Գլխավոր Լրահոս

ՔՊ-ի 2021թ. նախընտրական խոստումները. ենթակառուցվածքների իրական պատկերն ու ուշացումները

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

2021 թվականի նախընտրական ծրագրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում էր ներդնել մարզային կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական համակարգ՝ միասնական երթուղային ցանցով և հստակ չվացուցակներով, սակայն հինգ տարի անց այդ համակարգն ամբողջությամբ գործում է միայն մի քանի մարզում։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է, թե հինգ տարի անց ինչ փուլում են 2021-ի նախընտրական ծրագրով նախատեսված ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր՝ էներգետիկայից և տրանսպորտից մինչև ջրամբարաշինություն։

Էներգետիկա. արևային էներգիայի թիրախների գերազանցում և շուկայի ազատականացում

2021-ի նախընտրական ծրագրով ՔՊ-ն խոստացել էր մինչև 2030թ. արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել 15%-ի, կառուցել 1000 ՄՎտ արևային և 500 ՄՎտ հողմային կայաններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2025թ. տարեվերջի դրությամբ արևային էներգետիկայի 2030-ի թիրախն արդեն իսկ գերազանցվել է։ Ընդհանուր արևային կայանների հզորությունը կազմել է 1100 ՄՎտ, ինչի մասին մայիսի 31-ին հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շահագործման մեջ են գտնվել 459 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 98 արդյունաբերական արևային կայաններ (ներառյալ 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանը) և 640 ՄՎտ հզորությամբ 50 059 ինքնավար էներգաարտադրողներ։

Ծրագրով նախատեսվում էր նաև, որ մինչև 2024-ի սկիզբը շահագործման կհանձնվի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը։ Սակայն կայանը մինչ օրս չի շահագործվում։ ՏԿԵՆ-ը չի պատասխանել #CivilNetCheck-ի հարցին, թե ինչու չի պահպանվել նախապես հայտարարված ժամկետը։

Ինչ վերաբերում է հողմակայաններին, ապա, ըստ ՏԿԵՆ-ի՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ դեռևս իրականացվում են չափումներ՝ առաջին արդյունաբերական հողմակայանի ներդրումային ծրագիրը մշակելու համար։

ՔՊ-ի խոստումների մեջ էր մտնում նաև էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացումը: Տրամադրած տվյալների համաձայն՝ ազատականացված շուկան գործում է 2022-ից, իսկ 2025-ի վերջի դրությամբ Հայաստանում սպառված էլեկտրաէներգիայի շուրջ 33,3%-ը վաճառվել է ազատականացված շուկայում՝ չկարգավորվող մրցակցային գներով։ Ազատ առևտրի մասնակիցների թիվը կազմել է 663։

Մարզային ուղևորափոխադրումների կանոնավոր համակարգ

2021 թվականի ծրագրում ՔՊ-ն խոստանում էր ներդնել մարզային ուղևորափոխադրումների կանոնավոր և արդիական համակարգ, քարտեզագրել բոլոր երթուղիները, մշակել նոր չվացուցակներ և ապահովել բոլոր բնակավայրերի կապը մարզկենտրոնների, խոշոր բնակավայրերի, այնուհետև՝ մայրաքաղաքի և հարևան մարզերի հետ։

«Ստեղծվելու է հարթակ, որտեղից հնարավորություն է լինելու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում մեկնման ժամերի, սկզբնակետերի/վերջնակետերի, ուղեգծերի և այլնի մասին»,- նշված էր ծրագրում։ 

Ըստ ՏԿԵՆ-ի՝ տրանսպորտի միասնական երթուղային ցանցը ամբողջությամբ ներդրվել է միայն Կոտայքի, Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Արմավիրի (Վաղարշապատ) և Գեղարքունիքի (Գավառ) առանձին տարածաշրջաններում։ 

Գեղարքունիքի այլ շրջանների (Սևան, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս) և Արարատի մարզի համար օպերատորները ընտրվել են 2025-2026-ին և նոր տրանսպորտային միջոցները պետք է ներկայացվեն մինչև 2026- հոկտեմբերը։

«Իսկ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի մրցույթները հայտերի բացակայության պատճառով չեն կայացել, և նոր մրցույթներ են նախատեսվում 2026-ին»,- ասում են ՏԿԵՆ-ից։

Չվացուցակների և երթուղիների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության մասով ՏԿԵՆ-ը հայտնում է, որ գործարկվել է «Locator_Roads» բջջային հավելվածը, իսկ հաստատված ներմարզային և միջմարզային երթուղիների չվացուցակները հրապարակված են նախարարության կայքում։ Սակայն նախարարության տրամադրած տվյալներից երևում է, որ միասնական երթուղային ցանցը դեռևս ամբողջությամբ ներդրված չէ հանրապետության բոլոր մարզերում, հետևաբար ծրագրով նախատեսված՝ բոլոր բնակավայրերն ընդգրկող համակարգը դեռ ամբողջությամբ չի գործում։

Ջրամբարաշինություն. Վեդին՝ ջրալցման փուլում, մյուսները՝ նախագծման կամ խզման գործընթացներում

2021-ի ծրագրում ՔՊ-ն խոստանում էր նախագծել և կառուցել 500 մլն խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ ջրամբարներ։ Ծրագրով նախատեսվում էր նաև մինչև 2022-ն ավարտել Վեդու ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցումը։

Կառավարության խոստացած 500 մլն խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ ջրամբարների կառուցման ծրագիրը  սահմանած վերջնաժամկետներում չի իրականացվել:

Լուսանկարը Վեդու ջրամբարից
Լուսանկարը Վեդու ջրամբարից

Ըստ պատասխանի՝ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեին մինչև 2022-ը, միայն այժմ է գտնվում ջրալցման աշխատանքների փուլում (նշում են՝ հիմնական աշխատանքներն ու ներտնտեսային ցանցն ավարտվել են)։ Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ պայմանագիրը տեխնիկական խնդիրների պատճառով խզվել է, և այժմ քննարկվում է նոր կապալառուի ընտրության գործընթացը։ 

«Արգիճի ջրամբարի նախագծման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են տարածքում առկա մասնավոր ՀԷԿ-ի պատճառով, ինչը թույլ չի տալիս հետազոտություններ իրականացնել»,- նշված է պատասխանում։ 

Տեղեկացնում են, որ Աստղաձորի, Քասախի, Արթիկի և Ելփինի ջրամբարների ներդրումային ծրագրերը հաստատվել են Հանրային ներդրումային կոմիտեի կողմից 2025-ի հոկտեմբերին, սակայն դրանց մի մասը դեռ փորձաքննության փուլում է։ Իսկ Խնձորեսկ, Խնձորուտ, Վերնաշեն, Խաչիկ, Սելավ-Մաստարա, Հախում-2 և Կողբ ջրամբարների մասով միայն առաջիկայում նախատեսվում է մեկնարկել իրագործելիության ուսումնասիրությունները՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ։ 

Հեր-Հերի ջրամբարի ինքնահոս համակարգի նախագծի մասով նախարարությունը հայտնում է, որ այն ուղեգծի փոփոխության և նոր նախագծային լուծումների կարիք ունի, իսկ ծրագրի ներդրումային փաթեթն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն։

Այսպիսով, 2021 թվականի նախընտրական ծրագրում ամրագրված ենթակառուցվածքային նախաձեռնությունների կատարման պատկերը միանշանակ չէ։ Արևային էներգետիկայի ոլորտում սահմանված թիրախները գերազանցվել են, իսկ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մեկնարկել է։ 

Միաժամանակ, մարզային միասնական տրանսպորտային ցանցը դեռ ամբողջությամբ չի ներդրվել հանրապետության բոլոր մարզերում, իսկ խոստացված ջրամբարաշինական ծրագրերի զգալի մասը շարունակում է մնալ կառուցման, նախագծման կամ նախապատրաստական փուլերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում