Գլխավոր Լրահոս

Որ դեպքում ու ինչպես «Ուժեղ Հայաստանը» կարող է դուրս մնալ ընտրապայքարից

Որ դեպքում ու ինչպես «Ուժեղ Հայաստանը» կարող է դուրս մնալ ընտրապայքարից

Գևորգ Թոսունյան

«Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը։ Նման որոշման համար, սակայն, օրենքը սահմանում է հստակ հիմքեր, ժամկետներ և ընթացակարգեր, որոնցից մի մասի դեպքում որոշողը ոչ թե ԿԸՀ-ն, այլ դատարանն է։

ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու ընթացակարգը։ Ըստ այդմ՝ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունի միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը։ Այսինքն՝ «Հանրապետություն» կուսակցությունն իրավասու է նման դիմում ներկայացնել։

Համաձայն կարգավորումների՝ դիմումը պետք է ներկայացվի գրանցումն իրականացրած ընտրական հանձնաժողովին (ԱԺ ընտրությունների դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԿԸՀ)՝ ոչ ուշ, քան քվեարկության օրվանից երկու օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

Դրանից հետո ԿԸՀ-ն դիմումը քննարկում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկությանը նախորդող օրը՝ մինչև ժամը 12:00-ն։

Գրանցման անվավեր ճանաչում՝ ԿԸՀ-ի որոշման հիման վրա

Ընտրական օրենսգիրքը տարանջատում է այն դեպքերը, երբ ԿԸՀ-ն ինքնուրույն է կայացնում այդ որոշումը, և այն դեպքերը, երբ ԿԸՀ-ն պետք է դիմի դատարան։

Հանձնաժողովը ընտրական ցուցակի գրանցումն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։

Բացի այդ, ԿԸՀ-ն իր որոշմամբ գրանցումն ուժը կորցրած է ճանաչում օբյեկտիվ և իրավաբանական փաստերի հիման վրա, եթե՝ ներկայացվել է ինքնաբացարկի մասին դիմում, կուսակցությունը լուծարվել է կամ գործունեությունը կասեցվել կամ արգելվել է, ինչպես նաև կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից (օրինակ՝ անդամ կուսակցություններից մեկի դուրս գալու պատճառով)։

Գրանցման անվավեր ճանաչում՝ դատական ակտի հիման վրա

Եթե դիմումատու կուսակցությունը մրցակցի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը հիմնավորում է ընտրական խախտումներով (քարոզչական կամ ֆինանսական), ապա ԿԸՀ-ն իրավունք չունի ինքնուրույն չեղարկել ցուցակը։

ԿԸՀ-ն պարտավոր է դիմել դատարան, և գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչվել միայն դատարանի վճռով։

Դատարանը պետք է հիմնավորի, որ քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ «Ուժեղ Հայաստանը», թույլ է տվել քարոզչության կանոնների կոպիտ խախտում։

Օրենքով կոպիտ խախտում է համարվում այն դեպքը, երբ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը կրում է շարունակական բնույթ, կամ դրա հետևանքները հնարավոր չէ վերացնել, և այն կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

Այս դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե դատարանը հանգում է եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից։

Դատարանի համար մեկ այլ հիմք կարող է լինել նախընտրական քարոզչության համար թույլատրված ծախսերի և սահմանված տուգանքների գումարի տարբերությունը, եթե այն գերազանցում է նախընտրական հիմնադրամի առավելագույն թույլատրելի չափի 20 տոկոսը։

Այսպիսով, միայն քաղաքական հայտարարությունները կամ մրցակիցների մեղադրանքները բավարար չեն ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ Օրենքը պահանջում է կամ հստակ իրավական փաստեր, կամ դատարանի կողմից հաստատված խախտումներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում