Գլխավոր Լրահոս

Միջազգային արբիտրաժը Սամվել Կարապետյանին թույլ է տվել շարունակել դատական վեճը Ֆրանսիայի դեմ

Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելիս։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելիս։ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը մերժել է Ֆրանսիայի պահանջը՝ ամբողջությամբ կարճելու գործարար Սամվել Կարապետյանի ներկայացրած հայցը։ Միաժամանակ տրիբունալը անհիմն է ճանաչել նրա պահանջների մի մասը՝ թույլատրելով շարունակել քննությունը ներդրումների նկատմամբ արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքի հնարավոր խախտման հարցով։

Այս մասին նոյեմբերի 18-ին հաղորդել է Global Arbitration Review (GAR) միջազգային իրավաբանական լրատվական հարթակը՝ անդրադառնալով օգոստոսի 27-ին ընդունված արբիտրաժային որոշմանը։

Սամվել Կարապետյանն ընդդեմ Ֆրանսիայի գործը քննվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև 1995-ին կնքված ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրի հիման վրա։ Գործը գրանցվել է 2025-ի հունիսի 4-ին։

Վեճի հիմքում Կարապետյանի՝ Ֆրանսիայում գտնվող անշարժ գույքն է։ Վեճը ծագել է 2023-ին Ֆրանսիայում փողերի լվացման կասկածանքով սկսված նախնական քննությունից։ Դրա շրջանակում ֆրանսիական իրավապահ մարմինները կալանքներ են կիրառել Կարապետյանի հետ կապված ընկերությունների ակտիվների նկատմամբ։

Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիական Ռիվիերայում գտնվող մոտ 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատան և լեռնային շալեի մասին է։ Կալանք է դրվել նաև առանձնատունը տնօրինող ընկերության բաժնեմասերի և շալեն տնօրինող ընկերության բանկային հաշվում պահվող միջոցների վրա։

Ըստ Global Arbitration Review-ի՝ Ֆրանսիայի դատախազները կասկածում են, որ ակտիվների իրական շահառուն կարող է լինել ռուսական «Գազպրոմը»։

Կարապետյանը, որը Հայաստանից բացի ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն, պնդում է, որ քննությունն ու գույքի նկատմամբ սահմանափակումները քաղաքական դրդապատճառներ ունեն և կապված են Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի հետ։

Ֆրանսիան հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ երկրի դատական համակարգն անկախ է, իսկ կալանքները ժամանակավոր միջոցներ են, որոնք կոչված են կանխելու ակտիվների հնարավոր օտարումը։

Պարբերականի տվյալներով՝ նախնական քննությունը դեռ քրեական հետապնդման չի հանգեցրել։

Ինչ է որոշել արբիտրաժը

Օգոստոսի 27-ի որոշմամբ տրիբունալը մերժել է սեփականության անուղղակի բռնագրավման վերաբերյալ Կարապետյանի պահանջը։ Արբիտրաժի գնահատմամբ՝ գույքի նկատմամբ կիրառված կալանքները նրան չեն զրկել սեփականության իրավունքից կամ ակտիվների շարունակական օգտագործման հնարավորությունից։

Տրիբունալը մերժել է նաև ներդրումների լիարժեք պաշտպանության և անվտանգության սկզբունքի խախտման վերաբերյալ պահանջը։ Ըստ որոշման՝ համապատասխան դրույթը վերաբերում է ներդրումների ֆիզիկական անվտանգությանը, մինչդեռ Կարապետյանը չի պնդել, որ իր գույքին ֆիզիկական վնաս է պատճառվել։

Մերժվել է նաև խտրականության վերաբերյալ պահանջը։ Կարապետյանը պնդել է, որ իր նկատմամբ սահմանափակումները կիրառվել են ռուսական ծագման և կապերի պատճառով։ Սակայն տրիբունալը եզրակացրել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի համապատասխան դրույթը վերաբերում է քաղաքացիության հիմքով խտրականությանը։ Կարապետյանի ներկայացրած փաստարկները չեն վերաբերել նրա հայկական քաղաքացիության պատճառով խտրական վերաբերմունքին։

Այդուհանդերձ, Ֆրանսիային չի հաջողվել հասնել գործի ամբողջական կարճմանը։

Տրիբունալը թույլատրել է շարունակել Կարապետյանի հիմնական պահանջի քննությունը, ըստ որի՝ Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն ու կալանքների կիրառման ընթացակարգերը եղել են կամայական և խտրական ու խախտել են նրա պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքները։

Կարապետյանը վիճարկում է նաև կալանքների ապացուցողական հիմքերը և փողերի լվացման դեմ ֆրանսիական օրենսդրության կիրառումը։

Ֆրանսիան իր հերթին պնդում է, որ գործարարը փորձում է միջազգային արբիտրաժն օգտագործել՝ Ֆրանսիայի փողերի լվացման դեմ օրենսդրության կիրառությունից պաշտպանվելու համար։

Կալանքները շարունակում են գործել

Տրիբունալը դեռ հուլիսին առանձին որոշմամբ մերժել էր Կարապետյանի՝ ժամանակավոր պաշտպանական միջոցներ կիրառելու պահանջը։

Գործարարը պահանջել էր վերացնել չորս կալանքները, ինչպես նաև Ֆրանսիային արգելել իր ներդրումների նկատմամբ հետագա սահմանափակումներ կիրառել, նոր քրեական քննություններ սկսել կամ լրացուցիչ ակտիվներ բռնագրավել։

Նա պնդել էր, որ գոյություն ունի գույքը Ֆրանսիայի բռնագրավված ակտիվները կառավարող պետական գործակալությանը՝ AGRASC-ին փոխանցելու և մինչև դատական գործընթացների ավարտը վաճառելու անմիջական վտանգ։

Սակայն տրիբունալը բավարար ապացույցներ չէր գտել, որ ակտիվների վաճառքի վտանգն անմիջական է։

ICSID-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Կարապետյանը հոկտեմբերի 29-ին արդեն ներկայացրել է գործի ըստ էության քննության համար իր հիմնական գրավոր փաստարկները։

Արբիտրաժային գործով քառօրյա լսումներ նախատեսված են 2027-ի հոկտեմբերին։ Ժամանակացույցը կարող է փոխվել, եթե Ֆրանսիան պահանջի տրիբունալի իրավասության վերաբերյալ իր առարկությունները քննել առանձին փուլով։

Global Arbitration Review-ն հիշեցնում է նաև, որ Կարապետյանի ընտանիքի անդամները և նրանց կիպրական Liormand Holdings ընկերությունը մեկ այլ միջազգային արբիտրաժային գործ են նախաձեռնել Հայաստանի դեմ՝ «Հայաստանի էլեկտարակն ցանցեր» ընկերության ազգայնացման ծրագրերի առնչությամբ։

Ֆրանսիայի դեմ գործով որոշումը չի նշանակում, որ միջազգային արբիտրաժը հաստատել է Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման կամ նրա ներդրումային իրավունքների խախտման փաստը։ Տրիբունալը միայն որոշել է, որ հայցի հիմնական պահանջը ենթակա է հետագա քննության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում