Գլխավոր Լրահոս

ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պահանջը վերացվել է

ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պահանջը վերացվել է

Սիրանուշ Ադամյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով։

Ժողովին մասնակցել է ֆեդերացիայի 34 անդամներից 31-ը։ ՀՖՖ-ի ներկայացմամբ՝ արտահերթ ժողովը հրավիրվել էր 29 անդամների գրավոր պահանջով։

ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի երկրորդ կեսին։ Ընտրությունների հստակ օրը դեռ պետք է որոշի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն։

Փոփոխությունների հիմնավորման համաձայն՝ հայերենի իմացության և Հայաստանում մշտական բնակության պահանջները կարող էին սահմանափակել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող թեկնածուների առաջադրման հնարավորությունը։

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունները հնարավորություն կտան ընտրություն կատարել թեկնածուների ավելի լայն շրջանակից։ Միաժամանակ պահպանվել են Հայաստանի քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պահանջները։

Ժողովում փոփոխություններին առարկել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Համլետ Պետրոսյանը։ Նրա գնահատմամբ՝ ներկայացված հիմնավորումները բավարար չեն, իսկ հայերենի իմացության պահանջի վերացումը հակասում է ֆեդերացիայի գործունեության տրամաբանությանը։

Պետրոսյանը հիշեցրել է, որ ՀՖՖ կանոնադրությամբ ֆեդերացիայի պաշտոնական լեզուն հայերենն է։ Նա նաև նշել է, որ «Ուրարտուն» ներգրավված չի եղել փոփոխությունների մշակման գործընթացում և դրանց մասին տեղեկացել է միայն ժողովի օրակարգն ու փաստաթղթերը ստանալուց հետո։

Ակումբի ներկայացուցիչը փորձել է պարզել, թե կոնկրետ ովքեր են նախաձեռնել փոփոխությունները՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե առաջարկին միացած 29 անդամների, այլ սկզբնական նախաձեռնողների մասին է։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է, որ ֆեդերացիան նախաձեռնողը չէ, և առաջարկը ներկայացվել է 29 անդամի ստորագրությամբ։ Նրա խոսքով՝ կանոնադրական փոփոխություններ առաջարկելն ու հաստատելը ՀՖՖ անդամների իրավունքն է։

Ժողովում ընդունվել է նաև պաշտոնավարման ժամկետների հաշվարկի փոփոխություն։ Այսուհետ, եթե ՀՖՖ նախագահը կամ գործադիր կոմիտեի անդամը պաշտոնավարել է երկու տարուց պակաս, այդ ժամանակահատվածը չի հաշվարկվի որպես մեկ ամբողջական պաշտոնավարման ժամկետ։

ՀՖՖ նախագահի պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետը 4 տարի է, իսկ նույն անձը կարող է պաշտոնավարել առավելագույնը 3 ժամկետ։ Նախկին կարգով՝ եթե որևէ մեկը նախագահ դառնար և պաշտոնավարեր թեկուզ 6 ամիս, դա կհաշվարկվեր որպես մեկ ամբողջական ժամկետ։

Նոր կարգով՝ եթե պաշտոնավարել է 1 տարի և 6 ամիս, դա չի հաշվարկվի որպես մեկ ամբողջական ժամկետ։ Եթե պաշտոնավարել է ուղիղ 2 տարի կամ ավելի, կհաշվարկվի որպես մեկ ամբողջական ժամկետ։

FAF-ը դեմ է փոփոխություններին

Արտահերթ ժողովին ընդառաջ Հայկական առաջին ճակատ/First Armenian Front(FAF) երկրպագուական շարժումը բաց նամակով պահանջել էր պահպանել ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պարտադիր պայմանը։

Նրանց համոզմամբ՝ հայերենի իմացությունը ձևական պահանջ չէ։ Ֆեդերացիայի ղեկավարը պետք է կարողանա անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ։

Երկրպագուները նաև հարց էին բարձրացրել, թե ինչու են փոփոխություններն առաջարկվում հենց ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններից առաջ։ Նրանք պահանջել էին հրապարակել նախագծի հեղինակների անունները, հիմնավորումները և պարզաբանել, թե ում հետ են քննարկվել փոփոխությունները։

ՀՖՖ-ն հայտարարել էր, որ կանոնադրական փոփոխությունների նախաձեռնողը ֆեդերացիան չէ, այլ նրա անդամ կազմակերպությունները։

ՀՖՖ-ի արձագանքից հետո երկրպագուները կրկին հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով ֆեդերացիային իրենց հարցերից խուսափելու և որոշման պատասխանատվությունն անդամ կազմակերպությունների վրա դնելու մեջ։

«Մայրենի լեզվին տիրապետելը չի կարող շահարկման առարկա լինել՝ ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում»,- նշված էր հայտարարությունում։

Կանոնադրական փոփոխությունների ընդունմանը քննադատաբար է արձագանքել նաև ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը։

«Ֆեդերացիայի 29 անդամները, որոնք կողմ քվեարկեցին կանոնադրական փոփոխություններին, մեկը մյուսից խայտառակություն են»,- գրել է նա՝ պնդելով, որ ֆուտբոլը կրկին ստորադասվել է նեղ անձնական շահերին։

Աբելյանի գնահատմամբ՝ փոփոխություններից հետո էլ ֆեդերացիայի կառավարման տրամաբանությունը չի փոխվի, թեև հնարավոր է՝ փոխվեն ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում