Գլխավոր Լրահոս

«Սյունիք» ՖԱ-ն Դենիս Ջորկաեֆին առաջադրել է ՀՖՖ նախագահի թեկնածու

«Սյունիք» ՖԱ-ն Դենիս Ջորկաեֆին առաջադրել է ՀՖՖ նախագահի թեկնածու

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Նա դարձել է դեկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում առաջադրված երկրորդ թեկնածուն։

ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 26-ին։ Մյուս թեկնածուն Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է։ Առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն էր։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությունում նշվում է, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս հաշվի են առել նրա փորձը ֆուտբոլի կառավարման ոլորտում, միջազգային կապերը, ինչպես նաև Հայաստանում աշխատելու պատրաստակամությունը։

«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել»,- ասված է հայտարարությունում։

Նոյեմբերի 21-ին Ջորկաեֆը ֆեյսբուքյան իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ տեղափոխվում է Հայաստան՝ այստեղ ապրելու և աշխատելու նպատակով։

«Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել»,- գրել է նա։

Ջորկաեֆը նշել է, որ ունի հայկական ֆուտբոլի զարգացման 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնի առաջիկա օրերին։

Դենիս Ջորկաեֆը նախկինում աշխատել է որպես ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Նա նաև խորհրդատվական աշխատանք է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքում զբաղեցրել փոխքաղաքապետի պաշտոն։ Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Ավելի վաղ Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Ղազարյանը նաև մի շարք երկրպագուական շարժումների թեկնածուն է։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու նոր ժամկետով։

Ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ ՀՖՖ յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել նախագահի մեկ թեկնածու։ Առաջադրված թեկնածուների փաստաթղթերի համապատասխանությունը ստուգում է ՀՖՖ ընտրական կոմիտեն։


Ջորկաեֆի հնարավոր առաջադրման մասին տեղեկությունները շրջանառվում էին դեռևս ՀՖՖ կանոնադրության՝ նոյեմբերի 4-ի փոփոխություններից առաջ։ Այդ փոփոխություններով վերացվել են ֆեդերացիայի նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների՝ հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։

Փոփոխություններն ընդունվել էին 29 կողմ և 2 դեմ ձայներով։ Դրանց դեմ հանդես էին եկել նաև երկրպագուական շարժումները՝ հարց բարձրացնելով, թե ինչու են պահանջները վերացվում հենց նախագահական ընտրություններից առաջ։ Ֆեդրացիայի նախագահն էլ նշել էր, թե գործադիր կոմիտեի անդամների պահանջով են փոփոխություններն իրականացվում։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ֆեդերացիան ղեկավարում է 2019 թվականից։ Նա 2023-ի դեկտեմբերին վերընտրվել էր՝ ստանալով 20 ձայն։ Նրա մրցակից Արաս Օզբիլիսը ստացել էր երեք ձայն։ Վերջին երկու տարիներին երկրպագուական շարժումները պարբերաբար պահանջել են Մելիքբեկյանի հրաժարականը՝ դժգոհելով Հայաստանի հավաքականի արդյունքներից և ֆեդերացիայի կառավարումից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում