Թուրքիայից փող, Մոսկվայից աջակցություն․ երկու կեղծ տեսանյութերի պատմություն

Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ պնդում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10 մլն դոլար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։
«Գումարը կփոխանցվի «Իմ քայլը» հիմնադրամին, որը գլխավորում է Աննա Հակոբյանը։ Պատմական հակառակորդից ուղղակի ֆինանսավորումը վարչապետի ընտանիքին հիմնադրամի միջոցով՝ աննախադեպ է»,-նշվում է տեսանյութում։
Զուգահեռաբար տարածվում է մեկ այլ տեսանյութ, որն արդեն վերաբերում է ընդդիմադիր դաշտին։ Դրանում պնդվում է, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ու «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից լրացուցիչ աջակցություն են խնդրել առաջիկա ընտրությունների համար։
«Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից լրացուցիչ աջակցություն են խնդրել ընտրությունների համար՝ դրա դիմաց խոստանալով Հայաստանի ռազմական տեխնիկայի մեծ մասը»,-նշվում է մեկ այլ տեսանյութում։
Էրդողանը 10 միլիոն դոլար փոխանցե՞լ է «Իմ քայլը» հիմնադրամին
Թուրքիայի նախագահի կողմից իբր փոխանցված աջակցության մասին տեսանյութը մայիսի 28-ին գրեթե միաժամանակ հրապարակել են «Ազնիվ մարդիկ» և «Տեղեկատու», որոնք ունեն համապատասխանաբար շուրջ 137 հազար և 118 հազար հետևորդ։ Այնուհետև այն տարածվել է նաև « GlobalHye Information Services» և Diaspora Armenians էջերով։ Հոլովակը հետագայում հայտնվել է նաև Instagram-ում, TikTok-ում և YouTube-ում։
Տեսանյութի մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր Աննա Հակոբյանի հասցեին վիրավորական ու ատելության խոսք պարունակող արտահայտություններ են օգտագործել՝ նրան անվանելով «թուրք», «դավաճան», «ծախված» և այլն։

«Իմ քայլը» հիմնադրամից հերքեցին տեսանյութում ներկայացված պնդումը։
«Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութում ներկայացված պնդումը, թե Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանը 10 միլիոն դոլար է փոխանցում «Իմ քայլը» հիմնադրամին, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամի ֆինանսական գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նվիրատվությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով»,- գրավոր պատասխանում նշում են հիմնադրամից։
Ովքե՞ր են տարածում հակաիշխանական թեզը
Տեսանյութը տարածած ֆեյսբուքյան էջերի վերաբերյալ Meta-ի գովազդային գրադարանի տվյալները մի շարք ընդհանրություններ են ցույց տալիս։ «Ազնիվ մարդիկ» և «Տեղեկատու» էջերը ստեղծվել են գրեթե նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար 2021 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին։
Դրանք հաճախ հրապարակում են նույնաբովանդակ նյութեր, որոնք մի շարք դեպքերում տեղադրվում են գրեթե միաժամանակ։ Երկու էջերում էլ գովազդներ սկսել են միանալ գրեթե նույն ժամանակահատվածում՝ 2021-ի նոյեմբերին։


Սկզբնական շրջանում լսարան հավաքելու համար էջերը հիմնականում տարածել են կրոնական, ժամանցային և հայրենասիրական բովանդակություն։ Հետագայում, սակայն, անցել են քաղաքական թեմաների՝ ակտիվորեն լուսաբանելով նախ 2024-ին մեկնարկած «Սրբազան շարժումը», ապա «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների նախընտրական արշավները։
Հատկանշական է, որ Թուրքիայից իբր ստացվող ֆինանսավորման մասին նմանատիպ պնդումները նոր չեն։ 2026-ի սկզբին տարածվել էր տեղեկություն, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում, թե Էրդողանը 10 մլն դոլար է հատկացրել Հայաստանում զոհված զինվորների ընտանիքներին։ Այդ պնդումը պաշտոնապես հերքել էր Թուրքիայի նախագահականի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։
Bazı basın yayın organlarında ve sosyal medya mecralarında yer alan; ''Cumhurbaşkanımız Sayın Recep Tayyip Erdoğan'ın Ermenistan'da ölen askerlerin ailelerine ve toplumun yardıma muhtaç kesimlerine 10 milyon dolar maddi yardım yapılacağını'' içeren bir kararname imzaladığına… pic.twitter.com/nTUX1k6QxW
— Dezenformasyonla Mücadele Merkezi (@dmmiletisim) January 27, 2026
Ավելի վաղ՝ 2025-ին, ռուսական տելեգրամյան ալիքներում տարածվել էր մեկ այլ կեղծ տեղեկություն, թե «Իմ քայլը» հիմնադրամը 1.5 մլն դոլար է ստացել ադրբեջանական SOCAR ընկերությունից։ Այդ տեղեկությունը ևս հերքվել էր հիմնադրամի կողմից։
Ընդդիմությունը Մոսկվայից աջակցություն է խնդրել՝ զենքի դիմա՞ց
Տարածվող մյուս տեսանյութում արդեն թիրախավորվում են ընդդիմադիր գործիչները։
«Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից լրացուցիչ աջակցություն են խնդրել ընտրությունների համար՝ դրա դիմաց խոստանալով Հայաստանի ռազմական տեխնիկայի մեծ մասը»,- նշվում է տեսանյութում։
#Civilnetcheck-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը պնդեց, որ տեսանյութում ներկայացված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա հիշեցրեց, որ նախկինում ևս տարածվել էր նույնաբովանդակ տեսանյութ, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է հայ զինվորներ ուղարկել Ուկրաինա։ Այդ պնդումը ևս հերքվել էր Սամվել Կարապետյանի կողմից։
«Յութուբով միացված են տարբեր տեսանյութեր, որոնք որակում ենք ապատեղեկատվություն և անհեթեթություն։ Այդ տեսանյութերը ուղղորդվում են մեկ կենտրոնից՝ իշխանության հայտնի ՊՈԱԿ-ներից, և ես պնդում եմ, որ դրանք պատվիրված են, ուղղորդված և հստակ նպատակ են հետապնդում՝ մոլորության մեջ գցել մեր ընտրողներին։ Այս խելացնորությունները մեկնաբանման ենթակա չեն»,- ասաց նա։
Նշենք, որ տեսանյութը տարածվում է նաև վճարովի գովազդի միջոցով։ Այն ակտիվորեն ցուցադրվում է Google-ի գովազդային ցանցում, այդ թվում՝ YouTube-ում, ինչպես նաև ֆեյսբուքյան նորաստեղծ «Hayreniqi apagan» էջով։
«Hayreniqi apagan» էջը ստեղծվել է 2026-ի մայիսի 6-ին և, բացի այս տեսանյութից, այլ հրապարակումներ չունի։ Meta-ի տվյալներով՝ հունիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում էջը տեսանյութի գովազդման համար ծախսել է շուրջ 1100 դոլար։

Այսպիսով, նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում տարածվում են փոխադարձաբար իշխանությանը և ընդդիմությանը թիրախավորող տեսանյութեր։ Մի դեպքում վերաթարմացվում են նախկինում շրջանառված պնդումները, մյուս դեպքում նորաստեղծ էջերի և վճարովի գովազդների միջոցով տարածվում են նոր մեղադրանքներ։ Երկու տեսանյութերում ներկայացված պնդումները փաստական հիմքեր չունեն։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










