Բայրամովի խոսքում Ադրբեջանի վերահսկողության մասին պնդում չկա

Հայկական մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 15-ին հրապարակումներ տարածեցին՝ պնդելով, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը։
«Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը»,- գրել է Yerevan.today-ը։
Նման վերտառությամբ հրապարակումներ տարածել են Alphanews.am-ը, PARA TV-ն, Kentron TV-ն, ishkhanutyun.am-ը, asekose.am-ը, lurer.com-ը, mamul.am-ը , Armday.am-ը, ZTV-ին, BlogNews.am-ը, ինչպես նաև սոցիալական ցանցերի մի շարք էջեր։
Yerevan.today-ի հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նաև «Լուսավոր Հայաստանի» նախկին անդամ Արմեն Եղիազարյանը՝ գրելով․ «Բա իմացաք՝ ինչ եղավ, այս իշխանության հերթական փուչիկը պայթեց։ Բայրամովը այսօր հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը»։

Ըստ լրատվամիջոցների՝ Բայրամովն այս հայտարարությունն արել է սեպտեմբերի 15-ին՝ Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման օրը։ Սակայն Բայրամովի՝ նույն օրվա հայտարարության մեջ չկա պնդում, թե TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կամ դրա մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը։
Բայրամովը խոսել է մուտքի ու ելքի մասին, բայց ոչ վերահսկողության
Բայրամովի և Ֆիդանի համատեղ մամուլի ասուլիսի ամբողջական տեսագրությունը հասանելի է։ Դրանում երևում է, որ համապատասխան հայտարարությունը Բայրամովն արել է լրագրողի հարցին պատասխանելիս։ Հարցը վերաբերում էր Կարս–Դիլուջու երկաթուղուն, Նախիջևանում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին և լրագրողի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես միասնական տրանսպորտային ցանցի գործունեությանը։
Պատասխանելով հարցին՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող ավտոճանապարհի աշխատանքներն ավարտված են մոտ 95 տոկոսով, իսկ երկաթուղու աշխատանքները՝ մոտ 75 տոկոսով։ Այնուհետև նա անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող մոտ 42 կմ հատվածին՝ նշելով, որ այն TRIPP ծրագրի մաս է, իսկ դրա շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։
«TRIPP-ի վերաբերյալ բանակցություններ են ընթանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն ամերիկացի գործընկերները մեզ պարբերաբար տեղեկացնում են աշխատանքների ընթացքի մասին։ Կրկնեմ՝ խոսքը Հայաստանի տարածքում գտնվող հաղորդակցությունների մասին է, սակայն դրա մուտքն ու ելքը Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանի սահմանը և միայն այդ ձևով է այդ ճանապարհը՝ միջանցքը գործելու»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներն էլ չեն հաղորդել Բայրամովի նման հայտարարության մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագրում ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է իր տարածքում գտնվող TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։ Բացի այդ, համաձայնագրով սահմանային վերահսկողության, սահմանային անվտանգության, ինչպես նաև մաքսային և միգրացիոն վերահսկողության պատասխանատվությունը շարունակում է կրել Հայաստանը։

Այսպիսով, Բայրամովը խոսել է երթուղու մուտքի և ելքի կետերի աշխարհագրական տեղակայման մասին, սակայն չի հայտարարել, որ ճանապարհի մուտքն ու ելքը կամ Հայաստանի տարածքով անցնող հատվածը վերահսկելու է Ադրբեջանը։
Տեղադրություն
Նելլի Լազարյան
CivilNetCheck










