավոր միտում։ Այս մասին կազմակերպությունը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով ծավալուն հայտարարություն։
ՀԿ-ի գնահատմամբ՝ Հայաստանի պետական մարմինները բավարար քայլեր չեն ձեռնարկում Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Կազմակերպությունը նշում է, որ, չնայած առկա միջազգային իրավական գործիքներին, Հայաստանը չի նախաձեռնում անհրաժեշտ գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում՝ փաստագրելու, կանխելու և իրավական պատասխանատվության ենթարկելու Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող խախտումները։
Հայտարարության հեղինակները նաև քննադատում են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարությունները, որոնցում, ըստ ՀԿ-ի, Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության պահպանության հարցը ներկայացվում է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Նրանց գնահատմամբ՝ նման դիրքորոշումը թուլացնում է Հայաստանի իրավաքաղաքական դիրքերը և կարող է վնասել հետագա միջազգային իրավական նախաձեռնություններին։
ՀԿ-ն անդրադարձել է նաև վերջին շրջանում շրջանառվող տեղեկություններին, թե մշակութային որոշ կոլեկտիվների տրվել են հանձնարարականներ իրենց ստեղծագործությունների անվանումներից հանելու «Արցախ» բառը։ Կազմակերպությունը նշում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ նման գրավոր կամ բանավոր հանձնարարական չի եղել, ինչպես նաև նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման արգելք սահմանված չէ։ Միևնույն ժամանակ, ՀԿ-ն պնդում է, որ գործնականում ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ սահմանափակումների դեպքեր արձանագրվում են առանձին հաստատությունների մակարդակով։
Որպես օրինակ՝ կազմակերպությունը հիշատակում է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ, ըստ ՀԿ-ի, աշակերտական աշխատանքներից հեռացվել է Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը պատկերող նկարը, որը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը որակել է «հակապետական քայլ»։
Մշակութային ժառանգության ոչնչացումը
Հայտարարությունը հրապարակվել է Արցախի մշակութային ժառանգության շուրջ վերջին զարգացումների ֆոնին։ Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ամբողջությամբ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Ավելի վաղ քանդել էր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Դրան անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման հարցերը պետք է դիտարկել նաև հակադարձ օրինակներով՝ նշելով, թե եթե ապագայում Արծվաշենը վերադառնա Հայաստանի վերահսկողության տակ և այնտեղ մզկիթ լինի, պետք է հասկանալ, թե ինչ կլինի հայկական հասարակության արձագանքը։
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը վերջին տարիներին բազմիցս արձանագրվել է նաև անկախ փորձագիտական կառույցների կողմից։ Cornell համալսարանի նախաձեռնությամբ գործող Caucasus Heritage Watch ծրագիրը, որն արբանյակային պատկերներով մշտադիտարկում է շուրջ 500 հայկական մշակութային հուշարձան Արցախում, փաստագրել է հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքեր։ Կազմակերպության վերջին զեկույցում նշվում է, որ 2020-ի պատերազմից հետո ամբողջությամբ ոչնչացվել են մի շարք հայկական հուշարձաններ, այդ թվում՝ Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին, Ղազանչեցոց գերեզմանոցը և Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը, իսկ Քարին Տակ գյուղը գրեթե ամբողջությամբ վերացվել է։ CHW-ն նաև արձանագրում է, որ նախկինում Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսը ոչնչացվել էր 1997-2011 թվականներին։
Տեղադրություն











