Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 19-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Նոյեմբերի 13-ին Դուբլինում Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելի Ռուսաստան։
«Դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ այց կունենանք աշխատանքային Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կունենանք քննարկումներ, հանդիպում», - ասել է Փաշինյանը։
Փաշինյանը պարզաբանել է, որ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։
Վարչապետի խոսքով՝ բոլոր երեք հանդիպումներն էլ նախապես ծրագրված են եղել։ Նա հիշեցրել է, որ Պուտինի հետ հանդիպելու և ընթացիկ հարցերը քննարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ Բիշքեկում։
Դուբլինում Փաշինյանը նաև հույս էր հայտնել, որ Հայաստանը կկարողանա պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեկամական մթնոլորտը՝ ընդգծելով, որ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը նպատակ չունի վատթարացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներին տարաձայնություններ են առաջացել Հայաստանի եվրոպական ինտեգրման, տնտեսական համագործակցության և անվտանգության հարցերի շուրջ։
Մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման, ինչպես նաև որոշ ապրանքների՝ իր տարածքով տարանցման նկատմամբ։ Ռուսական կողմը դրանք հիմնավորել է սանիտարական և բուսասանիտարական պահանջների խախտումներով՝ հերքելով քաղաքական շարժառիթները։
Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ պահանջելով ռուսական սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ։ Նոյեմբերի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի բացառել հարցով ԵԱՏՄ դատարան դիմելու հնարավորությունը, եթե խնդիրը հանձնաժողովի շրջանակում չլուծվի։
Երկկողմ հարաբերությունների մյուս խնդրահարույց հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) է։ Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում է ընդունվել Հայաստանին զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից՝ 2024-ից անդամավճարները չվճարելու պատճառով։
Հայաստանը 2024-ի փետրվարին սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2021 և 2022-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ։ Երևանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին վերադառնալու հնարավորություն չի տեսնում։












