Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մայիսի 25-ին «Հայելի» ակումբի հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջում է արտահանձնել Բաքվում բանտարկված Արցախի նախկին պետական նախարար և բարերար Ռուբեն Վարդանյանին։
«Ադրբեջանական մամուլն այս օրերին հետևողականորեն տարածում է տեղեկատվություն, որ Զելենսկու պահանջով Ռուբեն Վարդանյանը հանձնվելու է Ուկրաինային»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ հավելելով, թե միջազգային գործընկերներից տեղեկություններ ունի, որ Բաքվի դատարանն առաջիկայում վերաքննիչ բողոքներ է քննելու որոշ ռազմագերիների վերաբերյալ։
Զոհրաբյանի այս հայտարարությունը տարածել են նաև լրատվական այլ կայքեր։
Ինչ լրատվամիջոցների է հղում անում Զոհրաբյանը
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրեց վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցների՝ ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն հրապարակումները, սակայն նման բովանդակությամբ տեղեկություն չգտավ։ Նման հրապարակում չեն արել նաև ուկրաինական լրատվամիջոցները։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ։ Նա պնդեց, որ իր հայտնած տեղեկության հիմքում ադրբեջանական մամուլի հրապարակումներն են, սակայն որևէ կոնկրետ լրատվամիջոցի անուն կամ հղում չնշեց։ Դատավարությունների վերաբերյալ հայտարարության դեպքում Զոհրաբյանը որպես աղբյուր նշեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին։
Իրավական հիմքերի բացակայությունը և մասնագիտական տեսակետը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային հանձնելու մասին որևէ պաշտոնական պահանջ, հարցում կամ հայտարարություն չկա։ Բացի այդ, Վարդանյանը երբևէ չի հայտարարվել Կիևի կողմից միջազգային հետախուզման մեջ․ նա ներառված է միայն Ուկրաինայի նախագահի №726/2022 հրամանագրով հաստատված անհատական պատժամիջոցների ցուցակում։
Միջազգային իրավունքի մասնագետ, ադրբեջանական բանտերում գտնվող հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում ևս հերքեց արտահանձնման մասին լուրերը։
«Չկա որևէ ստուգված պաշտոնական տեղեկություն արտահանձնման վերաբերյալ։ Արտահանձնումը քրեական արդարադատության ոլորտի գործիք է, որը կարգավորված է միջազգային կոնվենցիաներով, ունի կոնկրետ հիմքեր, և պահանջող ու ստացող երկրները պետք է միջազգային պարտավորություններին համահունչ գործողություններ ձեռնարկեն։ Եթե արտահանձնման նման խնդրանք լիներ, պաշտոնական աղբյուրները դրա մասին պետք է գրեին ու խոսեին։ Մենք նման պաշտոնական տեղեկություն չունենք»,- ասաց նա։
Իրավապաշտպանը նաև հավելեց, որ եթե նման հարց իսկապես գոյություն ունենար, և Ռուբեն Վարդանյանը պարտադրաբար ներգրավված լիներ այդ գործընթացներում, ապա նա այդ մասին անպայման կտեղեկացներ ընտանիքի անդամներին, իսկ ընտանիքն էլ տեղեկությունը կհրապարակայնացներ։
Անդրադառնալով Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում Բաքվում գերիների գործերով վերաքննիչ բողոքներ են քննվելու, Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց, որ խոսքը Ռուբեն Վարդանյանի գործի մասին չէ։ Ըստ նրա՝ մայիսի 26-ին Ադրբեջանի վերաքննիչ ատյանում նախատեսված նիստերը վերաբերում են 15 հայ գերիների գործին, ինչի մասին իրավապաշտպանները պաշտոնապես իրազեկել են։
«Այս գործընթացը որևէ կերպ չի կարող առնչվել Ռուբեն Վարդանյանին։ Ռազմական տրիբունալի դատավճռի հրապարակումից անմիջապես հետո պարոն Վարդանյանը հայտնել է, որ չի պատրաստվում բողոքարկել այդ դատավճիռը։ Նա պատճառաբանել է, որ Ադրբեջանում բոլոր գործընթացները կեղծ են, բեմականացված, և հայերը զրկված են տարրական դատավարական երաշխիքներից, ուստի ինքը ցանկություն չունի դառնալ այդ բեմականացման մասը»,- ասաց նա։
Ո՞րն է ադրբեջանական մեդիաարշավի իրական շարժառիթը
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից առաջ հայկական «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով ադրբեջանական Ayna.az կայքին, հրապարակել էր նյութ՝ «Ռուբեն Վարդանյանը կարտահանձնվի՞ Ուկրաինային» վերնագրով։
Ayna.az-ը Վարդանյանին ներկայացրել էր որպես «Պուտինի քսակ» և փորձել նրան կապել Դոնբասում սեպարատիզմի ֆինանսավորման հետ՝ նշելով, որ նա ընդգրկված է ուկրաինական «Միրոտվորեց» բազայում և գտնվում է Կիևի պատժամիջոցների տակ։
Ադրբեջանական մամուլում այս թեմայի ակտիվացման իրական հիմքը, սակայն, 2026-ի մայիսին Ռուբեն Վարդանյանի թեկնածության պաշտոնական առաջադրումն էր Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի համար։ Նրա թեկնածությունն առաջադրել էր միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպանների և մարդասիրական առաջնորդների խումբը։
Այս առաջադրումը կտրուկ վրդովեցրել է Բաքվին․
Մայիսի 18-ին Minval.az-ը հրապարակել է հոդված՝ «Հարված Ուկրաինայի մեջքին. եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են մրցանակ շնորհել օկուպացիայի հովանավորին» վերնագրով։ Հոդվածում պնդվում էր, թե Ուկրաինան դեռ 2023-ին Վարդանյանին հետախուզման մեջ է հայտարարել, ներառել պատժամիջոցների ցուցակներում և պահանջել նրա կալանավորումն ու հանձնումը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին։
Նույն գիծը շարունակել է նաև Caliber.az-ը՝ զրուցելով ուկրաինացի քաղաքագետ և տնտեսագետ Ալեքսանդր Օխրիմենկոյի հետ։ Վերջինս, հղում անելով Վարդանյանի՝ ուկրաինական «Միրոտվորեց» բազայում ընդգրկված լինելուն, նրա առաջադրումը եվրոպական մրցանակի համար անվանել էր «բացարձակապես աբսուրդային գաղափար»։
Այսպիսով, ադրբեջանական մեդիան, փորձելով վարկաբեկել Վարդանյանին միջազգային հանրության աչքում, սկսեց շահարկել նրա անունը ուկրաինական ոչ կառավարական «Միրոտվորեց» կայքի հին ձևակերպումների, ինչպես նաև Ուկրաինայի պատժամիջոցների համատեքստում։
Սակայն «Միրոտվորեց»-ը պետական մարմին չէ, այլ ոչ կառավարական նախագիծ, որը հրապարակում է այն անձանց ցուցակները, որոնք, ըստ կայքի հեղինակների, սպառնալիք են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ Այդ բազայում որևէ անձի ընդգրկվելը չունի պետական, իրավական կամ քրեադատավարական ուժ և չի կարող հիմք լինել արտահանձնման մասին պնդումների համար։
Այսպիսով, Զոհրաբյանի պնդումը, թե Ռուբեն Վարդանյանը Զելենսկու պահանջով հանձնվելու է Ուկրաինային, չի հաստատվում որևէ պաշտոնական աղբյուրով կամ ստուգված տեղեկությամբ։ Ադրբեջանական մեդիայում թեման շրջանառվում է ոչ թե իրավական գործընթացի, այլ Վարդանյանի միջազգային առաջադրման ֆոնին՝ նրան վարկաբեկելու նպատակով։ «Միրոտվորեց» բազայում ընդգրկված լինելը կամ Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում հայտնվելը արտահանձնման իրավական հիմք չեն։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











