«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հունիսի 10-ի մամուլի ասուլիսում խոսել էր ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
Մելոյանը ներկայացրել էր նաև աղյուսակ, որը, ըստ նրա, ներառում էր այն ընտրատեղամասերը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) օգտին ավելի շատ ձայներ են գրանցվել, քան փաստացի արտացոլված է եղել տեղամասերից ստացված տվյալներում։ Ասուլիսից հետո ՔՊ-ին վերաբերող աղյուսակը լայնորեն տարածվեց սոցցանցերում և լրատվամիջոցներում։
«Այսքան ձայն պետք է պակասի հիմա իրենց մոտից վերահաշվարկի արդյունքում։ Այսքան ձայն ավել է գրված եղել։ Օրինակ՝ պայմանական 717 ձայն է, 0 պետք է լիներ»,- ասել է Մելոյանը։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է աղյուսակում նշված ընտրատեղամասերի քաղվածքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական և վերջնական արդյունքներում ներկայացված տվյալները։
Արդյո՞ք ՔՊ-ի ձայների փոխարեն զրո պետք է լիներ մի շարք ընտրատեղամասերում
Գոհար Մելոյանի ներկայացրած աղյուսակում 36 ընտրատեղամասերի վերաբերյալ տվյալներ են։ Նրա խոսքով՝ իրենց թիմը մշակել է 2005 ընտրատեղամասերից 900-ի տվյալները։
Աղյուսակում ներկայացված են «փաստացի» արդյունքները և դրանց միջև առկա տարբերությունը։ Արդեն հունիսի 14-ին ԿԸՀ-ն ներկայացրեց քվեարկության վերջնական արդյունքները, որոնք որոշակիորեն տարբերվում էին նախնական արդյունքներից։

Ըստ Գոհար Մելոյանի ներկայացրած աղյուսակի՝ մի շարք ընտրատեղամասերում ՔՊ-ն պետք է զրո ձայն ունենար, բայց մուտքագրվել են տասնյակ ձայներ։ Այդ տեղամասերն են 16/22, 24/65, 26/7, 30/51 և 35/76-ը։ Մյուս տեղամասերում, ըստ ներկայացված աղյուսակի, թեև ՔՊ-ն ձայներ ստացել է, այնուամենայնիվ մուտքագրված ձայների թիվն ավելի մեծ է եղել, քան փաստացի ստացված ձայների քանակը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուն աղյուսակը ներկայացնելիս որպես օրինակ նշում է 26/7 ընտրատեղամասը, որտեղ, ըստ նրա, զրո ձայն պետք է ստացած լիներ ՔՊ-ն։ Իրականում ընտրատեղամասի քաղվածքում, որը կազմվում է տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից և որի պատճենը կարող են ստանալ վստահված անձինք, դիտորդները և այլն, նշված է հենց 717 ձայնը։
Նույն տվյալները արձանագրված են նաև ԿԸՀ-ի նախնական և վերջնական արդյունքներում։

Ըստ աղյուսակի՝ Մարմարաշեն գյուղի 30/51 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին պետք է արձանագրված լիներ 0 ձայն, սակայն մուտքագրվել է 455 ձայն։ Նույն թիվը՝ 455, արտացոլված է նաև տեղամասի քաղվածքում, ինչպես նախնական, այնպես էլ վերջնական արդյունքներում։ Նմանապես, 16/22, 24/65 և 35/76 ընտրատեղամասերի քաղվածքներում, ինչպես նաև նախնական և վերջնական արդյունքներում զրոյական ցուցանիշներ առկա չեն, և քվեների տվյալները մուտքագրված են նույն թվերով:

36 ընտրատեղամասերից միայն երկուսում են տվյալները սխալ մուտքագրվել
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 36 ընտրատեղամասերից միայն երկուսում` Արագածոտնի մարզի 17/2 և Երևանի 4/17 ընտրատեղամասերում է եղել ՔՊ-ի ձայների սխալ մուտքագրում։ 17/2-ի ընտրատեղամասի քաղվածքում ՔՊ-ն ստացել է 637 քվե, սակայն ԿԸՀ-ի նախնական արդյունքներում մուտքագրվել է 639 ձայն։

Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ այդ ընտրատեղամասում սխալներն ուղղվել են։ Վերջնական արդյունքների ճշգրտման փուլում 17/2-ում փոփոխություններ են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունների ձայները, համապատասխանաբար, 23-ից դառնալով 24 և 31-ից՝ 32:
Նույն խնդիրը եղել է նաև 4/17 ընտրատեղամասում. ըստ քաղվածքի՝ ՔՊ-ն ստացել է 374 ձայն, սակայն նախնական արդյունքներում մուտքագրվել է 384, որն ուղղվել է արդեն վերջնական արդյունքների ճշգրտման փուլում։
36 ընտրատեղամասերից ևս 5-ում վերահաշվարկի արդյունքում փոփոխվել է քվեների թիվը
Վերջնահաշվարկի արդյունքում ներկայացված ընտրատեղամասերից 5-ում քվեների թիվը փոփոխվել է։ Այս ընտրատեղամասերն են Երևանի 2/46, 7/30, 8/56, 7/58 և Արարատի մարզի 12/54:
Երևանի 2/46 ընտրատեղամասում, ըստ ներկայացված աղյուսակի, ՔՊ-ն պետք է ստացած լիներ ընդամենը 143 ձայն, բայց համակարգ է մուտքագրվել 403-ը: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնական քաղվածքի տվյալները սկզբից նույնությամբ` 403 ձայնով են։ Նույն տվյալներն են արտացոլվել նաև նախնական արդյունքներում: Իսկ վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի 403 քվեն՝ դարձել է 404:

Նույն կերպ Գոհար Մելոյանի ներկայացրած աղյուսակում Երևանի 7/30 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել էր 478 ձայն, բայց համակարգ էր մուտքագրվել 483-ը։ Իրականում ընտրատեղամասի քաղվածքի համաձայն՝ ՔՊ-ն այստեղ ստացել է 483 ձայն, որոնք նույնությամբ մուտքագրվել են նախնական արդյունքներում։ Իսկ վերջնական արդյունքներով ՔՊ-ի ձայները 483-ից դարձել են 485, «Լուսավոր Հայաստանինը»՝ չորսից հինգ, իսկ «Ռեֆորմիստներինը»՝ զրոյից մեկ։

Փոփոխություններ են եղել նաև Երևանի 7/58 տեղամասում. վերահաշվարկով «Ռեֆորմիստների» ձայները զրոյից դարձել են մեկ, իսկ ՔՊ-ինը՝ 477-ից 478։ Ըստ Մելոյանի ներկայացրած աղյուսակի՝ ՔՊ-ն իրականում ստացել էր 471 ձայն, սակայն նախնական արդյունքներում նույնությամբ մուտքագրվել էր քաղվածքի թիվը (477):
Երևանի 8/56 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքներով՝ ՔՊ-ի ձայները 634-ից բարձրացել են 636-ի, իսկ «Միասնության թևեր» կուսակցությանը՝ 12-ից դարձել 13: Այնինչ, ըստ տարածված աղյուսակի՝ ՔՊ-ն այստեղ իրականում ստացել էր 633 ձայն, բայց նախնական արդյունքներով 634 քվե էին գրել։ Նախնական արդյունքներից պարզ է դառնում, որ այստեղ ևս տվյալները համակարգ էին մուտքագրվել ճիշտ նույնությամբ, ինչպես արձանագրված էր պաշտոնական քաղվածքում (634)։
Արարատի մարզի 12/54 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկով «Ուժեղ Հայաստանի» ձայները 122-ից նվազել են՝ դառնալով 120 , ԲՀԿ-ի ձայները 28-ից` 29, իսկ ՔՊ-ինը՝ 463-ից 464։ Աակայն, ըստ աղյուսակի, ՔՊ-ն իրականում պետք է ստացած լիներ 462 ձայն, այնինչ նախնական արդյունքներում մուտքագրվել է հենց քաղվածքի թիվը(463):
Աղյուսակը կազմվել է՝ հիմնվելով վստահված անձանց և ԿԸՀ-ի տվյալների հիման վրա
#CivilNetCheck-ը մի քանի անգամ կապ հաստատեց Գոհար Մելոյանի հետ՝ խնդրելով տրամադրել այն հիմքերն ու տվյալները, որոնցով կազմվել էին հրապարակած աղյուսակները: Ի պատասխան՝ Մելոյանը պնդեց, որ իր ելույթից հետո իրավապահները սկսել են հետաքրքրվել իրենց վստահված անձանցով, և ինքը չի ցանկանում նրանց «հարվածի տակ դնել»։
Նա խոստացավ հանդես գալ հայտարարությամբ և տրամադրել մեկ այլ ֆայլ, որտեղ ներառված կլինեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր անճշտություններն ու արձանագրությունները։ Մելոյանը պարզաբանեց, որ ընտրությունների օրն ունեցել են ներքին համակարգ, որտեղ վստահված անձինք տեղամասերից լուսանկարել ու մուտքագրել են թվերը: Սակայն այդ բնօրինակ արձանագրություններն ամբողջությամբ դեռ չեն հավաքվել. որոշ տեղամասերի տվյալներ վերցվել են հենց ԿԸՀ-ից, իսկ որոշ տեղերում հիմնվել են բացառապես մարդկանց մուտքագրած նախնական թվերի վրա:
Հունիսի 11-ին Գոհար Մելոյանը տեսաուղերձով ընդունեց, որ նախորդ ասուլիսի տվյալներում սխալ է եղել։ Նա պարզաբանեց, որ անհամապատասխանությունը պայմանավորված է եղել իր համակարգչում առկա մի քանի ֆայլերով, որոնք եղել են նախնական տարբերակներ և հետագայում շտկվել են: Մելոյանը խոստացավ շուտով հրապարակել ու նաև մեզ փոխանցել վերջնական արձանագրությունների թվերը:
Քանի որ նոր տվյալները այդպես էլ չէին հրապարակվում, մենք կրկին կապ հաստատեցինք Մելոյանի հետ։ Երկրորդ զրույցի ժամանակ նա դա պատճառաբանեց ԲՀԿ-ի հետ կապված դեպքով (երբ չեղարկվել էին 10/51 և 35/65 տեղամասերի արդյունքները)՝ վերահաստատելով, որ կհրապարակի ու կտրամադրի դրանք, ինչը, սակայն, այդպես էլ չարեց։ Արդեն երրորդ զրույցից հետո Մելոյանը, սեփական ծանրաբեռնվածությունը մատնանշելով, #CivilNetCheck-ին կարողացավ ուղարկել միայն մի քանի ընտրատեղամասերի քաղվածքներ։ Դրանք, սակայն, առանց այն էլ հասանելի են ԿԸՀ պաշտոնական կայքում:

Արդեն չորրորդ զրույցում նա հավելեց, որ ընդհանուր առմամբ սկզբում խնդիրները շատ են եղել, սակայն ընթացքում իրենց վստահված անձանցից սկսել են «բլոկնոտները խլել», որոնցում նրանք արձանագրում էին ընտրությունների մասնակցելիությունը, ինչի պատճառով դաշինքի ներքին տեղեկատվական համակարգը կաթվածահար է եղել։ Այդ իսկ պատճառով՝ հրապարակված աղյուսակների որոշ տվյալների վրա իրենք լիովին վստահ են, իսկ որոշների դեպքում՝ ոչ։
Այսպիսով, 36 ընտրատեղամասերից միայն երկուսում է արձանագրվել ձայների տեխնիկական սխալ մուտքագրում, որոնք հետագայում ուղղվել են, իսկ ևս հինգում վերահաշվարկը բերել է ընդամենը 1-2 քվեի չնչին փոփոխության։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











