Ադրբեջանն ընդունում է, որ Հայաստանի Սահմանադրությունը երկրի ներքին գործն է, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում չի ցանկանում ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
Այս մասին նոյեմբերի 7-ին Restart հիմնադրամի կազմակերպած «MaskOFF» քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր զրույցների բովանդակությունը։
«Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն չի պահանջում, և Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»,- ասել է Փաշինյանը։
Նա շեշտում է, որ Ադրբեջանի նախագահն իր հետ խոսակցություններում ընդունել է, որ դա Հայաստանի ներքին գործն է․ «իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց իրենք նաև ասում են, որ սահմանադրական այս կարգավորումների գոյության պայմաններում իրենք չեն պատրաստվում, չեն ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիրը և վավերացնել Հայաստանի Հանրապետության հետ»,- նշել է վարչապետը։
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Հռչակագրում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։
Հայկական կողմը պնդում է, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ դրա փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։
Միաժամանակ Հայաստանում ընթանում է նոր Սահմանադրության մշակման գործընթացը։ Նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, որից հետո կմեկնարկեն հանրային քննարկումները։ Նախագիծը դեռ վերջնական չէ և կարող է փոփոխվել քննարկումների արդյունքում։












