Գլխավոր Լրահոս

«Ընդդիմության քվեաթերթիկները կտրելու» տեսանյութը կեղծ է

«Ընդդիմության քվեաթերթիկները կտրելու» տեսանյութը կեղծ է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քվեախցիկում գտնվող անձը ծրարից հանում իբրև քվեարկված քվեաթերթիկները և մկրատով կտրում դրանց մի մասը։

Տեսանյութում նա հատկապես կտրում է 3 և 17 համարի քվեաթերթիկները, որոնք համապատասխանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և «Հայաստան» դաշինքին, իսկ պահում է 16 համարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը։

Տեսանյութում խոսող անձը հայերեն է խոսում, սակայն ոչ վարժ։

Մինչդեռ տեսանյութում երևացող ծրարը և քվեաթերթիկի վրա դրված դրոշմանիշը չեն համապատասխանում այս ընտրություններում կիրառվող նմուշներին։

Մասնավորապես, տեսանյութում երևացող ծրարը սպիտակ է, մինչդեռ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում կիրառվում են ծիրանագույն ծրարներ։

Լուսանկարում՝ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում օգտագործվող ծրարները
Լուսանկարում՝ 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում օգտագործվող ծրարները

Բացի այդ, քվեաթերթիկի վրա դրված դրոշմանիշը ևս չի համապատասխանում կիրառվող նմուշին․ տեսանյութում այն սև է, մինչդեռ այս ընտրություններում կիրառվող դրոշմանիշը մանուշակագույն է՝ սև գրությամբ։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի հետ։ Նա նշեց, որ տարածվող տեսանյութը կեղծ է, իսկ որևէ ընտրատեղամասից նման դեպքի վերաբերյալ ահազանգ չի ստացվել։

Ղուկասյանը նաև հաստատեց, որ տեսանյութում երևացող ընտրական ատրիբուտները չեն համապատասխանում այս ընտրություններում կիրառվող նմուշներին։

Ինչպե՞ս է տարածվել տեսանյութը

Հատկանշական է, որ տեսանյութը նախ տարածվել է X-ում՝ նախկին Twitter-ում, հիմնականում անգլալեզու բոտային օգտահաշիվների կողմից, որոնց հրապարակումները, ընդհանուր առմամբ, Հայաստանի թեմատիկայի հետ առնչություն չունեն։

Այնուհետև տեսանյութը տարածվել է նաև ֆեյսբուքյի հայկական տիրույթում՝ արդեն կեղծ օգտահաշիվների միջոցով։

Նմանատիպ տեսանյութեր՝ քվեաթերթիկների իբրև դիտավորյալ ոչնչացման մասին, նախկինում տարածվել էին նաև Մոլդովայի ընտրությունների ժամանակ։ Այդ դեպքում էլ իշխանություններին մեղադրում էին ընդդիմության քվեաթերթիկները ոչնչացնելու մեջ։

Նմանատիպ տեսանյութեր նույն պնդումներով տարածվել էին նաև Գերմանիայի 2025 թվականի ընտրությունների ժամանակ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում