Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ահազանգեր են ստացվում, որ մի շարք ընտրատեղամասերում անձինք ներկայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում օգտագործված խորհրդանիշներով։
Մասնավորապես, ըստ ահազանգերի, 35/7 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը կրել է քարտեզի պատկերով կրծքանշան, որը կուսակցության հիմնական սիմվոլներից էր։ Նույնը արձանագրվել է նաև 28/1 ընտրատեղամասում։ Ահազանգեր կան նաև ՔՊ սիմվոլներով շապիկ և գլխարկ կրելու վերաբերյալ։ անձ։
Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, զգուշացրել էր, որ մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելված է։ ԿԸՀ-ն նաև կոչ էր արել ուշադիր լինել հագուստի ընտրության հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ։
«Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ»,- նշված է ԿԸՀ հայտարարության մեջ։
Պաշտոնական պարզաբանում և փորձագիտական կարծիք
#CivilnetCheck-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը հաստատեց, որ նշված դեպքերն ըստ էության քարոզչական բնույթի խախտումներ են։
Նրա խոսքով՝ նման ահազանգերի դեպքում ԿԸՀ-ն կապ է հաստատում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։ Վերջինս պարտավոր է զգուշացնել խախտում թույլ տված անձին և պահանջել հեռացնել քարոզչական տարրը՝ կրծքանշանը, գլխարկը կամ այլ սիմվոլիկա։
Ղուկասյանը նշեց, որ եթե անձը հրաժարվում է կատարել հանձնաժողովի նախագահի օրինական պահանջը, նա կարող է ենթարկվել պատասխանատվության և հեռացվել ընտրատեղամասից։
«Հայկական խորհուրդ» կազմակերպության ասոցացված փորձագետ Տիգրան Մուղնեցյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ քարոզարշավի ընթացքում բաժանված սիմվոլիկայով ընտրատեղամաս ներկայանալը քարոզչության արգելքի խախտում է։
«Դա, ըստ էության, կուսակցական սիմվոլիկա է, քարոզչական նյութ։ Երբ զգուշացնում են, և չեն հանում, պետք է արձանագրություն կազմվի, ինչը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության»,- ասաց նա։
Այսպիսով, ահազանգերը, որ ՔՊ վստահված անձինք կամ համակիրները քարտեզի պատկերով կրծքանշաններով կամ քարոզչական գլխարկներով ներկայացել են ընտրատեղամասեր, վերաբերում են այնպիսի դեպքերի, որոնք թե՛ ԿԸՀ-ի, թե՛ անկախ փորձագետի գնահատմամբ կարող են որակվել որպես քարոզչության արգելքի խախտում։
Նման դեպքերում տեղամասային հանձնաժողովները պարտավոր են պահանջել անհապաղ վերացնել խախտումը, իսկ պահանջին չենթարկվելու դեպքում՝ կազմել համապատասխան արձանագրություն՝ վարչական պատասխանատվության հիմքով։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











