Ընտրությունների արդյունքների շուրջ ահազանգերը․ որտեղ էին իրական սխալները, որտեղ՝ ոչ

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ էլեկտրոնային տվյալների հրապարակումից հետո քաղաքական ուժերը սկսեցին ահազանգել քվեների անհամապատասխանությունների մասին՝ ներկայացնելով առանձին տեղամասերից օրինակներ և քաղվածքներ։ Ժամանակի ընթացքում նման պնդումների թիվը աճեց։
«Քվեների հաշվարկի ընթացքում կայքում սկզբում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ այն փոխվում էր՝ ընդ որում՝ նվազում»,- գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ընտրատարածքային հանձնաժողովներ են ներկայացվել հարյուրավոր տեղամասերի արդյունքների վերահաշվարկի դիմումներ, որոնք վերաբերում են տարբեր քաղաքական ուժերի։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս ահազանգերը՝ հասկանալու, թե դրանցից որոնք են հիմնավոր, և ինչ բնույթի շեղումներ են արձանագրվել։
ԲՀԿ-ի «անհետացած» ձայները. տողաշարքի խախտումներ ԿԸՀ համակարգում
Նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել է 58,378 ձայն (3.99%): Ըստ կուսակցության` 4%-ի շեմին հասնելու համար պակասում է շուրջ 50-60 ձայն: Հունիսի 8-ին Իվետա Տոնոյանը հայտարարել է 4 ընտրատեղամասում ձայների կորստի մասին:
Նրա ներկայացմամբ՝ 27/7 տեղամասում ստացած 77 ձայնի փոխարեն կայքում նշվել է 1, 12/20-ում՝ 26-ի փոխարեն՝ դարձյալ 1, 27/26-ում՝ 19-ի փոխարեն՝ 3, իսկ 38/53 տեղամասում՝ 7-ի փոխարեն՝ 4։
Նախնական արդյունքների և հրապարակված քաղվածքների համադրությունը ցույց է տալիս, որ, օրինակ, Տավուշի մարզի 38/53 ընտրատեղամասում տեղի է ունեցել տվյալների մուտքագրման մեխանիկական շեղում՝ տողաշարքի խախտման հետևանքով։
Ցուցակի առաջին համարով ներկայացված «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, ըստ քաղվածքի, ստացել է 0 ձայն, սակայն կայքում գրանցվել է 3-ը։ Երրորդ համարով ներկայացված «Ուժեղ Հայաստանի» 136 ձայնը մուտքագրվել է հաջորդ՝ չորրորդ համարի դիմաց, իսկ դաշինքի տողում գրանցվել է 0։ ԲՀԿ-ն, ըստ քաղվածքի, ստացել է 7 քվե, մինչդեռ նրա անվան դիմաց լրացվել է «Միասնության թևերի» ստացած 4 քվեն։
Այս շղթայական սխալը շարունակվել է մինչև 10-րդ համարը, որից հետո տողերը համապատասխանեցվել են։ Արդյունքում՝ 16-րդ համարով ներկայացված ուժի (ՔՊ) 144 ձայնը թե՛ քաղվածքում, թե՛ կայքում նույնն է եղել։
Կոտայքի մարզի 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության և գրանցված տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ տվյալների մուտքագրման մեխանիկական շեղումը սկսվում է առաջին իսկ համարից։ Շղթայական սխալի հետևանքով՝ «Ուժեղ Հայաստանի» ստացած 135 ձայնը տրվել է նախորդող ուժին, իսկ դաշինքի տողում լրացվել է հաջորդող ուժի 10 ձայնը: Արդյունքում՝ ԲՀԿ-ի ստացած 77 ձայնն էլ մուտքագրվել է «Միասնության թևերի» դիմաց։ Այս դեպքում շեղումը շարունակվել է մինչև 14-րդ համարը, որից հետո տողերը համապատասխանեցվել են, և ՔՊ-ի ստացած 301 ձայնը կայքում արդեն ներմուծվել է ճիշտ։
Կոտայքի մարզի 27/26 ընտրատեղամասի արձանագրության և հրապարակված տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ տվյալները մուտքագրվել են ամբողջությամբ սխալ հաջորդականությամբ: «Ուժեղ Հայաստանի» 183 ձայնը գրանցվել է «Դեմ եմ բոլորին» ուժի անվան դիմաց: Այս շղթայական շեղման հետևանքով սխալ են մուտքագրվել նաև իշխող ուժի ձայները. ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն մուտքագրվել է «Հայաստան» դաշինքի ստացած 112 ձայնը:
Արարատի մարզի 12/20 տեղամասում տվյալների մուտքագրման շեղումը սկսվում է 5-րդ համարից. «Նոր ուժի» ստացած 3 ձայնի փոխարեն գրանցվել է հաջորդ ուժի՝ 11-ը, իսկ ԲՀԿ-ի ստացած 26 ձայնի փոխարեն մուտքագրվել է ընդամենը 1-ը։ Ավելի ներքևի տողերում սխալը ուղղվել է, և մնացած ուժերը ստացել են իրենց իրական քվեները․ այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» (103 ձայն) և ՔՊ-ի ստացած ձայները ճիշտ են մուտքագրվել (308 ձայն)։
Ավելի ուշ, հունիսի 10-ին Տոնոյանը տեղեկացրեց, որ վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ահազանգերը. իրական շեղումներ և չհաստատված պնդումներ
ԲՀԿ-ից հետո ընտրությունների արդյունքների հետ կապված խնդիրների մասին սկսեցին բարձրաձայնել այլ քաղաքական ուժեր։ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ահազանգեց մի շարք ընտրատեղամասերում արձանագրված շեղումների մասին՝ մատնանշելով ինչպես վերոնշյալ (38/53, 27/7, 27/26), այնպես էլ այլ ընտրատեղամասերում արձանագրված խնդիրների մասին:
Օրիկակ՝ ահազանգ էր հնչել, որ Երևանի 4/17 ընտրատեղամասում ՔՊ-ի ստացած 374 ձայնը ԿԸՀ-ի կայքում գրանցվել է 384 ձայն։ Տեղամասի քաղվածքի և նախնական արդյունքների համադրումից պարզվեց, որ ՔՊ-ի օգտին գրանցված ձայներն իսկապես ավելացվել են 10 քվեով, մյուս ուժերի մասով որևէ շեղում չկա։
Բացի այդ, «Ուժեղ Հայաստանը» խախտումների մասին ահազանգել է նաև 17/2, 24/11 և 31/2 տեղամասերի վերաբերյալ՝ պնդելով, թե դաշինքի ձայները պակաս են գրանցվել:
Սակայն դաշինքի ներկայացված տվյալները չեն համապատասխանում հրապարակված պաշտոնական քաղվածքներին։
Օրինակ՝ Արագածոտնի մարզի 17/2 ընտրատեղամասում դաշինքը պնդում է, թե ստացել է 212 ձայն, բայց գրանցվել է 181: Մինչդեռ, թե՛ քաղվածքում, թե’ մուտքագրված արդյունքներում նշված է նույնը՝ 181։ #CivilNetCheck-ը, սակայն, նկատեց, որ այստեղ առկա է այլ անճշտություն․ ՔՊ-ի ձայները քաղվածքում 637 են, մինչդեռ կայքում՝ 639։
Լոռու մարզի 24/11 ընտրատեղամասում դաշինքը պնդում է, թե իրենց ստացած 220 ձայնից գրանցվել է 138-ը: Սակայն և’ քաղվածքում, և’ հրապարակված տվյալներում նույն թիվն է՝ 138 ձայն:
Շիրակի մարզի 31/2 տեղամասում ևս դաշինքը պնդում է, որ 224 ձայնի փոխարեն գրանցվել է 208-ը: Մինչդեռ, թե՛ քաղվածքում, թե՛ գրանցված արդյունքներում առկա է նույնական 208 թիվը:
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, որ Վանաձորի 23/17 ընտրատեղամասում իրենց 105 ձայնի փոխարեն գրանցվել է ընդամենը 10-ը՝ հրապարակելով համապատասխան քաղվածքը։ Սակայն #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախնական արդյունքների համակարգում տվյալները մուտքագրվել են ճիշտ։
ՔՊ-ի վիճարկվող ձայները հաստատվում են պաշտոնական տվյալներով
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հրապարակել էր ցուցակ՝ պնդելով, թե մի շարք ընտրատեղամասում ՔՊ-ի ձայները սխալ են մուտքագրվել։ Օրինակ՝ նշել էր 26/7 ընտրատեղամասը, որտեղ ըստ Մելոյանի, ՔՊ-ն իրականում ստացել է 0 ձայն, սակայն համակարգում մուտքագրվել է 717 ձայն։Մելոյանի այս մեղադրանքին արձագանքել էր ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ 26/7 տեղամասի (գյուղ Մեղրաձոր) հանձնաժողովի արձանագրությամբ ՔՊ-ն 717 ձայն է ստացել։
Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԿԸՀ նախնական արդյունքների համակարգում մուտքագրված 717 ձայնը համընկնում է նաև ԿԸՀ կայքում հրապարակված քաղվածքի տվյալների հետ։
Նմանատիպ պնդում էր արվել նաև 16/22 ընտրատեղամասի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ՔՊ-ն այնտեղ ստացել է 0 ձայն, սակայն գրանցվել է 570-ը։ Սակայն ԿԸՀ կայքում հրապարակված քաղվածքում ևս ՔՊ-ի արդյունքը 570 ձայն է։
Մելոյանի հրապարակած ցանկում ներառված մյուս ընտրատեղամասերի վերաբերյալ պնդումները #CivilNetCheck-ը կստուգի առանձին հրապարակմամբ։
«Լուսավոր Հայաստանի» անհետացած ձայները. Ինչպե՞ս են ԼՀԿ-ի քվեները պակասեցվել կամ վերածվել զրոների
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) ընտրություններում նախնական արդյունքներով ստացել է 7258 քվե (0,5%-ը)։ Հունիսի 9-ին կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսանյութով ներկայացրեց մի շարք ընտրատեղամասեր, որտեղ, ըստ նրա, ԼՀԿ-ի ձայները սխալ են գրանցվել։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԿԸՀ-ի հրապարակած քաղվածքներում ԼՀԿ-ի արդյունքները չեն համապատասխանում մուտքագրված տվյալներին։ Գեղարքունիքի մարզի 8 ընտրատեղամասում ԼՀԿ-ի ստացած ձայները մուտքագրվել է զրո։ Մասնավորապես, կուսակցությունը 21/02 տեղամասում ստացել էր երկու ձայն, 21/14-ում՝ մեկ, 21/15-ում՝ մեկ, 21/17-ում՝ վեց, 21/24-ում՝ մեկ, 21/29-ում՝ երեք, 21/32-ում՝ չորս, իսկ 21/33-ում՝ երեք ձայն։
Հունիսի 10-ին Էդմոն Մարուքյանը ներկայացրեց նաև այլ ընտրատեղամասերում արձանագրված սխալներ։ Ըստ այդ տվյալների՝ ԼՀԿ-ի ձայները սխալ են մուտքագրվել Երևանի 7 և Շիրակի, Սյունիքի ու Տավուշի մարզերի՝ 2-ական ընտրատեղամասում։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երևանի 1/1, 1/9, 1/10, 1/11, 1/13, 1/16, 1/18, Շիրակի մարզի 31/32, 31/34, Սյունիքի 34/25, 35/19, ինչպես նաև Տավուշի 38/28 և 38/41 ընտրատեղամասերին։
Այս ընտրատեղամասերի մեծ մասում ստացված ձայների փոխարեն դարձյալ զրո է մուտքագրվել։ Մինդչեռ, 1/1 տեղամասում եղել է երեք ձայն, 1/9-ում՝ երկու, 1/10-ում՝ վեց, 1/11-ում՝ ութ, 1/13-ում՝ չորս, 1/16-ում՝ յոթ, 1/18-ում՝ չորս, 34/25-ում՝ երեք, 35/19-ում՝ մեկ, 38/41-ում՝ չորս:
Շիրակի մարզի 31/32 ընտրատեղամասում 10 ձայնի փոխարեն գրանցվել է չորս, իսկ 31/34-ում՝ 19-ի փոխարեն՝ վեց։
31/34 ընտրատեղամասի տվյալներում առկա է թվաբանական հակասություն․ արձանագրության քաղվածքում թե՛ քվեարկողների ընդհանուր թիվը, թե՛ կուսակցությունների ստացած ձայների գումարը 906 է, սակայն նշված է նաև 13 անվավեր քվեաթերթիկի մասին։ Սա նշանակում է, որ կուսակցությունների ստացած ձայների գումարը պետք է 13-ով պակաս լիներ քվեարկողների ընդհանուր թվից։
Մինչդեռ, ԿԸՀ էլեկտրոնային համակարգում մուտքագրված արդյունքներում այդ անհամապատասխանությունն արդեն վերացված է․ կուսակցությունների ձայների գումարը կազմում է 893, որը անվավեր քվեաթերթիկների հետ միասին տալիս է ընդհանուր 906։ Սակայն այս տարբերակում ԼՀԿ-ի ձայները 19-ից նվազեցվել են մինչև 6՝ 13 ձայնի տարբերությամբ, ինչը համընկնում է անվավեր քվեաթերթիկների թվին։
Տավուշի 38/28 ընտրատեղամասում ևս արձանագրվել է տվյալների մուտքագրման սխալ. ԼՀԿ-ի ստացած երեք ձայնի փոխարեն գրանցվել է զրո, իսկ «Ռեֆորմիստներ» կուսակցության մեկ ձայնի փոխարեն՝ 11։
ԴՕԿ-ի վիճարկվող քաղվածքը. 26, թե՞ 206 ձայն
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունից Սարգիս Արզումանյանը գրել էր, թե Երևանի 6/2 ընտրատեղամասում իրենց ստացած 26 ձայնը «քաղվածքում» ներկայացված է որպես 206։

Սակայն ներկայացված «քաղվածքը» կասկածելի է։ Տեղամասում քվեարկությանը մասնակցել է 1080 ընտրող, և ԿԸՀ պաշտոնական քաղվածքում բոլոր ուժերի ձայների ու անվավեր թերթիկների գումարը հենց 1080 է, որտեղ ԴՕԿ-ն ունի 26 ձայն։ Մինչդեռ ներկայացված տարբերակում ԴՕԿ-ին վերագրված լրացուցիչ 180 ձայնը բերում է թվերի ակնհայտ մաթեմատիկական անհամապատասխանության։

Արզումանյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ իր հրապարակած քաղվածքը ստացել են իրենց վստահված անձից։ Դիտարկմանը, որ ընտրողների ընդհանուր թիվը հաշվի առնելով նման շեղում չէր կարող լինել, պատասխանեց, որ հնարավոր է իրենց տրամադրված փաստաթուղթը կեղծված է եղել։
«Միասնության թևերի» ջնջված ահազանգը․ «գողացված» ձայների մասին պնդումները չհաստատվեցին, բայց պարզաբանում չեղավ
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հունիսի 9-ին ֆեյսբուքյան իր էջում տարբեր գրառումներով պնդել էր, որ Սյունիքի 35/24 և 34/32 տեղամասերում կուսակցությունից «մեծ ծավալներով» ձայներ են գողացվել: Նրա ներկայացմամբ՝ 35/24 տեղամասում 33 ձայնի փոխարեն գրանցվել է 5-ը, իսկ 34/32-ում՝ 76-ի փոխարեն՝ 1-ը:
Սակայն հրապարակված քաղվածքների և հրապարակված արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ որևէ անհամապատասխանություն չկա: Ավելի ուշ Թաթոյանը, ինչպես նաև նրան հղում անող մի շարք լրատվամիջոցներ, առանց պարզաբանման հեռացրել են իրենց գրառումները, թեև դրանք պահպանվել են առանձին ֆեյսբուքյան էջերում և կայքերում։

Արձանագրությունների և պաշտոնական քաղվածքների տարբերությունը
ԿԸՀ կայքում հրապարակված սկանավորված քաղվածքները ստորագրված են միայն հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից, մինչդեռ տեղամասերում կազմվող բնօրինակ արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի բոլոր 8 անդամները։ Քաղաքական ուժերը պնդում են, որ որոշ դեպքերում անհամապատասխանություններ կան հենց այս երկու փաստաթղթերի միջև՝ հղում անելով իրենց փոխանցված արձանագրությունների լուսանկարներին։
Քանի որ այդ բնօրինակները հանրայնորեն հասանելի չեն, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը հիմնված է եղել միայն պաշտոնական հրապարակված տվյալների համադրության վրա։
Այս հակասությունների վերաբերյալ ուշագրավ օրինակ է Լոռու մարզի 22/18 ընտրատեղամասը։ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն այնտեղ ստացել է 7 ձայն, սակայն համակարգում սխալմամբ մուտքագրվել է 22-ը։ Իվետա Տոնոյանը հերքել էր այս պնդումը՝ նշելով, որ պաշտոնական արձանագրությամբ իրենց ձայները հենց 22-ն են։ Թեև ԿԸՀ կայքում ներկայացված քաղվածքում նշված է 7 ձայն, «Media.am»-ի փաստերի ստուգումը ցույց է տվել, որ Տոնոյանի հրապարակած արձանագրությունն իրական է:
ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ 17 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է 555 տեղամասերի արդյունքների վերահաշվարկի դիմումներ՝ ԲՀԿ-ի, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնչած բոլոր ահազանգերը նույն բնույթի չէին։ Մի շարք դեպքերում արձանագրվել են տվյալների մուտքագրման իրական սխալներ, որոնք հանգեցրել են կուսակցությունների ստացած ձայների տեղաշարժի կամ նվազման։ Մյուս դեպքերում, սակայն, քաղաքական ուժերի և թեկնածուների հրապարակած պնդումները չեն հաստատվել պաշտոնական քաղվածքների ու հրապարակված տվյալների համադրմամբ։
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են առնվազն 25 ընտրատեղամասեր, որտեղ առկա են եղել տվյալների մուտքագրման շեղումներ։
Միաժամանակ, պատահականության սկզբունքով #CivilNetCheck-ը ստուգել է ևս 20 ընտրատեղամասի արձանագրություններն ու մուտքագրված տվյալները և որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերել (3/2, 5/14, 9/1, 9/10, 11/8, 13/3, 13/4, 14/5, 15/1, 16/12, 17/1, 18/70, 20/6, 22/1, 24/5, 26/13, 27/1, 29/5, 35/4, 37/8)։
Կազմակերպություն
Իրադարձություն
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck









