Գլխավոր Լրահոս

Ընդդիմադիր ուժերը Երևանում սկսել են Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաները

Ընդդիմադիր ուժերը Երևանում սկսել են Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաները

Մի շարք ընդդիմադիր ուժեր նոյեմբերի 8-ին Երևանում սկսել են իրազեկման ակցիաներ՝ քաղաքացիներին ներկայացնելու նոր Սահմանադրության ընդունման հետ կապված իրենց մտահոգությունները։ Ակցիայի մասնակիցները մետրոյից շարժվել են տարբեր ուղղություններով՝ իրենց հետ ունենալով Հայաստանի պետական դրոշներն ու 1991-ի անկախության հանրաքվեի քվեաթերթիկների օրինակները։

«Սկսում ենք Երևանում իրազեկման ակցիաները՝ անկախության պաշտպանության հետ կապված։ Մեր գործընկերները բոլորն այս պահին մետրոպոլիտենում են, ու կշարժվենք տարբեր ուղղություններով»,- հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Այսօր ակցիայի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նրա խոսքով՝ իրազեկման ակցիաների նպատակն է քաղաքացիներին ներկայացնել Սահմանադրության փոփոխության գործընթացը, որը, պատգամավորի խոսքով, իրականացվում է Ադրբեջանի պահանջով։

Իրազեկման ակցիաների մեկնարկի մասին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր նոյեմբերի 7-ին՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ակցիաներին մասնակցելու են Սահմանադրության փոփոխության դեմ համախմբված քաղաքական ուժերի ղեկավարներն ու ակտիվ անդամները։ Կարապետյանը հայտնել էր նաև հանրային ակտիվ գործիչների հետ հանդիպումների շարք սկսելու մասին։ Նա չէր բացառել նաև փողոցային պայքարի հնարավորությունը։

Նոյեմբերի 4-ին մի շարք ընդդիմադիր ուժեր համատեղ հայտարարությամբ ազդարարել էին նոր Սահմանադրության ընդունման դեմ համախմբվելու մասին։ Հայտարարությունը ստորագրածների թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Ապրելու երկիր» և այլ կուսակցություններ ու նախաձեռնություններ։


Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Հռչակագրում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։

Հայկական կողմը պնդում է, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ դրա փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։

Միաժամանակ Հայաստանում ընթանում է նոր Սահմանադրության մշակման գործընթացը։ Նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, որից հետո կմեկնարկեն հանրային քննարկումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում