Գլխավոր Լրահոս

«Վճարեք վառելիքով»․ Սիմոնյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութը դիփֆեյք է

«Վճարեք վառելիքով»․ Սիմոնյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութը դիփֆեյք է

Ֆեյսբուքի հայկական տիրույթում հունիսի 11-ին տարածվել է տեսանյութ՝ «Russia Today» (RT) մեդիահոլդինգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա, իբր, հայտարարում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, պետք է Ռուսաստանին անվճար վառելիք տրամադրեն՝ որպես փոխհատուցում այն բանի համար, որ չեն ներգրավվել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։

«ՀԱՊԿ-ի պետությունները պարտավոր են Ռուսաստանին անվճար վառելիքով օգնեն։ Մենք նրանց երաշխավորում ենք անվտանգություն, իսկ նրանք մեզ՝ ի՞նչ։ Թող վճարեն վառելիքով՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հատուկ գործողություններ է իրականացնում և մինչև հիմա ՀԱՊԿ-ին չի ներգրավել ուղղակի մասնակցության, ինչը նախատեսված է մեր պայմանագրով... Այնպես որ, ղազախնե՛ր, հայե՛ր և բելառուսնե՛ր, եղեք բարի և վճարեք հաշիվը»,- տեսանյութում իբրև ասում է Սիմոնյանը: 

Տեսանյութը տարածվել է ինչպես ֆեյսբուքյան էջերի, այնպես էլ մեծ հետևորդներ ունեցող հանրային անձանց կողմից։

Էկրանապատկերը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։
Էկրանապատկերը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տեսանյութը և պարզել, որ այն կեղծ է․ Սիմոնյանի ձայնը և խոսքը վերարտադրվել է արհեստական բանականության միջոցով (Deepfake)։

Բնօրինակ տեսանյութը և Սիմոնյանի իրական խոսքը 

Տարածվող տեսանյութի կադրերը վերացված են «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման մայիսի 15-ի եթերից։ 

Իրական հաղորդման ընթացքում Մարգարիտա Սիմոնյանը խոսում է բացառապես այլ՝ աշխարհաքաղաքական թեմաների մասին, այդ թվում՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների, Դոնալդ Թրամփի գործոնի, ինչպես նաև Չինաստանի հետ առևտրային հակասությունների համատեքստում Ռուսաստանի դերի վերաբերյալ։

Սիմոնյանը հարցազրույցում որևէ անդրադարձ չկա ՀԱՊԿ-ին կամ կառույցի անդամ երկրներին՝ Հայաստանին, Բելառուսին ու Ղազախստանին և չի հնչում վառելիքի տրամադրման վերաբերյալ որևէ պահանջ։

Տեխնիկական փորձաքննություն. ձայնը ուղեկցվում է AI-ով 

Տեսանյութի տեխնիկական մանիպուլյացիան բացահայտելու նպատակով #CivilNetCheck-ը հոլովակն ուսումնասիրել է ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից։

Համեմատությունը ցույց է տալիս, որ կեղծված տեսանյութում հնչող ձայնը չի համապատասխանում Սիմոնյանի իրական խոսքին՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ ձայնային ինտոնացիայով և խոսքի բնական հոսքով։

Բացի այդ, հոլովակը ստուգվել է արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության հայտնաբերման մասնագիտացված գործիքով (Hive Moderation), որի վերլուծության համաձայն՝ ձայնը 99,1% և ավելի բարձր հավանականությամբ գեներացվել է արհեստական բանականության միջոցով (AI-Generated Speech)։

Այսպիսով, Սիմոնյանի ձայնը արհեստականորեն վերարտադրվել և կցվել է մայիսի 15-ի հաղորդման տեսաշարին՝ ստեղծելով կեղծված տեսանյութ (Deepfake)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում