Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի ՊՆ ենթակա ձեռնարկությունը ներգրավված է ռուսական հրթիռների արտադրության շղթայում. United24

Ռուսական «Սուխոյ» կործանիչ` Kh-29TE հրթիռով

Ռուսական «Սուխոյ» կործանիչ` Kh-29TE հրթիռով

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ գտնվող արտադրական ձեռնարկությունը ներգրավված է եղել Ռուսաստանի ռազմարդյունաբերական շղթայում, որն արտադրում է Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում օգտագործվող կառավարվող հրթիռներ։ Այս մասին հայտնում է ուկրաինական պետական United24 հարթակը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերին։

United24-ի հետաքննության համաձայն՝ ռուսական Kh-29TE «օդ-մակերևույթ» դասի կառավարվող հրթիռների արտադրական շղթայում ներգրավված են Ռուսաստանի Պերմի վառոդի գործարանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Իղլիմ» գիտաարտադրական ձեռնարկությունը և ռուսական «Վիմպել» հրթիռաշինական ընկերությունը։

Գործընթացը սկսվում է Պերմի գործարանից, որը United24-ը բնութագրում է որպես Ռուսաստանի ռազմարդյունաբերական համակարգի առանցքային օղակ, որտեղ արտադրվում են պայթուցիկ նյութեր և վառոդ՝ ռազմական նպատակներով։

Հարթակի տվյալներով՝ գործարանը պետական սեփականություն է, ինչը նշանակում է, որ դրա առևտրային գործունեությունը վերահսկվում է Ռուսաստանի կառավարության կողմից։ Այն նաև գտնվում է Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ։

Այնտեղից անհայտ նշանակության մի արտադրանք, որը փաստաթղթերում նշված է միայն որպես 9R-1036, ուղարկվում է «Իղլիմ», որտեղ այն տեղադրվում է 63M կոդային անվանում ունեցող բաղադրիչի մեջ։ Դրանից հետո այդ բաղադրիչը կրկին ուղարկվում է Պերմ, իսկ այնտեղից՝ «Վիմպել»։

«Վիմպելը» ևս պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերություն է, որը զբաղվում է «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի կառավարվող հրթիռների, հակաօդային համակարգերի հրթիռների, արձակման կայանքների, ռումբերի և տորպեդների ամրակների, ինչպես նաև ինքնաթիռների և ուղղաթիռների պաշտպանության համար նախատեսված ռադիոէլեկտրոնային խափանման միջոցների արտադրությամբ։

«Իղլիմը արտադրական գործընթացի կարևոր միջանկյալ օղակ է»,- ընդգծում է United24-ը։

Kh-29TE հրթիռի արտադրական գործընթացի քարտեզը
Kh-29TE հրթիռի արտադրական գործընթացի քարտեզը

Բաքվում տեղակայված «Իղլիմը» հիմնադրվել է 1961-ին՝ որպես օդորակիչների գործարան, իսկ հետագայում վերափոխվել է ավիացիոն արտադրական ձեռնարկության։ 2006-ին այն անցել է պետական վերահսկողության տակ՝ դառնալով գիտաարտադրական ձեռնարկություն։ United24-ը նշում է, որ կազմակերպության պաշտոնական կայքն այժմ չի գործում։

Ներկայում «Իղլիմը» պատկանում է Azersilah Defense Industry Holding ՓԲԸ-ին, որը հայտարարում է, որ «ռազմավարական դեր ունի Ադրբեջանի ժամանակակից պաշտպանական կարողությունների ձևավորման գործում»։

Ընկերության առաքելության հայտարարության մեջ ասվում է.

«Հուսալի, նորարարական և բարձր ճշգրտության պաշտպանական տեխնոլոգիաների մշակման միջոցով մենք նպաստում ենք ազգային և գլոբալ անվտանգությանը՝ առաջարկելով համակարգեր, որոնք պատասխանատվությամբ, ճշգրտությամբ և հետևողականությամբ համապատասխանում են ժամանակակից գործառնական պահանջներին»։

Հղում անելով ստացված ներքին փաստաթղթերին՝ United24-ը նշում է, որ այս արտադրական շղթան գործել է դեռևս մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, սակայն մատակարարումների ծավալները, ըստ երևույթին, աճել են 2023-ին։

Հարթակի գնահատմամբ՝ այս տվյալները ցույց են տալիս, որ պատժամիջոցների պայմաններում էլ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը «շարունակել է կապված մնալ Ռուսաստանի ռազմական արտադրական շղթաների հետ»։

Ռազմական կցորդի այցը «Իղլիմ», 2022
Ռազմական կցորդի այցը «Իղլիմ», 2022

«Թեև Ադրբեջանը հրապարակային չի հայտարարում Ռուսաստանի պատերազմի աջակցման մասին, շարունակվող համագործակցությունը հարցեր է առաջացնում գործող սահմանափակումների վերահսկման և կիրառման արդյունավետության վերաբերյալ»,- գրում է United24-ը։

Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է վերջին շրջանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Երկկողմ հարաբերությունները հատկապես սրվել էին 2024-ի դեկտեմբերին Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո։ Այն խոցվել էր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասներ է կրել Կիևում իր դեսպանատունը։

United24-ը նշում է, որ մեկնաբանություն ստանալու համար դիմել է ինչպես «Իղլիմին», այնպես էլ Azersilah-ին, սակայն հունիսի 17-ի առավոտվա դրությամբ որևէ պատասխան չի ստացել։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում