Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունների առաջին փուլը երկուշաբթի ավարտվել է, հայտնել են միջնորդները։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, բանակցությունները լարված մթնոլորտում են մեկնարկել՝ Թեհրանի՝ Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին հայտարարության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա հարձակումները վերսկսելու սպառնալիքների ֆոնին։
Միջնորդ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Տեխնիկական բանակցությունները շաբաթվա ընթացքում կշարունակվեն շվեյցարական Բյուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։ Փաստաթուղթը տարածել է Կատարի արտգործնախարարությունը։
Կողմերը նաև համաձայնության են եկել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իրանական պատվիրակության հետ բանակցությունները կիրակի սկսել էր անցած շաբաթ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որով ապրիլից գործող փխրուն հրադադարը երկարաձգվում է առնվազն ևս 60 օրով։ Քննարկումները շարունակվել են մինչև երկուշաբթի վաղ առավոտ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցում գրել է, որ իր երկիրը ստացել է նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման թույլտվություններ, սառեցված որոշ ակտիվների ապասառեցում և վերականգնման ու զարգացման ծրագրի մեկնարկ։ Սպիտակ տունը դեռ չի արձագանքել։
Բանակցությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի աղբյուրները տարբեր նկարագրություններ են ներկայացրել։ Իրանական կիսապաշտոնական «Թասնիմ» գործակալությունն իր աղբյուրի վկայակոչմամբ հայտնել է, որ Թրամփի սպառնալիքները հրապարակ ընկնելուց հետո իրանական պատվիրակությունը հրաժարվել է վերադառնալ բանակցությունների սրահ, թեև հաղորդագրությունների փոխանակումը պակիստանցի և կատարցի միջնորդների միջոցով շարունակվել է։ ԱՄՆ դիվանագետը Reuters-ին ասել է, որ իրանցիները ոչ մի տեղ չեն հեռացել և շարունակում են բանակցել. քննարկվել են նեղուցը, Լիբանանը, միջուկային հարցերը և հուշագրի կիրառման մանրամասները։
«Թասնիմ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական կողմը նշել է, որ միջուկային հարցով բանակցությունների մեկնարկը պայմանավորված է հուշագրի մյուս կետերի կատարմամբ, այդ թվում՝ սառեցված ակտիվների ապասառեցմամբ և նավթի արտահանման թույլտվություններով։ Իրանը շաբաթ օրը հայտնել էր, որ կիրակի օրվա բանակցությունները չեն անդրադառնա էական հարցերին, ինչպիսին միջուկային ծրագիրն է։












