Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այդ մասին նոյեմբերի 19-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իշխանություններն առաջիկայում անցնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթացի գործնական փուլին։
«Հաջորդ շաբաթ կհրապարակվի սահմանադրության նախնական նախագիծը», - ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում և ներառում է այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Փաշինյանն անդրադարձել է նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պահանջելով հստակեցնել իր դիրքորոշումը «Միասնական Հայաստանի» գաղափարի վերաբերյալ։
«Հայաստան խմբակցությունը, որի մաս է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, արդյո՞ք հավատարիմ է Միասնական Հայաստանի տեսլականին», - հարցրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ հարցի պատասխանը կապ ունի այն բանի հետ, թե ինչու են ընդդիմադիր ուժերը դեմ Սահմանադրության փոփոխություններին և հաճախ հղում անում 1990-ի Անկախության հռչակագրին։
Փաշինյանը պնդել է, որ Անկախության հռչակագրով Հայաստանի պետականության հիմքում դրվել է ՀՅԴ-ի «Միասնական Հայաստանի» տեսլականը։
«1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի», - հայտարարել է նա։
Վարչապետի գնահատմամբ՝ հռչակագրում Արևմտյան Հայաստանի հիշատակումը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման գործընթացին հղումը պետությունը դրել են հակամարտության տրամաբանության մեջ։
«Մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը դուրս դնենք կոնֆլիկտային տրամաբանությունից, որովհետև արևմտյան Հայաստանի պատասխանը արևելյան Թուրքիան է և արևմտյան Ադրբեջանը», - ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններից պահանջել է հստակ պատասխանել՝ արդյոք պաշտպանում են Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս հայերի վերադարձի իրավունքը։
Վարչապետի խոսքով՝ այդ հարցը բարձրացնելիս հայկական կողմը պետք է հաշվի առնի նաև 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցի առաջադրման հնարավորությունը։ Նա նշել է, որ վերադարձի փոխադարձ պահանջների տրամաբանությունը կարող է հանգեցնել բախման, մինչդեռ իր առաջարկած մոտեցումն արտաքին քաղաքականությունը լեգիտիմության վրա կառուցելն է՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում։
Փաշինյանն անդրադարձել է նաև ընդդիմությանն ուղղված իր առաջարկին՝ նշելով, որ նոր Սահմանադրության նախագիծը պետք է լրամշակվի, սակայն չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։
«Դա պետք է լինի իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակում, այսինքն կարող է լրամշակվի, բայց չենք բերելու անկախության հռչակագրի վիճակում», - ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ նախագիծը չի կարող հատել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության սահմանները։
Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում 1990-ի Անկախության հռչակագրին։ Հռչակագրի նախաբանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, իսկ 11-րդ կետում՝ Արևմտյան Հայաստանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում։
Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է, որ Անկախության հռչակագրին Սահմանադրության նախաբանի հղումը չի վերաբերում այն սկզբունքներին կամ նպատակներին, որոնք ամրագրված չեն Սահմանադրությամբ։
Նոր Սահմանադրության ընդունման հարցը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի տարաձայնություններից է։ Բաքուն Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ գործող Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։
Նոյեմբերի 7-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն չի պահանջում, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում չի ցանկանում ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր նոր Սահմանադրության հարցը լուծել հանրաքվեով՝ հայտարարելով, որ պատրաստ է անձամբ հեռանալ իշխանությունից ինչպես հանրաքվեում նախագծի մերժման, այնպես էլ իր ներկայացրած խաղաղության օրակարգի իրագործման դեպքում։
Նոյեմբերի 10-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրության նախագծի ավելի քան 90 տոկոսն արդեն քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նրա խոսքով՝ նախագծի հրապարակումից հետո կսկսվեն հանրային լայն քննարկումներ։
Նոր Սահմանադրության ընդունման դեմ ընդդիմադիր մի շարք ուժեր նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացնում։ Նրանք պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։












