Գլխավոր Լրահոս

20 միլիոն դոլա՞ր, թե՞ միլիոն դրամ․ որքա՞ն կենսաթոշակ էին ստանում ԼՂ պաշտոնաթող նախագահները

20 միլիոն դոլա՞ր, թե՞ միլիոն դրամ․ որքա՞ն կենսաթոշակ էին ստանում ԼՂ պաշտոնաթող նախագահները

Սոցցանցերում վերջին օրերին տարածվում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի՝ տարիներ առաջ տեղի ունեցած նիստից կարճ տեսանյութ, որում պնդում է արվում, թե ԼՂ պաշտոնաթող նախագահներին տրամադրվում է տարեկան 20 միլիոն դոլար թոշակ։

Հունվարի 22-ին «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Նոյան Տապան» լրատվականի եթերում ևս հնչեցրել է նույն թիվը՝ նշելով, որ այդ գումարը կազմել է Արցախի բյուջեի շուրջ 10 տոկոսը։

#CivilNetCheck-ը գնացել է պնդման հետքերով։

Դոլա՞ր, թե՞ դրամ. ինչ է նկատի ունեցել պատգամավորը

Քննարկվող տեսանյութը 2020-ի դեկտեմբերի 30-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի նիստից է, որի ընթացքում անցկացվում էր ԼՂ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը։ Հարց տվողը «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն էր։ Թեկնածուներից մեկին ուղղված հարցի շրջանակում Պետրոսյանը հնչեցրել է 20 միլիոն դոլարի մասին պնդումը։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Մարսել Պետրոսյանը նշեց, որ վրիպակ թույլ չի տվել՝ ընդգծելով, որ խոսքը դոլարի մասին է և վերաբերում է բոլոր պաշտոնաթող նախագահների տարեկան կենսաթոշակների հանրագումարին։

Ի՞նչ էր սահմանում ԼՂ օրենքը 

ԼՂՀ օրենսդրությամբ պաշտոնաթող նախագահների համար Լեռնային Ղարաբաղի օրենքով սահմանված էին սոցիալական երաշխիքներ: 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝ պաշտոնաթող նախագահին նշանակվում է հատուկ կենսաթոշակ՝ գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Էկրանապատկերը՝ arlexis.nk.am-ի արխիվացված տարբերակից

2020-ին նախագահի համախառն աշխատավարձը կազմում էր շուրջ 1 մլն դրամ՝ հաշվարկված 63,300 դրամ բազային աշխատավարձի և 16 գործակցի հիման վրա։ Ըստ այդմ՝ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը պետք է կազմեր այդ գումարի 70 տոկոսը՝ ամսական շուրջ 709,000դրամ։

Հատկանշական է, որ ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի բյուջեից կենսաթոշակ չի ստացել։ Այս մասին դեռևս 2022-ին գրել է Radar Armenia կայքը՝ հղում անելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը։ Ըստ նույն աղբյուրի՝ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ամսական ստացել են 761,600-ական դրամ կենսաթոշակ։

Այսինքն՝ յուրաքանչյուրը տարեկան ստացել է շուրջ 9,1 միլիոն դրամ, իսկ երկուսը միասին՝ մոտ 18,2 միլիոն դրամ։ Կենսաթոշակից բացի, նախկին նախագահներին օրենքով տրամադրվում էր կահավորված գրասենյակ, ավտոտրանսպորտ, պետական ամառանոց և անձնական պահպանություն։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում ևս նշեց, որ 20 միլիոն դոլարի մասին պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Ըստ Խանումյանի՝ այդ գումարը կկազմեր Արցախի այն ժամանակվա բյուջեի (շուրջ 230 մլն դոլար) մոտ 9 տոկոսը, ինչն անհնար է։

ԼՂՀ պետական բյուջեում առանձին տողով ներկայացված չի եղել պաշտոնաթող նախագահներին հատկացվող գումարի չափը։ Հայկ Խանումյանը ևս նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի ստացել կենսաթոշակ Լեռնային Ղարաբաղի բյուջեից, այլ օգտվել է միայն Հայաստանի նախկին նախագահի արտոնություններից։

Այսպիսով, տարածվող տեղեկությունը, թե ԼՂՀ պաշտոնաթող նախագահները տարեկան 20 միլիոն դոլար կենսաթոշակ են ստացել, չի հաստատվում։

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում