Գլխավոր Լրահոս

Գնաճի և անորոշությունների ֆոնին ԿԲ խորդուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Գնաճի և անորոշությունների ֆոնին ԿԲ խորդուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6,50% մակարդակում։ Որոշումը կայացվել է 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված՝ սահմանված 3% (±1%) թիրախից բարձր գնաճային ֆոնի և  համաշխարհային շուկաներում պահպանվող մակրոտնտեսական անորոշությամբ պայմաններում։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4,2%, իսկ բնականոն գնաճն աճել է մինչև 5,1%։ Թեև ընդհանուր գնաճի վարքագծում առայժմ գերակշռում են առաջարկի գործոնները, Կենտրոնական բանկն արձանագրում է, որ տնտեսությունում առկա պահանջարկն արդեն իսկ սկսել է ընդլայնող ազդեցություն ունենալ գների վրա։ 

2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն դանդաղել է, սակայն շարունակում է մնալ հարաբերականորեն բարձր տիրույթում, որը ԿԲ-ի գնահատմամբ, մեծապես պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտների առաջանցիկ տեմպերով: Իր ուրույն ազդեցությունն է ունեցել նաև դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աշխուժացումը, որն այս տարվա հունվար-մայիսին կազմել է հասել է ավելի քան 825 հազարի` 19,3%-ով գերեզանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի այցելությունները: 

Ներքին տնտեսական ակտիվությանը զուգահեռ, Կենտրոնական բանկը նշում է արտաքին միջավայրից եկող մարտահրավերները։ Դրանցից մեը համաշխարհային տնտեսությունում նկատվող պահանջարկի շարունակական թուլացումն ու հեռանկարների վատթարացումն է, որն ուղեկցվում է աշխարհաքաղաքական լարվածությամբ և էներգակիրների շուկայում անկայունությամբ։ 

Որպես երկրորդ կարևոր մարտահրավեր ԿԲ-ն մատնանշում է, որ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներում, մասնավորապես՝ Եվրագոտում և Ռուսաստանում, տարեսկզբին արձանագրվել է տնտեսական անկում: Սա վկայում է այդ շուկաներում աճի պոտենցիալի և կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Գլոբալ ֆինանսական համակարգի վրա, ինչպես նշում են ԿԲ-ից, էական ճնշում է գործադրում նաև ԱՄՆ պետական պարտքի բարձր ուղեգիծը, որն ավելացնում է համաշխարհային երկարաժամկետ տոկոսադրույքների՝ տևական ժամանակ բարձր մնալու ռիսկերը։

Անդրադառնալով ապրանքահումքային և պարենային շուկաներին՝ ԿԲ-ն արձանագրում է, որ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի հարաբերական կայունացմանն ու էներգակիրների գների որոշակի նվազմանը, ապագա գնային զարգացումների շուրջ անորոշությունը պահպանվում է։ Մյուս կողմից, ներքին շուկայում առկա են նաև զսպող միտումներ. հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնող դիրքի ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր հատվածի աշխատավարձերի աճն ու հանրության գնաճային սպասումները սկսել են կայունացման նշաններ դրսևորել։ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է նաև հնարավոր գնանկումային ռիսկերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ արտահանման առանձին շուկաներում (հատկապես` ՌԴ-ում), առկա խնդիրների և, որպես հետևանք, ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման ու առանձին ապրանքների գերառաջարկի պարագայում։

Տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելիս ԿԲ խորհուրդը կշռադատել է իրադարձությունների զարգացման երկու տրամագծորեն հակառակ սցենարներ։ Մի կողմից՝ տնտեսությունում գերտաքացման և գնաճային սպասումների արագացման ռիսկերը պահանջում են ավելի կոշտ դրամավարկային քաղաքականություն և բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսության դանդաղումն ու արտահանման խոչընդոտները ձևավորում են տոկոսադրույքի իջեցման հիմքեր։ Արդյունքում՝ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունից ելնելով, նախապատվությունը տրվել է սպասողական դիրքորոշմանը։

ԿԲ խորհուրդն իր հերթին հավաստիացնում է, որ շարունակելու է մշտադիտարկել տնտեսական զարգացման բոլոր սցենարները և պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործի դնել հասանելի գործիքակազմը՝ միջնաժամկետ հորիզոնում ապահովելով 3% գնաճային թիրախը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում