Գնդակն իշխանության դաշտում է․ «Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ

«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին կեսօրից հետո դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ արգելելու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
«Հանրապետություն» կուսակցության անդամներն իրենց այս քայլը պայմանավորում են որոշ երևույթների հետ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա։
«Մի քանի ամիս է Արամ Սարգսյանն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա և կարող են շեշտակի ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա։ Խոսքն արտաքին ազդեցության, ֆինանսական թափանցիկության մասին է։ Խոսակցություն կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին։ Այդ մարդիկ գալիս են պարտադրված ընտրություններին մասնակցելու, որոշ ուժերի սրտի թեկնածուին ընտրելու»,- այս մասին լրագրողներին ասել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Գրիգոր Առաքելյանը։
Առաքելյանի կարծիքով, գործող իշխանությունն այս հարցում անելիք է ունեցել, սակայն ոչինչ չի ձեռնարկել։
«Այս դիմումի նպատակը՝ գնդակը գործող իշխանությունների դաշտ փոխանցելն է»,- ասել է Առաքելյանը։
«Հանրապետություն» կուսակցության անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են դիմել Վարչական դատարան, եթե ԿԸՀ-ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն։
Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։
«Այսօր, կամ մինչև վաղն առավոտյան պետք է ԿԸՀ-ն որոշում կայացնի՝ մերժել դիմումը, կամ դիմել Վարչական դատարան։ Հաշվի առնելով, և ջանալով չզրկել մեզ դատարանի իրավունքից, պետք է առավել հրատապ քննի այս դիմումը, որպեսզի այն մերժելու դեպքում մենք 24 ժամ ժամանակ ունենանք Վարչական դատարան դիմելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը։
Եգորյանի խոսքով՝ իրավական հնարավորությունը կա, որպեսզի քաղաքական ուժը բողոքարկի ԿԸՀ որոշումը դատարանում։
«Հանրապետություն» կուսակցության անդամ Գրիգոր Առաքելյանն էլ նշել է, եթե ԿԸՀ-ն մերժի իրենց դիմումը, իրենք քաղաքական որոշում կկայացնեն՝ ԿԸՀ որոշման բողոքարկման նպատակահարմարության համար։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունն ընտրություններին արգելելու համար ԿԸՀ դիմելու առաջարկն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի ժամանակ։ Արամ Սարգսյանն ընդունել էր վարչապետի առաջարկը, սակայն բանավեճի ընթացքում մտքափոխվեց՝ հիմնավորելով, որ դա իր խնդիրը չէ։
«ՀՀ անկախությունը և խաղաղությունը վտանգված են, և սա իմ՝ ԿԸՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ»,- ասել է Սարգսյանը։
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Արամ Սարգսյանը քաղաքական ուժերից մինչ այժմ միակն է, որ հայտարարել է՝ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական դաշինք կազմել։ Նա նաև հայտարարել է, որ ինքը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Միջազգային հանրապետական ինստիտուտի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ մայիսին իրականացրած հարցումների համաձայն՝ Կարապետյանի և Քոչարյանի ուժերը համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Կազմակերպություն
Իրադարձություն











