Գլխավոր Լրահոս

«Ես ընդդիմությանն առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով»․ Փաշինյան

«Ես ընդդիմությանն առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով»․ Փաշինյան

Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով մերժվի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրաժարական տալ, իսկ ընդունվելու դեպքում՝ ավարտին հասցնել խաղաղության օրակարգը և հաջորդ ընտրություններում չլինել վարչապետի թեկնածու։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 19-ին՝ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում՝ վերահաստատելով ընդդիմությանն ուղղված իր առաջարկը։

«Հիմա խաղի կանոնները շատ պարզ են. սցենար մեկ՝ գնում ենք հանրաքվեի, ժողովուրդը ասում է՝ ոչ, ես հրաժարական եմ տալիս։ Բայց ավելի լավ՝ սրանով չի ավարտվում առաջարկությունը։ Ժողովուրդը ասում է՝ այո, ես իրականացնում եմ, մինչև վերջ տանում եմ խաղաղության օրակարգը և, բոլոր դեպքերում, հաջորդ ընտրություններում չեմ լինում վարչապետի թեկնածու», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանրաքվեում Սահմանադրության նախագծի մերժման դեպքում կհեռանա վարչապետի պաշտոնից և առնվազն այդ քաղաքական շրջափուլում այլևս չի հավակնի դրան։

«Այսինքն՝ ես ընդդիմությանը առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով», - հայտարարել է նա։

Փաշինյանը նաև ասել է, որ ընդդիմության արձագանքից պարզ կդառնա՝ արդյոք իր քաղաքական հակառակորդներն իսկապես նպատակ ունեն իրեն հեռացնելու իշխանությունից։

«Եթե իրենք ինձ չհեռացրին, ես իրենց հեռացնելու եմ»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթ հրապարակվելիք նոր Սահմանադրության նախնական նախագծով նախատեսվում է ընդդիմությանը քվոտաներ հատկացնել անկախ և ինքնավար պետական մարմիններում։

«Այդպես էլ նախատեսվում է, որ ԲԴԽ անդամներից մեկը կընտրվի ընդդիմության առաջադրված թեկնածուներից», - ասել է Փաշինյանը՝ համեմատելով առաջարկվող կարգավորումն Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկին ընդդիմության առաջադրմամբ ընտրելու գործող կարգի հետ։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը քվոտաներ կունենա նաև Կենտրոնական բանկի խորհրդում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Հաշվեքննիչ պալատում և այլ անկախ ու ինքնավար մարմիններում։ Նախագծով նախատեսվում է նաև դատախազական խորհրդի ձևավորում, որտեղ ևս ընդդիմությունը ներկայացվածություն կունենա։

Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ նոր Սահմանադրության ընդունումը կապված է Ադրբեջանի պահանջների հետ։ Բաքուն Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը համարում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է։

Փաշինյանը հոկտեմբերի 22-ին չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել աջակցել նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում