Գլխավոր Լրահոս

Նամակներ ադրբեջանական բանտից. OC Media

Ադրբեջանական բանտ

Ադրբեջանական բանտ

Լուսանկարը՝ Trend լրատվական գործակալության

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Բանտարկված լրագրող Ուլվիյա Ալին անդրադառնում է Ադրբեջանում կրկնահանցագործությանը՝ պնդելով, որ ավտորիտար պետության համար մարդու վերականգնումը առաջնահերթություն չէ։

Այս հոդվածը բանտից գրել է ադրբեջանցի լրագրող Ուլվիյա Ալին (Գուլիևա)։ Ալին ձերբակալվել է 2025-ի մայիսի 6-ին՝ որպես անկախ Meydan TV լրատվամիջոցի դեմ գործով կասկածյալ։ Նա հերքում է, որ աշխատել է այդ լրատվամիջոցի հետ։

Եվրոպայի խորհրդի 2025-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը 51 եվրոպական երկրների շարքում բանտարկյալների թվով երկրորդն է։ Այդ ցուցանիշով Ադրբեջանը դասվում է այն երկրների շարքին, որոնց բանտերը «գրեթե ամբողջությամբ լցված են»։

Սակայն այս ցուցանիշը չի անդրադառնում այն մարդկանց թվին, որոնք ազատազրկվել են մեկից ավելի անգամ։ Իսկ այդ թիվը չափազանց մեծ է անտեսելու համար։

Այս երևույթը կոչվում է կրկնահանցագործություն․ մարդը հանցագործություն է կատարում, կրում պատիժը, ապա կրկին հանցագործություն գործում։ Բայց այս ամենը միայն անհատի «փչացած» լինելու հանգամանքով բացատրելը պետությանը հնարավորություն է տալիս խուսափել սեփական պատասխանատվությունից։

Հարցերը՝ արդյոք բանտը հաջող մոդե՞լ է մարդու ուղղման համար, և արդյոք պետական քաղաքականությունը բավարար քայլեր ձեռնարկո՞ւմ է դա կանխելու համար, ստիպում են մտածել խնդրի մասին։

Բազմաշերտ խնդիր

Հետազոտությունների համաձայն՝ կրկնահանցագործության հիմնական պատճառներից են կրթության պակասը և աղքատությունը։ Կրկնահանցագործ բանտարկյալների մեծ մասը, որոնց հետ ես խոսել եմ, իրենց վիճակը նույնպես կապում են աղքատության հետ։

«Ինչ էլ արեցի, աշխատանք չկարողացա գտնել։ Վերջում սկսեցի քաղցկեղով հիվանդներին ապօրինի հոգեմետ նյութեր վաճառել և ձերբակալվեցի։ Երբ մի անգամ ընկնում ես այստեղ, ամեն անգամ սև խոռոչի պես ներս է քաշում»,- դժգոհում է երկրորդ անգամ պատիժ կրող մի տղամարդ բանտարկյալ։

Կրկնահանցագործության մեկ այլ հիմնական պատճառ է այն, որ բանտն օգտագործվում է ոչ թե վերականգնման, այլ պատժի համար։ Միջազգային զեկույցներում ևս նշվում է, որ Ադրբեջանի բանտերում մարդկանց նկատմամբ անհատական մոտեցում չի կիրառվում և յուրաքանչյուրի համար վերականգնման անհատական ծրագիր չի կազմվում։

Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2022-ին անցկացրած մոնիթորինգի ժամանակ արձանագրել է, որ Ադրբեջանում նման մեխանիզմ գոյություն չունի։ Նույն խնդիրը հայտնաբերվել էր նաև 2020-ին անցկացված մոնիթորինգի ընթացքում։

«Պատվիրակությունը նշել է, որ, ինչպես նախորդ ստուգման ժամանակ, բանտարկյալների նկատմամբ մոտեցումը հիմնված էր ոչ թե անհատական կարիքների և վտանգների գնահատման, այլ պատժի ծրագրերի վրա, իսկ ազատ արձակմանը նախապատրաստումը գրեթե զրոյական մակարդակի էր»,- ասվում է 2022-ի զեկույցում։

Քննչական մեկուսարանների ներքին կարգապահական կանոնների 5.10-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձինք խցերում տեղավորվում են՝ հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, նախկին դատվածությունը և առողջական վիճակը։

Նույն կանոնների 5.11.3-րդ հոդվածում նշվում է, որ առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք պետք է պահվեն առանձին այն անձանցից, որոնք նախկինում արդեն պատիժ են կրել բանտում։

Սակայն գործնականում այս դրույթները չեն պահպանվում։ Ավելի շատ ուշադրություն է դարձվում բանտարկյալի ֆինանսական վիճակին և այն հարցին, թե արդյոք խցի մյուս կալանավորները կընդունեն նրան։ Սա նույնպես ցույց է տալիս անհատական մոտեցման բացակայությունը։

Կրկնահանցագործության մեկ այլ պատճառ կապված է ազատություն վերադառնալուց հետո հարմարվելու դժվարությունների հետ։

«Սա իմ երրորդ ազատազրկումն է, և բանտն ինձ ընդհանրապես չի վերականգնել։ Ընդհակառակը՝ ինձ ավելի հակված է դարձրել հանցագործության։ Բանտից դուրս գալուց հետո ամեն ինչ շատ դժվար էր թվում։ Հարազատներիս հետ ընդհանուր լեզու չէի գտնում։ Նույնիսկ երբ ձեռքս ինչ-որ տեղ էի դնում, զգում էի, թե սխալ եմ դնում»,- ազատություն վերադառնալու դժվարությունների մասին պատմում է մի տղամարդ բանտարկյալ։

Սոցիալական ուսուցման տեսության հիմնադիր, աշխարհահռչակ հոգեբան Ալբերտ Բանդուրան նշում է, որ մարդու վարքագիծը մեծապես ձևավորվում է սոցիալական միջավայրի ազդեցությամբ։ Նրա մոտեցումից ելնելով՝ եթե մարդը բանտում խորը կապի մեջ է մտնում քրեական ենթամշակույթի հետ, նրա համար փոխվում է նորմայի ընկալումը։ Ազատ արձակվելուց հետո նա հաճախ վերադառնում է նույն միջավայր, որովհետև այլ միջավայր չունի։

«Ազատության մեջ ում հետ էլ խոսում էի, ինձ համապատասխան մարդ չէի գտնում։ Երկար ժամանակ բանտում էի եղել, դուրս գալուց հետո սկսեցի ապրել քրեական աշխարհի կանոններով։ Դրսում ինձ ոչ ոք չէր հասկանում։ Իսկ բանտում ինձ նման մարդիկ շատ կային։ Նրանց շրջանում որոշակի հարգանք ունեի։ Ազատության մեջ տեղս չեմ գտնում»,- ասում է երրորդ անգամ ազատազրկված մի տղամարդ։

«Ութ տարի վեց ամիս բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեցի։ Ինձ բոլորի համար օտար էի զգում։ Իմ շրջապատը, իմ հասակակիցները կյանքում ինչ-որ բանի հասել էին, իսկ ես տեղում դոփում էի։ Հասարակությունը փորձում էր ինձ դուրս նետել՝ որպես օտար մարմին։ Երկար չդիմացա ու կրկին վերադարձա բանտ»,- ասում է երկրորդ անգամ պատիժ կրող մեկ այլ տղամարդ։

Քրեագիտության մեջ ազատ արձակվելուց հետո առաջին վեց ամիսը համարվում է կրկնահանցագործության ամենաբարձր վտանգի շրջան։ Եթե այդ ընթացքում մարդն ունի ապրելու տեղ, աշխատանք, սոցիալական աջակցություն և հոգեբանական օգնություն, հանցագործության վերադառնալու հավանականությունը կտրուկ նվազում է։ Ադրբեջանում, սակայն, նման շարունակական պետական աջակցություն չկա։ Բանտից դուրս եկած մարդը թողնվում է ճակատագրի քմահաճույքին։

«Դրսում ապրելու տուն չունեմ։ Ընտանիքիցս միայն եղբայրս է ողջ։ Բանտում ինձ ավելի հարմարավետ եմ զգում։ Դրսում տանջանք է․ պետք է փող աշխատես, իսկ իմ դատվածությամբ դա անհնար է։ Բանտում ավելի հեշտ եմ գոյատևում, այստեղ ամեն ինչ ինձ ծանոթ է»,- ասում է 54-ամյա մի տղամարդ, որը կյանքի 26 տարին անցկացրել է բանտում։

Կան նաև խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը՝ գործոնների մեկ այլ խումբ, որը վերականգնումը դարձնում է անհնար։ Բանտարկյալները նման վերաբերմունքի կարող են ենթարկվել ոստիկանությունում՝ ձերբակալման առաջին իսկ օրից, իսկ բանտը պարզապես ավարտում է այդ շղթան։ Անպատժելիության միջավայրը բավարար, գուցեև ամենակարևոր պատճառն է վերականգնման ցիկլը խզելու համար։

Մարդկային արժանապատվության շարունակական նվաստացումը ոչնչացնում է մարդու ներսում փոփոխության ցանկացած զգացում։

Արդարադատության համակարգի անկումը

«Երկրորդ անգամ ինձ ձերբակալել են, թեև ամբողջությամբ անմեղ եմ։ Բայց երբ նույն հոդվածով, նույն հանցագործության համար արդեն մի անգամ գրանցվում ես, այդ պիտակը կարծես կպչում է քեզ։ Երբ քեզ երկրորդ անգամ նույն հանցագործության մեջ են մեղադրում, նույնիսկ եթե անմեղ ես, ոչ մեկին չես կարող համոզել»,- ասում է երկրորդ անգամ բանտում գտնվող մի կին։

Կրկնահանցագործների շրջանում մեծ թիվ են կազմում նաև նրանք, ովքեր պնդում են, որ իրենց վրա գործ են «բեռնել»։ Ոմանք ընդունում են նախկինում կատարած հանցագործությունները, սակայն կտրականապես հերքում են ներկայի մեղադրանքները։ Մեղադրական եզրակացություններին նայելիս ընթացակարգային բազմաթիվ խախտումները այս հնարավորությունը բավական համոզիչ են դարձնում։

Բանտում հայտնված մարդիկ ոչ միայն խարանվում են հասարակության կողմից, այլև հայտնվում են իրավապահ մարմինների սև ցուցակում։ Ադրբեջանի նման երկրներում, որտեղ իրավական երաշխիքները թույլ են, այդ մարդիկ դառնում են իդեալական թիրախ՝ մեղքը նրանց վրա բարդելու համար։

«Հաճախ եմ լսել, որ երբ որևէ մեկը ոստիկանների ձեռքն է ընկնում, նրան ասում են՝ «մարդ տուր»։ Մարդ տալը նրան ապահովագրում է ձերբակալությունից։ Իսկ այդ մարդը պետք է հարուստ լինի, որ ոստիկանները կարողանան նրանից փող կորզել»,- ասում է չորրորդ անգամ ազատազրկված մի տղամարդ։

Նա ավելացնում է, որ ինքն էլ այդ մարդկանցից մեկն է դարձել։

«Ընտանիքովս էին սպառնում, որ խոստովանական տեսանյութ ձայնագրեմ։ Չկարողացա ինձ ստիպել մարդ տալ, մեկին վաճառել»։

Ադրբեջանական բանտերում հազվադեպ են լսվում արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ես անմեղ եմ, դատարանում կապացուցեմ ու արդարացման վճիռ կստանամ», կամ «կփորձեմ այլևս այստեղ չընկնել»։ Վերջին մեկ տարվա ընթացքում բանտարկյալների հետ զրույցներում հիմնականում այսպիսի խոսքեր եմ լսել․ «Գործդ առաջ տանելու համար պետք է «միջնորդ փաստաբան» և «լավ դատավոր»»։

Միջնորդ փաստաբանը այն «պաշտպանն» է, որը փողի՝ կաշառքի հարցերն է կարգավորում՝ դատավորի հետ գործը «բանակցելու» համար։ «Լավ դատավոր» արտահայտությունը սխալ չհասկանաք․ դա արդար որոշում կայացնող դատավորի մասին չէ։ Այդպես ասում են այն դատավորի մասին, որը պատրաստ է գործարքի գնալ և այնպիսի գումար է ասում, որ շուրթերդ չայրի՝ այսինքն աստղաբաշխական թիվ չլինի։ Կաշառք են տալիս նվազագույն պատիժ ստանալու, մեղադրանքը ավելի մեղմ հոդվածով վերաորակելու կամ պայմանական պատիժ, տնային կալանք և նման հնարավորություններ ստանալու համար։

Գործնականում արդարացման դատավճիռներ շատ հազվադեպ են լինում։ Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ավտորիտար ռեժիմներում իրավապահ մարմինների թերությունները ընդունելը խաթարում է «դիկտատուրայի կատարելության» պատկերը։

Եթե մարդը հանցագործություն է կատարել, նա չի մտածում վերականգնվելու մասին։ Նրա ամբողջ միտքն ու ուշադրությունը հուսահատորեն կենտրոնացած են փող գտնելու, «լավ դատավոր» և միջնորդ փաստաբան փնտրելու վրա։ Հետաքրքիրն այն է, որ միջնորդ փաստաբանների հեռախոսահամարներ կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր ձերբակալվածի հեռախոսագրքում։ Կալանավորները նրանց տվյալները ձեռքից ձեռք են փոխանցում։

Հնարավո՞ր է այլ մոտեցում

Ադրբեջանում կրկնահանցագործության վերաբերյալ թափանցիկ վիճակագրություն չկա։ Աշխարհում ընդամենը 33 երկիր ունի կրկնահանցագործության տվյալների բազա, իսկ դրա բացակայությունը անհնար է դարձնում այս երևույթի դեմ պայքարը։

Թեթև հանցագործությունների դեպքում ազատազրկման փոխարեն խորհուրդ է տրվում կիրառել տուգանք, հանրային աշխատանք, պայմանական պատիժ, իսկ թմրանյութերի հետ կապված հանցագործություններ կատարած անձանց դեպքում՝ վերականգնողական մոտեցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ քննած գործերում նշում է, որ Ադրբեջանում նախնական կալանքը կիրառվում է չափազանց հաճախ։ ՄԻԵԴ-ը նաև խորհուրդ է տալիս կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ, քանի որ կալանքը պետք է լինի ամենավերջին միջոցը։

Նորվեգիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան աշխարհում կրկնահանցագործության ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներից են։ Այդ երկրներում կիրառվող մոդելի հիմքում մարդու արժանապատվությունն է։ Այն նախատեսում է փոքր խմբերի համակարգ, որոնք դատապարտյալին նախապատրաստում են ազատության վերադարձին և նպատակ ունեն զարգացնելու նրա մասնագիտական ու սոցիալական հմտությունները։

Ադրբեջանում, թեև պայմանական վաղաժամկետ ազատումը, ներումն ու համաներումը, ինչպես նաև պրոբացիոն համակարգը ներկայացվում են որպես կրկնահանցագործության դեմ պայքարի միջոցներ, միջազգային կազմակերպությունների զեկույցները ցույց են տալիս, որ համակարգում լուրջ թերություններ կան։

Քրեագետները նաև նշում են, որ հանցագործության վերաբերյալ հիմնական հարցը չպիտի լինի՝ «ի՞նչ պատիժ պետք է տրվի հանցագործին», այլ՝ «ի՞նչն է խախտվել և ինչպե՞ս կարելի է դա վերականգնել»։

Ադրբեջանի բանտերը ոչ միայն չեն վերականգնում մարդուն, այլև հիմք են ստեղծում նոր հանցագործությունների համար, որովհետև այս երկրում բանտերը կառուցված են պատժի տրամաբանությամբ։ Դա օտար է վերականգնման փիլիսոփայությանը։

Բանտում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ավտորիտար պետության համար մարդու վերականգնումը առաջնահերթություն չէ։ Դատվածություն ունեցող մարդիկ արդեն համարվում են հասարակության համար անպիտան։ Եվ գուցե սա միտումնավոր է․ ավտորիտար ռեժիմների համար ավելի հեշտ է կառավարել կոտրված, ենթարկված և անհատականությունը կորցրած մարդկանց։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում