Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից մեկի՝ 7 տարեկան Նարինեի մարմինը։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։
Երեխայի մարմինը հայտնաբերվել է ենթադրյալ դեպքի վայրից 500 մ հեռավորության վրա։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Ականատեսները լրագրողներին պատմել էին, որ հունիսի 15-ին կեսօրին գետից ձայներ են լսել, թե ինչպես է մի երեխա օգնություն կանչում։ Սակայն մինչև ձայնի ուղղությամբ գնացել են՝ երեխան տեղում չի եղել։ Երեխաների մայրը նախ ասել է, որ մի երեխան է կորել, այնուհետև տեղեկացրել է, որ մյուս երեխան էլ չկա։ Ընտանիքում հինգ երեխա են, Վանաձորում վարձով են ապրում։












