«Պայքար Եվրոպայի ժողովրդավարական ապագայի համար»․ Եվրամիությունում այսպես են բնութագրում Իսպանիայում նոյեմբերի 29-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իսպանիայի գործող վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու վտանգի առաջ է։
Հարցումներում առաջատար է աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը՝ Ալբերտ Ֆեյխոսյի գլխավորությամբ, իսկ ծայրահեղ աջ Vox կուսակցությունը՝ երրորդը։ Միասին նրանք կարող են կոալիցիոն կառավարություն ձևավորել։
Սանչեսի սոցիալիստները երկրորդ տեղում են, իսկ ավելի փոքր ձախակողմյան կուսակցությունների մասնատվածությունը նվազեցնում է կոալիցիա ձևավորելու նրա հնարավորությունները։
Սանչեսը մեղադրում է Ֆեյխոյին Vox-ի հետ կառավարելու պատրաստակամության պատճառով։ Նախընտրական բանավեճում նշել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի օրինակը, որը հրաժարվում է համագործակցել ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ, և Ժողովրդական կուսակցությունից պահանջում է բացատրել, թե ինչու է այն պատրաստ հակառակն անել։
Նախընտրական քարոզարշավը լարված էր․ քաղաքական շրջանակները օգտագործվող հռետորաբանությունը նմանեցնում էին 1936-ի քաղաքացիական պատերազմին։
Օրինակ՝ Սանչեսը օգտագործում էր «¡No pasarán!» («Նրանք չեն անցնի») կարգախոսը, իսկ Vox-ը՝ Սանտյագո Աբասկալի ղեկավարությամբ, հակառակորդներին սկսել են անվանել «Ժողովրդական ճակատ»։ Այդպես էր կոչվում 1936-ի քաղաքացիական պատերազմի նախօրեին Իսպանիան կառավարող ձախակողմյան կոալիցիան։
Առանձնահատուկ ուշադրություն կա Անդալուսիայի նկատմամբ, քանի որ Անդալուսիան խորհրդարանում ամենաշատ մանդատ ունեցող տարածաշրջանն է։ Չնայած սոցիալիստները երբեք չեն պարտվել այստեղ, նրանք դիքերը զգալիորեն զիջել է։
Ինչո՞ւ են այս ընտրությունները կարևոր Եվրոպայի համար։
Իսպանիան Եվրամիության չորրորդ խոշորագույն տնտեսությունն է, իսկ Սանչեսը՝ ԵՄ երկրների սակավաթիվ սոցիալիստ ղեկավարներից մեկը։ Ժողովրդական կուսակցության և Vox-ի կոալիցիայի ձևավորման դեպքում եվրասկեպտիկ կուսակցությունը կմասնակցի ԵՄ խոշորագույն երկրներից մեկի կառավարմանը։ Դա կնպաստի նաև Աբասկալի մեկ այլ նպատակին՝ սերտացնել Եվրոպայի ծայրահեղ աջերի կապերը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում նրանց քաղաքական դաշնակիցների հետ։
Արտահերթ ընտրությունները և բնակարանային խնդիրը
Սանչեսն ընտրությունները նշանակեց նախատեսվածից ութ ամիս շուտ, քանի որ խորհրդարանի պատգամավորները մերժեցին բնակարանային օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները։
Երբ 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին վտարեցին Մադրիդում նրա վարձակալած բնակարանից, և նա մահացավ մի քանի օր անց, Իսպանիայում սկսվեցին համազգային բողոքի ցույցեր։ Փոփոխություններն այդ ցույցերի արձագանքն էր։
Բնակարանային խնդիրը շարունակում է մնալ ընտրողներին առավել մտահոգող հարցերից մեկը։ 2015-2025-ին Իսպանիայում անշարժ գույքի և բնակարանների վարձակալության գներն աճել են ավելի քան 80 տոկոսով, մինչդեռ աշխատավարձերը նույն տեմպով չեն բարձրացել։
Իսպանիայում բնակարանների մեծ պահանջարկ կա, սակայն առաջարկը սահմանափակ է։ Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է 700 հազար բնակարան։ Արդյունքում միլիոնավոր իսպանացիներ սեփական բնակարան ձեռք բերելու շատ քիչ հնարավորություն ունեն։
Պեդրո Սանչեսը բնակարանային բարեփոխումները դարձրել է իր նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Ձախական կուսակցությունները խոստանում են կարգավորել վարձավճարները և բնակիչներին պաշտպանել վտարումից, մինչդեռ աջ ուժերը կենտրոնանում են ավելի շատ բնակարաններ կառուցելու, բնակարան գնողներին հարկային արտոնություններ տրամադրելու և քաղաքաշինական կարգավորումները թուլացնելու վրա։
Միգրացիան՝ առանցքում
Միգրացիան ավանդաբար Իսպանիայի ընտրություններում քարոզարշավի առանցքային հարցերից չի եղել։ Սա նոր երևույթ է, որը կապված է Vox-ի վերելքի հետ։
Հուլիսին Հյուսիսային Աֆրիկայում իսպանական Սեուտա էքսկլավ ավելի քան 70 հազար փաստաթուղթ չունեցող միգրանտների ժամանումը նպաստեց, որ միգրացիան ընտրողներին առավել մտահոգող հարցերից մեկը դառնա։
Սանչեսը պաշտպանում է միգրացիայի դերն Իսպանիայի տնտեսական աճի մոդելում՝ պնդելով, որ երկրում ծնված բնակչության ծերացման պայմաններում այն առանցքային նշանակություն ունի Իսպանիայի ապագան ապահովելու համար։
Նունյես Ֆեյխոոն իր մրցակցին մեղադրում է միգրացիոն քաղաքականության հարցում «Եվրոպայի համար խնդիր» լինելու մեջ։ Ֆեյխոոյի կուսակցությունը ցանկանում է ավելի խիստ վերահսկողություն սահմանել ներգաղթի նկատմամբ։ Vox-ը զանգվածային արտաքսումների կոչ է անում։
Նախընտրական քարոզարշավին և թեկնածուների բանավեճին Սանչեսը փորձում էր ավելի շատ անդրադառնալ արտաքին քաղաքականությանը։ Նա իրեն ներկայանում էր որպես միջազգային հարթակներում հարգանք վայելող առաջադիմական առաջնորդի, որը Թրամփի և աջ ուժերի հակապատկերն է։ Քանի որ իսպանացիների մեծ մասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, սա կարող է արձագանք գտնել ընտրողների շրջանում։
Ըստ Սանչեսի՝ Իսպանիան «փարոս» է աշխարհում, որը մթագնում է ծայրահեղ աջերի և «տեխնոօլիգարխների» վերելքի հետևանքով։ Ֆեյխոն այս պնդմանը արձագանքեց՝ նշելով, որ Սանչեսն ավելի շատ ուշադրություն է դարձնում միջազգային հարցերին, քան իսպանացիների առօրյա խնդիրներին։
Ամփոփելով՝
Սանչեսն ընտրողներին կոչ է անում որոշել՝ արդյոք Իսպանիան շարունակելու է պաշտպանել սոցիալական արդարության, բաց հասարակության և շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության սկզբունքները մի ժամանակաշրջանում, երբ եվրոպական այլ երկրներում ծայրահեղ աջերն ուժեղանում են։
Ֆեյխոոն խոստանում է կայուն կառավարում Սանչեսի պաշտոնավարման տարիներին ծագած կոռուպցիոն սկանդալներից հետո։
Vox-ը ընտրությունները ներկայացնում է որպես Իսպանիայի ազգային ինքնությունը վերագտնելու հնարավորություն, այն նաև հանդես է գալիս երկրում «անօրինական կարգավիճակով» գտնվող միգրանտներին հայրենիք վերադարձնելու և Իսպանիայի զարգացմանը նպաստ չբերող օտարերկրացիների «հետադարձ միգրացիայի» օգտին։
Ընտրությունները կավարտվեն նոյեմբերի 29-ին ժամը 20:00-ին։
Լուսինե Վարդանյան










