Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի

Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի: Վարդանյանին այդ մրցանակին առաջադրել են աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությամն հարցերով զբաղվող հինգ ներկայացուցիչ։ 

Առաջադրող խմբի հայտարարության մեջ նշված է, որ առաջադրման հիմքում Վարդանյանի նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ 

«Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և երջանկահիշատակ  Վարդան Գրեգորյանի համահիմնադրած  «Ավրորա» մրցանակը հնարավորություն  է տվել շարունակել «Ավրորա»-ի դափնեկիրների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում:  Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել  շարունակել պաշտպանել դժվարին  իրավիճակներում հայտնված մարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ  հնարավորություն տալ նրանց:

Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության  պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես  բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։

Էությամբ ու հավատամքով  լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում։

«Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։ Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների  կրողն ու հետևորդն է:  Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է  այս մրցանակի ոգուն և  Վացլավ Հավելի սյզբունքներին:

Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից  շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում:

Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես  Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ  կարևոր քայլ կդառնա նրա  և  Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Առաջադրող խումբ՝

  • Վահան Զանոյան, գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու

  • Մարգարիտ Բարանկիցե, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր

  • Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր

  • Ջուլիեն Լուսենգե,  իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր

  • Միրզա Դինայի, իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր

Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին ապօրինաբար գերեվարել էր 2023-ի սեպտեմբերին Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանի նկատմամբ ներկայացրել են ավելի քան 40 շինծու մեղադրանք, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում