«Ականատես» դիտորդական առաքելությունը օրվա ընթացքում արձանագրել է մի շարք դեպքեր՝ կապված ընտրողների ուղղորդման, ընտրողին օգնելու կարգի խախտման, քվեարկության գաղտնիության և դիտորդների իրավունքների սահմանափակման հետ։
Ամենաուշագրավ դեպքերից մեկը եղել է Աշտարակի 17/7 տեղամասում. ժամը 14:00-ի սահմաններում քվեաթերթիկ տրամադրող հանձնաժողովի անդամը, ընտրողներին կարգը բացատրելիս, առանձնացրել է քաղաքական ուժերից մեկի (թիվ 10) քվեաթերթիկը, ցույց տվել՝ ինչպես այն դնել ծրարում, և ասել, որ մյուսները պետք է նետել աղբամանը։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է դիտորդի գնահատականը գրանցել գրանցամատյանում։
Երկու այլ համայնքում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն։ Սպիտակի 22/21 տեղամասում տարեց ընտրողին ուղեկցողը նրա ականջին ասել է, թե ում ընտրի, իսկ Կողբի 37/6-ում ամուսնուն օգնելու համար գրանցված կինը ամուսնու փոխարեն մտել է քվեախցիկ ու քվեարկել՝ նրան թողնելով դրսում։
Դիտորդները նշել են նաև գաղտնիության խնդիրներ։ Հարթագյուղի 22/4 տեղամասում քվեախցիկների հետևում եղել է միայն սավանով ծածկված բաց մուտք, որով մարդիկ անընդհատ անցուդարձ են արել։











