Կեղծ մեջբերո՞ւմ Բայրամովից․ նման հայտարարություն չի գտնվում

Սոցցանցերի հայկական տիրույթուկ ակտիվ տարածվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին վերագրվող հայտարարություն, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը «Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակն է»։
Գրառումներին կից տարածվում է Բայրամովի լուսանկարը՝ ռուսերեն տեքստով, ըստ որի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է․ «Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակ»
Սակայն բաց աղբյուրներում Բայրամովի նման հայտարարություն չի հայտնաբերվում։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է ադրբեջաներեն, թուրքերեն, ռուսերեն և անգլերեն բաց աղբյուրները, սակայն Ջեյհուն Բայրամովի կողմից նման հայտարարություն չի հայտնաբերել։ Նման ձևակերպում չկա նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրություններում, Բայրամովի և Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի ու Facebook-ի պաշտոնական էջերում։
Բայրամովը հունիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա, որտեղ մասնակցել էր Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը և համատեղ մամուլի ասուլիսին։ Սակայն այդ ելույթներում և հայտարարություններում նա Փաշինյանի հաղթանակը «Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակ» ներկայացնող ձևակերպում չի արել։
Այս հրապարակման պահի դրությամբ ադրբեջանական պաշտոնական կողմը տարածվող պնդմանը չի արձագանքել։
Կասկածելի պատկերանշան և լեհերեն գրություններ
Տարածվող պատկերի վրա երևում են կասկածելի տարրեր։ Կադրի վերևի հատվածում կան լեհերեն գրություններ, իսկ ներքևում՝ «LIVE» նշումը՝ հեռուստացույց հիշեցնող պատկերանշանով։
Պատկերանշանի հակադարձ որոնումը, սակայն, չի ցույց տալիս նման տարբերանշանով գործող հեռուստաալիք։ Փոխարենը նույնատիպ պատկերանշաններ հանդիպում են վեկտորային գրաֆիկներ վաճառող կայքերում։

Այսպիսով, Ջեյհուն Բայրամովին վերագրվող հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես «Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակ», չի հաստատվում։
Տեղադրություն
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










