ՀԷՑ-ի 100% բաժնեմասը հանրության գերակա շահ կճանաչվի

Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100% բաժնեմասը հանրության գերակա շահ կճանաչի։ Ընկերության սեփականատերերը մերժել են պետության գնառաջարկը, իսկ կարգավորող մարմինը կասեցրել է ընկերության լիցենզիան։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության համապատասխան որոշման նախագծից։
Կառավարությունը Սամվել Կարապետյանի ընտանիքին 380,000 դոլար էր առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար։
Նախագծի համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխումը հանդիսանում է բնական մենաշնորհ և ռազմավարական նշանակության կենսական ծառայություն։ Գործադիրը շեշտում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի դադարեցումը վկայում է հարյուր հազարավոր բաժանորդների շահերը վտանգող հնարավոր խախտումների մասին: Ուստի, պետությունն ունի սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու համակարգի կառավարմանը և կանխելու էլեկտրամատակարարման խափանումից բխող լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքները։
Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակումը հիմնավորվում է բնակչության, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման համակարգերի և տնտեսության անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ՝ անկախ մասնավոր ընկերության ներքին վիճակից: Որոշմամբ ամրագրվում է, որ բաժնետոմսերի ձեռքբերողը բացառապես Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:
Լիազորված գերատեսչությանը հանձնարարված է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթնօրյա ժամկետում պատշաճ ծանուցել օտարվող բաժնետոմսերի սեփականատերերին և գույքային իրավունք ունեցող անձանց: Նախարարությունը պարտավորվում է նաև կիսամյակային պարբերականությամբ վարչապետին զեկուցել պետականացման գործընթացի ընթացքի մասին։ Փաստաթղթում արձանագրված է, որ նախագիծը ռազմավարական այլ փաստաթղթերի հետ կապ չունի, իսկ կառավարության որոշումն օրինական ուժ կստանա պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԷՑ-ի շուրջ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հունիսի կեսերին հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։ Իր հայտարարությունից կարճ ժամանակ անց Սամվել Կարապետյանը կալանավորվեց, նրան մեղադրանք ներկայացվեց իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր անելու մեջ։ Դրանից օրեր անց կառավարությունը նախաձեռնեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական գործընթաց և ստանձնեց ընկերության կառավարումը։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արտակարգ արբիտրը որոշեց կասեցնել ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված քայլերը՝ արգելելով ընկերության կառավարման փոփոխությունները, նոր տնօրենների նշանակումները և այլ միջամտությունները։
Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, շարունակաբար հայտարարում են, թե ՀԷՑ-ի նկատմամբ քայլերն ուղղված են էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։ Փաշինյանը ակնարկել է, որ ՀԷՑ-ի կառավարման իրավունքը հնարավոր է փոխանցվի մասնավոր օպերատորին, ինչպես դա արվել է օրինակ ջրամատակարարման ոլորտում։











