Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խիստ քննադատող զեկույց, որում նշվում է, որ իշխանությունները «փաստացի շրջել են» երկրի եվրոպական ինտեգրման ուղին, և կոչ է արվում նպատակային պատժամիջոցներ սահմանել իշխանության ու իշխանամետ շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ։
Զեկույցին կողմ է քվեարկել 436 եվրապատգամավոր, դեմ՝ 145-ը։
Հունիսի 17-ին ընդունված փաստաթղթում իշխող կուսակցությունը բնութագրվում է որպես «ռեժիմ», իսկ 2024-ի խորհրդարանական ընտրությունները՝ «կեղծված»։ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընտրություններից հետո «Վրացական երազանքն» ավելի է խորացրել երկրի շարժը դեպի «ամբողջական ավտորիտարիզմ»։
Զեկույցի հեղինակները խիստ քննադատել են իշխող կուսակցությանը՝ դատական համակարգի անկախությունը խաթարելու և հակակառավարական ցուցարարների նկատմամբ «համակարգված ու անհամաչափ բռնություն» կիրառելու համար։
Փաստաթղթում «Վրացական երազանքը» մեղադրվում է նաև «քաղաքական դրդապատճառներով հետապնդումների համակարգ» ստեղծելու, «բազմաթիվ քաղբանտարկյալների» ազատությունից զրկելու, ինչպես նաև լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության դեմ ուղղված սահմանափակող օրենսդրություն ընդունելու համար։
Եվրախորհրդարանը հայտնել է իր «լիակատար համերաշխությունը» վրաց ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են պայքարել «եվրոպական և ժողովրդավարական Վրաստանի» համար՝ «ժողովրդավարական հետընթացի, աճող ճնշումների, ապօրինի ձերբակալությունների, թշնամական հռետորաբանության, ապատեղեկատվության և սպառնալիքների» պայմաններում։
Ինչպես նախորդ բանաձևերում, այս անգամ ևս Եվրախորհրդարանը կոչ է արել Բրյուսելին անձնական պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և ընկերությունների նկատմամբ։
Փաստաթղթում նաև ընդգծվում է պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը «Վրացական երազանքի» առանցքային ղեկավարների, ժողովրդավարական հետընթացի համար պատասխանատու պետական պաշտոնյաների, ինչպես նաև իշխող կուսակցության հետ կապվող ընկերությունների ու մեդիայի «համագործակից» սեփականատերերի նկատմամբ։
Զեկույցի հեղինակները բացահայտորեն դատապարտել են իշխանամետ Imedi, POSTV և Rustavi 2 հեռուստաալիքները՝ ԵՄ-ի և եվրոպական կառույցների դեմ «վարկաբեկման արշավներ և թշնամական քարոզչություն» տարածելու համար։
Նրանք ԵՄ-ին կոչ են արել «հետևել Միացյալ Թագավորության օրինակին», որը մարտին պատժամիջոցներ էր սահմանել Imedi-ի և POSTV-ի նկատմամբ, և համապատասխան սահմանափակող միջոցներ կիրառել ապատեղեկատվական արշավները «կազմակերպող և ֆինանսավորող» անձանց դեմ։
Տե՛ս նաև՝ Ըստ «Վրացական երազանք»-ի՝«շուտով Մեծ Բրիտանիայից ոչ «Մեծ»-ը կմնա, ոչ էլ «Բրիտանիա»-ն»
Զեկույցում նաև առաջարկվում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներառել Վրաստանի Ազգային հաղորդակցության հանձնաժողովի և Վրաստանի հանրային հեռարձակողի ղեկավարությանը։ Քննադատները երկու կառույցներն էլ համարում են իշխանություններին մոտ կանգնած։
Ճիաթուրայի բողոքները՝ զեկույցում
Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներին անդրադառնալով՝ զեկույցի հեղինակները պնդել են, որ Վրաստանը դեռևս չի միացել դրանց «ճնշող մեծամասնությանը»։
«[Եվրախորհրդարանը] մտահոգված է, որ վրացական նավահանգիստները, վերամշակող ենթակառուցվածքներն ու նավթային օբյեկտները կարող են օգտագործվել ռուսական նավթամթերքի վերաարտահանման կամ խառնուրդների ձևավորման համար՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով», - ասվում է զեկույցում։
Վրաստանի իշխանությունները նախկինում մերժել են նման մտահոգությունները՝ պնդելով, որ կատարում են միջազգային պատժամիջոցների շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Զեկույցում հատուկ անդրադարձ կա նաև կենտրոնական Վրաստանում գտնվող Ճիաթուրային, որը հայտնի է մանգանի հանքավայրերով։
Վերջին տարիներին քաղաքում տեղի են ունեցել ինչպես բնապահպանական բողոքի ակցիաներ՝ մանգանի արդյունահանման հետևանքով առաջացած վնասների դեմ, այնպես էլ հանքագործների աշխատանքային իրավունքների պաշտպանության շարժումներ։ Այդ շարժման մի շարք առաջնորդներ այժմ ազատազրկված են՝ բռնության մեղադրանքներով։
Հեղինակները հիշեցրել են, որ Ճիաթուրայում արդյունահանվող մանգանը արտահանվում է ԵՄ երկրներ և նշել, որ «Եվրամիությունը պատասխանատվություն ունի տեղացիների բարեկեցության և շրջակա միջավայրի պաշտպանության համար»։
Զեկույցում կոչ է արվում Ճիաթուրայի դեպքի նկատմամբ կիրառել Կորպորատիվ կայունության պատշաճ ուսումնասիրության (Corporate Sustainability Due Diligence) մասին ԵՄ հրահանգը, որը վերաբերում է ընկերությունների պատասխանատու և կայուն գործունեությանը։
«Դրանք ընդհանրապես ազդեցություն չունեն»
«Վրացական երազանքը» սովորաբար նման բանաձևերը ներկայացնում է որպես անհիմն և պնդում, որ դրանք քաղաքական ազդեցություն չունեն։
Արձագանքելով նոր զեկույցին՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ նման փաստաթղթերը հիմնված են «կեղծ նարատիվների» վրա և նպատակ ունեն «վնասել Վրաստանի ազգային շահերը»։
Նրա խոսքով՝ նման զեկույցները «մեծ նշանակություն չունեն», սակայն իշխանությունները չեն կարող ամբողջությամբ անտեսել դրանք, քանի որ «Եվրախորհրդարանը ԵՄ ինստիտուտ է, ինչպես Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը»։
«Նրանք ընդհանրապես ազդեցություն և քաղաքական կշիռ չունեն։ Սակայն անընդունելի է, որ թեկուզ մի քանի եվրապատգամավոր այս կերպ հարձակվեն մեր երկրի ու հասարակության վրա՝ լիովին անհիմն պնդումների և ստերի հիման վրա, իսկ մենք դա անպատասխան թողնենք»,- ասել է նա։
Զեկույցի ընդունումը համընկել է «Վրացական երազանքի» խորհրդարանական պատվիրակության՝ Լյուքսեմբուրգ կատարած այցի հետ։
Իշխող կուսակցության պատգամավոր Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ պատվիրակությունը Լյուքսեմբուրգին խնդրել է միջնորդել Թբիլիսիի և Բրյուսելի միջև սառեցված քաղաքական երկխոսության վերականգնման հարցում։
Նրա խոսքով՝ կուսակցությունը պատրաստ է ԵՄ-ի հետ քննարկել «զգայուն հարցերը», այդ թվում՝ 2024-ին ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը իշխանությունները կոչում են «թափանցիկության մասին օրենք», և որը դարձել է ԵՄ-Վրաստան հարաբերություններում լարվածության հիմնական պատճառներից մեկը։
Ավելի ուշ իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Սամխարաձեի խոսքերում նոր բան չկա և կրկնեցին իրենց դիրքորոշումը, թե Թբիլիսին միշտ պատրաստ է եղել Բրյուսելի հետ երկխոսությանը։
Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացել էր 2023-ի դեկտեմբերին՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին։ Սակայն անդամակցության գործընթացը հետագայում փաստացի սառեցվեց՝ իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ ճնշումների ուժեղացման ֆոնին։
2024-ի նոյեմբերին կառավարությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները «հետաձգում է» մինչև 2028-ը, ինչը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ Թբիլիսիում և այլ քաղաքներում։












