Օդանավակայանում վարժանքների մասին ծանուցելը ֆիզիկապես անհնար է. Պապիկյան

Օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասին ծանուցում անելը ֆիզիկապես անհնար է. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ծանուցման համար կարգ կա»,- ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ Պապիկյանը չի բացառել, որ Ռուսաստանից կամ որևէ այլ երկրից Հայաստան ժամանած զինապարտներին կարող են վարժական հավաքների ծանուցագրեր ուղարկվել։
«Ֆրանսիայից, Ամերիկայից ժամանածներին ևս կարող են ծանուցագրեր ուղարկել»,- ասել է նախարարը։
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանից Հայաստան ժամանող տղամարդկանց օդանավակայաններում ռազմական ոստիկանները վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր են տալիս։
Պաշտպանության նախարարն օդանավակայաններում ռազմական ոստիկանության ներկայությունը բացատրել է հնարավոր «օպերատիվ տեղեկությունների հիմքով»։
«Կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակում, այդ թվում հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- ասել է նախարարը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հունիսի 3-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Ռուսաստանից «ընտրակաշառքով Հայաստան ժամանած» բոլոր անձինք կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին:
Չախոյանը նշել էր, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խուսափել վարժական հավաքներից, կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկություններին, թե 100 հազար ՀՀ քաղաքացի է Ռուսաստանից գալու Հայաստան՝ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իշխանական Civic լրատվականին ասել է․ «Շատ լավ կլինի, որ այդ 100,000 մարդուց 30-40,000 մնա էստեղ, կուղարկենք վարժական հավաքների։ Մի երկու ամիս վարժական հավաքների կմասնակցեն, հետո կվերադառնան Կալուգա»:
Կալուգան Ռուսաստանի այն քաղաքն է, որտեղից իր բիզնես գործունեությունն է սկսել Սամվել Կարապետյանը, որի քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցն է համարվում։ Իշխող կուսակցության պաշտոնյաները Սամվել Կարապետյանին իրենց սոցցանցային եթերներում անվանում են «կալուգացի»։











