Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ընտրական կոմիտեն հաստատել է ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների պաշտոնական ցուցակները։ Այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել է ՀՖՖ-ն։
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը և Դենիս Ջորկաեֆը։ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, Ջորկաեֆինը՝ «Սյունիքը»։
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրվել է 29 թեկնածու։ Թեկնածուներից յուրաքանչյուրին առաջադրել է ՀՖՖ մեկ անդամ կազմակերպություն, բացառությամբ Վահագն Ալավերդյանի, որի թեկնածությունն առաջադրել են «Բենտոնիտ» և «Աչաջուր» ֆուտբոլային ակումբները։
ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ բոլոր առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և ՀՖՖ կանոնադրության ու ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ստուգում։
ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 26-ին՝ ՀՖՖ ժողովի ընթացքում։
ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ՝ նոյեմբերի 4-ին ֆեդերացիայի արտահերթ ժողովում փոփոխություններ էին կատարվել ՀՖՖ կանոնադրության մեջ։ Մասնավորապես, հանվել էին նախագահի թեկնածուներին ներկայացվող հայերենի իմացության և Հայաստանում բնակության պահանջները։
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը ֆեդերացիան ղեկավարում է 2019 թվականից, այս անգամ չի առաջադրվել։
ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կընտրվեն ֆեդերացիայի նախագահն ու գործադիր կոմիտեի անդամները, կկայանա դեկտեմբերի 26-ին։












