Հունիսի 22-ին Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող դեռահասի մարմինը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հունիսի 22-ին ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013-ի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»,- ասված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Ականատեսները լրագրողներին պատմել էին, որ հունիսի 15-ին կեսօրին գետից ձայներ են լսել, թե ինչպես է մի երեխա օգնություն կանչում։ Սակայն մինչև ձայնի ուղղությամբ գնացել են՝ երեխան տեղում չի եղել։ Երեխաների մայրը նախ ասել է, որ մի երեխան է կորել, այնուհետև տեղեկացրել է, որ մյուս երեխան էլ չկա։ Ընտանիքում հինգ երեխա են, Վանաձորում վարձով են ապրում։
7 տարեկան Նարինեի մարմինը հայտնաբերել էին հունիսի 17-ին։












