Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 8-ից Երևանում Սահմանադրության փոփոխության դեմ ակցիաներ կսկսվեն․ Կարապետյան

Նոյեմբերի 8-ից Երևանում Սահմանադրության փոփոխության դեմ ակցիաներ կսկսվեն․ Կարապետյան

Նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ կանցկացվեն՝ հանրությանը Սահմանադրության փոփոխության հնարավոր վտանգները ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո։

Կարապետյանի խոսքով՝ ակցիաներին կմասնակցեն Սահմանադրության փոփոխության դեմ համախմբված քաղաքական ուժերի ղեկավարներն ու ակտիվ անդամները։

«Վաղը ստորագրած կուսակցությունների ղեկավարները, ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ Երևանով մեկ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք Ալիևյան սահմանադրության վտանգները, խոսենք մեր հանրության հետ, մեր անկախության, երկրորդ՝ մեր անկախության վերահաստատման մասին»,- ասել է նա։

Կարապետյանը նաև հայտնել է, որ սկսում են հանդիպումների շարք հանրային ակտիվ գործիչների հետ, որոնց ընթացքում կներկայացնեն իրենց առաջիկա ծրագրերն ու գործողությունների հաջորդականությունը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությանը միանում է նաև «Միասնության թևեր» ուժը։

Անդրադառնալով պայքարի նպատակներին՝ Կարապետյանը նշել է, որ ընդդիմադիր ուժերի ներկայիս համախմբումն ուղղված է Սահմանադրության փոփոխության դեմ պայքարին։ Նա չի բացառել նաև փողոցային պայքարը։

«Եթե կարիք լինի պաշտպանել մեր սահմանադրությունը, հուսով եմ՝ մեր հանրությունը այդ քայլը կանի։ Մենք ամբողջությամբ այդ պրոցեսի մեջ կլինենք, մենք կպաշտպանենք մեր սահմանադրությունը»,- հայտարարել է նա։


Նոյեմբերի 4-ին մի շարք ընդդիմադիր ուժեր հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով համախմբում նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ։

Հայտարարությունը ստորագրած ուժերի թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետական», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Ապրելու երկիր» և այլ կուսակցություններ ու նախաձեռնություններ։

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Հռչակագրում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։

Հայկական կողմը պնդում է, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ դրա փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։

Միաժամանակ Հայաստանում ընթանում է նոր Սահմանադրության մշակման գործընթացը։ Նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, որից հետո կմեկնարկեն հանրային քննարկումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում