Երբ Արծվաշենը վերադառնա ՀՀ վերահսկողության ներքո և այնտեղ մզկիթ լինի, ի՞նչ պետք է անենք․ Փաշինյան

Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական ռետորիկաների վրա են հիմնված։ Այս համոզմունքն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախում ոչնչացվող եկեղեցիների մասին լրագրողի հարցին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
Վարչապետը նկարագրել է մի իրավիճակ, ըստ որի, երբ Արծվաշենը վերադառնա Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո և այնտեղ մզկիթ լինի, որը կլինի հայ հասարակության ռեակցիան։
«Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց միանց տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ մոդելավորենք այնպիսի մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, և մենք գնում տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մսկիթ, ասենք, 2016-ին։ Մեր ռեակցիա՞ն, ի՞նչ պետք է մենք անենք»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, որ պահանջատիրական և ռազմական հանցագործությունների մասին թեզեր կան երկու երկրներում էլ, և դրանց անընդհատ բարձրաձայնումը փակուղային է: Ըստ նրա՝ քաղաքական և մեդիա շրջանակները հաճախ միտումնավոր են կեղծիք տարածում, ինչը թույլ չի տալիս հասարակությանը սթափ գնահատել իրավիճակը և դուրս գալ մշտական առճակատման տրամաբանությունից։
«Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, որ այդ հուշարձանը որոշակի չափանիշներով ու կատեգորիաներով է անցնում։ Կարող է պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում ձեր նշած պատմամշակութային հուշարձաններից կան։ Համաձայն չեմ, որ այդպես է, որովհետև մի բանի մասին խոսելիս պետք է խոսել ամբողջական։ Այն, ինչ արձանագրված է որպես պատմամշակութային հուշարձան, դա պատմամշակութային հուշարձան է։ Արծվաշենցիները գնալու են, ապրեն ու ասեն՝ լավ, դե ոչինչ, պատմամշակութային հուշարձա՞ն է»,- նշել է Փաշինյանը։











