Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն քննադատել է «ադրբեջանական խմբի» «սադրիչ» գործողությունները, որը Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում համաժողովներ է կազմակերպում՝ «անդրծովյան տարածքներում ապստամբության կոչերով»։ Թեև նա չի նշել խմբի անունը, խոսքը Բաքվի նախաձեռնությունների խմբի մասին էր՝ պաշտոնապես անկախ կազմակերպության, որը զբաղվում է հակագաղութատիրական ակտիվիզմով։
Խումբն իր գործունեությունը նկարագրում է որպես «գաղութատիրությունից և նեոգաղութատիրությունից տուժող ժողովուրդների՝ ազատության, անկախության և հավասար իրավունքների համար պայքարին աջակցություն, այդ թվում՝ իշխանությունների ճնշումների ենթարկվող բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն»։
Գործունեության մեծ մասը ուղղված է Ֆրանսիային, իսկ մյուս համաժողովները կենտրոնանում են Հայաստանի դաշնակից երկրների վրա։ Դրա պատճառով կազմակերպությունը քննադատության է արժանացել որպես աշխարհաքաղաքական գործիք, այլ ոչ թե հակագաղութատիրական պայքարով անկեղծորեն զբաղվող կառույց։
Հոկտեմբերի 13-ի ելույթում Բարոն զգուշացրել է, որ ավտոկրատական երկրներն ու ավտորիտար մոտեցումներ ունեցող այլ դերակատարներ փորձում են «բևեռացնել հանրային բանավեճը»՝ ժողովրդավարության դեմ իրենց ավելի լայն պայքարի շրջանակում։
«Ադրբեջանական խմբից» բացի Բարոն հիշատակել է նաև «իսրայելական ընկերության, որը կեղծ ֆրանսիական հաշիվներ է ստեղծում՝ պաղեստինյան հարցի շուրջ արհեստական բախումներ հրահրելու համար», ինչպես նաև «Իլոն Մասկի առցանց հետապնդման արշավները»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան դժգոհություն է հայտնում Ադրբեջանի՝ իր անդրծովյան տարածքներին ուղղված, այսպես կոչված, հակագաղութատիրական գործունեությունից։ 2024-ին Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում մահվան ելքով անկարգություններին նպաստելու մեջ, ինչը Բաքուն հետագայում հերքել էր։
Բարոյի վերջին հայտարարությանը պատասխանելով՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը կրկին հերքել է, որ որևէ ոչ պատշաճ գործողություն է իրականացնում։
«Այն մեղադրանքները, թե Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում և Ֆրանսիայի մյուս անդրծովյան տարածքներում բնակվող ժողովուրդների՝ իրենց իրավունքների համար պայքարին, լիովին անհիմն են»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Ֆրանսիացի պաշտոնյաների համար ավելի նպատակահարմար կլիներ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին խոսելիս նախ և առաջ կենտրոնանալ այդ սկզբունքները հենց Ֆրանսիայի քաղաքականության մեջ հետևողականորեն կիրառելու վրա»։
Հաջիզադեն կրկին կոչ է արել «ֆրանսիական կողմին վերջ տալ Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներին և միջազգային հարաբերություններում պահպանել փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները»։
Ավելի ուշ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը պատասխանել է նույն ոգով։
Surprising that @AzerbaijanMFA feels targeted & takes such a negative stance, while French minister @jnbarrot did not accuse "the Azerbaijani government" or "officials" in this statement. He only referred to "an Azerbaijani group", consistently presented as fully independant...🤷♀️
— Sophie Lagoutte 🇫🇷 (@Sophie_Lagoutte) October 14, 2026
Սակայն դա, ըստ ամենայնի, չի զսպել խմբին, որը շարունակել է հանդես գալ Նոր Կալեդոնիայում և Ֆրանսիայի մյուս անդրծովյան տարածքներում ապագաղութացման քաղաքականության օգտին։
Այս հայտարարությունների թվում են նաև Նոր Կալեդոնիայի բնիկ կանաք ժողովրդի ակտիվիստների ուղիղ կոչերը, թե «չի կարելի թույլ տալ, որ Ֆրանսիան շարունակի իր գաղութային քաղաքականությունը» այդ տարածքում։












