Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցել՝ մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցել՝ մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ 

«Ռուբենի խնդրանքով  ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու»,- ասված է Զոնաբենդի հայտարարության մեջ։

Դիմելով Ադրբեջանի օմբուդսմենին և նրա գրասենյակին՝ Ռուբեն Վարդանյանի կինը խնդրում է աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։ 

«Գերիների համար սա  հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։

2023-ի սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից:  Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։

Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։

Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։

Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները։ 

Իրենց ընտանիքների համար նրանք «օրակարգային հարց», «քաղաքական հարց» կամ «բարդ դիվանագիտական  խնդիր» չեն։ Նրանք ամուսիններ են, հայրեր, պապիկներ, որդիներ և եղբայրներ։ Նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Այսօր չափազանց հաճախ է թվում, թե նրանց ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։

Այս ողջ ընթացքում նրանց ճակատագրի շուրջ շարունակվում են անվերջ քննարկումները՝ մեխանիզմների, ընթացակարգերի, լիազորությունների և քաղաքական հանգամանքների մասին։ Մինչ ոմանք զբաղված են իրենց քաղաքական դիրքերը պահպանելով, մյուսները, գտնվելով անազատության մեջ,  տարիներ շարունակ սպասում են գոնե մեկ լուսանկարի, մեկ նամակի կամ հարազատներից մի քանի խոսքի։

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։ 

Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին և գնահատելու նրանց առողջական վիճակը։

Ես հավատում եմ, որ կարող ենք  մարդ մնալ միայն այն դեպքում,  եթե թույլ չտանք, որ անտարբերությունը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։

Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։

Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա  բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել:

Հայտարարության ամբողջական տեքստը և մարդասիրական նախաձեռնության մանրամասները, ներառյալ նամակների ուղարկման կարգը, հասանելի են այս հղումով: 

Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,- ասված է հայտարարության մեջ։

***

Բաքվում քսան տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը և Արցախի ռազմաքաղաքական յոթ այլ ղեկավարներ Ադրբեջանում բանտարկված են 2023-ի սեպտեմբերից՝ Արցախի էթնիկ զտումից հետո։ Ներկայում Ադրբեջանում պաշտոնապես 19 հայ կալանավորված կա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում