Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսության՝ ռուսական շուկայից կախվածությունը նվազեցնելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, այդ թվում՝ ռուսական շուկայի սահմանափակումներին, Փաշինյանը պնդել է, որ Հայաստանը վերջին տարիներին արդեն իսկ ընդլայնել է արտահանման այլընտրանքային ուղղությունները։
«Վերջին տարիներին դեպի Եվրամիություն և դեպի Չինաստան կրկնապատկվել են մեր արտահանումները, իսկ դեպի Հնդկաստան 87%-ով են աճել, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է դեպի ԵՄ, Չինաստան և Հնդկաստան արտահանումների վիճակագրությունը։
Վարչապետը նկատի է ունեցել չորս ամսվա վիճակագրությունը
Վարչապետի աշխատակազմից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ վարչապետը նկատի է ունեցել ոչ թե վերջին տարիների ամբողջական արտահանման ցուցանիշները, այլ 2026-ի հունվար-ապրիլ ամիսների տվյալները՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Աշխատակազմը հղում է արել Վիճակագրական կոմիտեի տվյալներին, որոնց համաձայն՝ 2026-ի հունվար-ապրիլին Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97.3%-ով` 184 մլն դոլարից հասնելով 359 մլն դոլարի։ Դեպի Չինաստան արտահանումը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է՝ 156 մլն դոլարից հասնելով 320 մլն դոլարի։
Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2026-ի հունվար-ապրիլին Հայաստանից արտահանումը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 88.8%-ով՝ 23.5 մլն դոլարից հասնելով 44.4 մլն դոլարի։
Այսպիսով, թեև վարչապետի աշխատակազմի ներկայացրած տվյալները հիմնականում համընկնում են պաշտոնական վիճակագրության հետ, դրանք վերաբերում են միայն 2026-ի առաջին չորս ամիսներին։ Մինչդեռ, հունիսի 5-ի հարցազրույցում ժամանակ խոսել էր «վերջին տարիների» ընդհանուր միտումների մասին։
Ավելին, նույն պնդումը Փաշինյանը կրկնել է նաև հունիսի 7-ին՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում․ «Եկեք չմոռանանք, որ վերջին տարիներին դեպի Եվրամիություն մեր արտահանումը կրկնապատկվել է, դեպի Չինաստան կրկնապատկվել է, դեպի Հնդկաստան 87% աճ է ունեցել»։
Դեպի ԵՄ արտահանումը մնացել է նույն մակարդակի վրա
Եթե դիտարկենք վերջին տարիների վիճակագրությունը, ապա պատկերը այլ է։
Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները կազմել են 2021-ին՝ 664 մլն, 2022-ին՝ 781 մլն, 2023-ին՝ 718 մլն, 2024-ին՝ 631 մլն, իսկ 2025-ին՝ 679 մլն դոլար: Այսինքն՝ 2023-ից սկսած ԵՄ ուղղությամբ արտահանումը նվազել է, իսկ 2025-ի ցուցանիշը գրեթե նույն մակարդակում է, ինչ 2021-ին։
Հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, սակայն, 2026-ին էական աճ է գրանցվել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դեպի ԵՄ արտահանումը կազմել է 2021-ին՝ շուրջ 238 մլն դոլար, 2022-ին՝ 262 մլն դոլար, 2023-ին՝ 238 մլն դոլար, 2024-ին՝ 188 մլն դոլար, 2025-ին՝ 184 մլն դոլար, իսկ 2026-ին՝ 359 մլն դոլար։
Այսպիսով, 2026-ի առաջին չորս ամիսներին դեպի ԵՄ արտահանման աճը ակնհայտ է, սակայն 2021-2025 թվականների տարեկան տվյալները չեն հաստատում, որ վերջին տարիներին ԵՄ ուղղությամբ արտահանումը կրկնապատկվել է։
Չինաստանի և Հնդկաստանի դեպքում տարեկան ցուցանիշները տարբեր պատկեր են ցույց տալիս
Դեպի Չինաստան Հայաստանից արտահանման դեպքում պատկերն այլ է: Ըստ Վիճկոմիտեի՝ վերջին տարիներին արտահանման ծավալները հետևյալ տեսքն են ունեցել. 2021-ին՝ 393 մլն, 2022-ին՝ 369,5 մլն, 2023-ին՝ 425 մլն, 2024-ին՝ 1 097 մլրդ, իսկ 2025-ին՝ 763 մլն դոլար: Այսինքն՝ 2024-ին գրանցված թռիչքաձև աճից հետո 2025-ին դեպի Չինաստան արտահանումը նվազել է շուրջ 31%-ով։ Միևնույն ժամանակ, 2025-ի ցուցանիշը դեռևս մոտ երկու անգամ բարձր է 2021-ի մակարդակից։
Դեպի Հնդկաստան արտահանման տարեկան ցուցանիշները ևս չեն ցույց տալիս կայուն աճի միտում։ Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2021-ին արտահանումը կազմել է 126.7 մլն, 2022-ին՝ 99 մլն, 2023-ին՝ 34.6 մլն, 2024-ին՝ 36 մլն, իսկ 2025-ին՝ 85 մլն ԱՄՆ դոլար:
Այսինքն՝ 2025-ին դեպի Հնդկաստան արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ՝ շուրջ 134%-ով, սակայն դեռ չի հասել 2021-ի և 2022-ի մակարդակներին։ 2021-ի համեմատ 2025-ի ցուցանիշը մոտ 33%-ով ցածր է։
Այսպիսով, թեև 2026-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ, Չինաստան և Հնդկաստան ուղղություններով արտահանման աճ է գրանցվել, տարեկան կտրվածքով պատկերը միանշանակ չէ։ 2021-2025 թվականներին դեպի ԵՄ արտահանումը չի կրկնապատկվել, դեպի Չինաստան արտահանումը 2025-ին նվազել է 2024-ի համեմատ, իսկ Հնդկաստանի ուղղությամբ 2025-ի ցուցանիշը դեռ ցածր է 2021-ի և 2022-ի մակարդակներից։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











