Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում արգելափակել են OC Media-ի կայքը

Ադրբեջանում արգելափակել են OC Media-ի կայքը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի իշխանությունները, ըստ ամենայնի, արգելափակել են OC Media-ի կայքը․ այն այլևս հասանելի չէ երկրի տարածքից։

OC Media-ն ընթերցողներից առաջին ահազանգերը ստացավ հունիսի սկզբին, երբ նրանք հայտնեցին որ չեն կարողանում մուտք գործել կայք։ Դա տեղի ունեցավ գրեթե միաժամանակ, երբ Ադրբեջանում ստեղծվեց Ազգային կիբերանվտանգության գործակալությունը (NCA), որն ունի տեղեկատվության վերահսկողության լայն լիազորություններով։

Այդ ժամանակից ի վեր երկրի տարբեր շրջաններից կատարված բոլոր փորձերը՝ մուտք գործելու կայք, անհաջող են եղել՝ բացառությամբ VPN-ի օգտագործման դեպքերի։ Կայքն անհասանելի է նաև ադրբեջանական սերվերներից, իսկ Ադրբեջանից OC Media-ի կայքի այցելությունների թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով երկնիշ թվերի։

Չնայած դրան՝ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը պնդում է, որ կայքի հասանելիության հետ կապված որևէ խնդիր չկա և որևէ սահմանափակում չի կիրառվել։

OC Media-ի գլխավոր խմբագիր Ռոբին Ֆաբրոն ասում է, որ նման քայլը վաղուց էր սպասվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով ավելի անհանդուրժող են դառնում ցանկացած տեղեկատվության նկատմամբ, որը չի համապատասխանում պաշտոնական դիրքորոշմանը։

«Սա, իհարկե, հարված է մեզ, քանի որ 2017-ին հիմնադրվելուց ի վեր Ադրբեջանում ունեինք փոքր, բայց կայուն լսարան։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ մեր ընթերցողները, որոնք հավանաբար արդեն սովոր են VPN-ների և գրաքննությունը շրջանցելու այլ միջոցների օգտագործմանը, կշարունակեն հետևել մեր հրապարակումներին»,- ասել է նա։

«Այն, որ Ադրբեջանի կառավարությունը մեր լրագրողական աշխատանքը վտանգավոր է համարում, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լրագրողները շարունակում են իշխանություններին պատասխանատվության ենթարկելու ունակ լինել։ Սա նաև ընդգծում է անկախ լրագրությանը աջակցելու կարևորությունը»,- հավելում է Ֆաբրոն։

Հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է հրամանագիր, որով լուծարվել է Էլեկտրոնային անվտանգության ծառայությունը՝ շուրջ 30 աշխատակից ունեցող կառույց, որը ստեղծվել էր 2013-ին և գործում էր թվային զարգացման և տրանսպորտի նախարարության ենթակայությամբ։

Դրա փոխարեն ստեղծվել է Ազգային կիբերանվտանգության գործակալությունը, որը լիակատար վերահսկողություն է իրականացնելու համացանցի մոնիթորինգի և գրաքննության նկատմամբ։ Քննադատների գնահատմամբ՝ դա լուրջ սպառնալիք է խոսքի և մամուլի ազատության համար։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը OC Media-ի հարցումներին չի պատասխանել։

Անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները շարունակվում են

Ադրբեջանցի իրավապաշտպան, հայտնի փաստաբան Յալչին Իմանովի խոսքով՝ իշխանությունները առնվազն 2017-ից սահմանափակում են անկախ լրատվամիջոցների կայքերի հասանելիությունը։

2017-2019-ին իշխանությունները պարբերաբար արգելափակել են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մի շարք լրատվամիջոցների կայքեր, այդ թվում՝ RFE/RL-ը, Meydan TV-ն, Azadlig թերթը, Azerbaijan Saati-ն, Turan TV-ն և Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP)՝ պատճառաբանելով, որ դրանք առնչվում են տարբեր քրեական գործերի։

2023-ի նոյեմբերից սկսված ճնշումների նոր ալիքի ընթացքում Ադրբեջանը արգելափակել է նաև Abzas Media-ի և Toplum TV-ի կայքերը։

Ներկայում Abzas Media-ի, Meydan TV-ի, Toplum TV-ի, RFE/RL-ի և այլ լրատվամիջոցների շուրջ 30 լրագրողներ կամ նախնական կալանքի տակ են, կամ արդեն կրում են երկարատև ազատազրկման պատիժներ՝ հարկերից խուսափելու մեղադրանքներով։

Արտերկրում գործունեությունը շարունակող Meydan TV-ի գլխավոր խմբագիր Սևդա Սամեդովան OC Media-ին հայտնել է, որ իրենք կայքի արգելափակման մասին տեղեկացել են միայն ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից։

Ավելի ուշ Սաբայիլի շրջանային դատարանը պաշտոնապես հաստատել է կայքի արգելափակումը՝ պնդելով, թե Meydan TV-ն «տարածել է նյութեր, որոնք ուղղված են երկրի սահմանադրական կարգը բռնի ճանապարհով փոխելուն, ապակառուցողական գործողությունների կոչերին և արմատական կրոնական խմբերի քարոզչությանը»։

Նմանատիպ հիմնավորումներ են օգտագործվել նաև այլ լրատվամիջոցների կայքերի արգելափակման վերաբերյալ դատական որոշումներում, մինչդեռ քննադատները վաղուց են մեղադրում իշխանություններին «իշխանության կողմից արգելված տեղեկատվություն» հասկացությունը միտումնավոր անորոշ ձևակերպելու մեջ։

Սամեդովայի խոսքով՝ դատարանի որոշումից հետո Meydan TV-ի ստեղծած հայելային կայքերը նույնպես պարբերաբար արգելափակվում են, իսկ սոցիալական ցանցերի էջերը «բազմիցս ենթարկվել են հարձակումների»։

Ադրբեջանցի մեդիա փորձագետ Արզու Գեյբուլլան OC Media-ին ասում է, որ երկրում չկա որևէ անկախ մեխանիզմ, որը կկարողանա վերահսկել «իշխանությունների կողմից ընդունվող նման որոշումները»։

Նրա խոսքով՝ իշխանությունները ինտերնետ մատակարարներին պարտադրում են արգելափակել հասանելիությունը՝ անկախ նրանից, թե որ կայքի մասին է խոսքը։

«Այսօր դա ձեր կայքն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կայք»,- ասել է Գեյբուլլան։

Նրա խոսքով՝ տեխնիկապես սա պարզապես երկրի ներսում URL հասցեի արգելափակում է, որը թույլ չի տալիս մուտք գործել կայք իր հիմնական հասցեով, իսկ VPN-ն գործում է որպես միջանկյալ միջոց՝ ապահովելով հասանելիությունը։

«Եթե կարճ ասեմ՝ մի երկրում, որտեղ ինտերնետային ենթակառուցվածքը մենաշնորհ է, իսկ տեղեկատվության հասանելիությունը բոլոր մակարդակներում վերահսկող պետական մարմիններն ունեն համապատասխան լծակներ, նման քայլ իրականացնելը շատ հեշտ է»,- նշել է նա։

Գեյբուլլան նաև չի բացառում, որ OC Media-ի կայքի արգելափակման վերաբերյալ որոշումն ընդունվել է առանց հրապարակային հայտարարության։

«Գուցե [թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը] մի քանի օրից, մի քանի շաբաթից կամ նույնիսկ վաղը հանդես գա հայտարարությամբ։ Բայց քանի որ ոչ ոք նրանց պատասխանատվության չի ենթարկում, նրանք իրենց պարտավորված չեն զգում որևէ բացատրություն տալ։ Երբ պետությունը լիովին վերահսկում է, թե ինչ տեղեկատվություն է հասանելի դառնում մարդկանց, շատ հեշտ է ոչինչ չբացատրել, որովհետև չկան զսպման և հակակշռման մեխանիզմներ»,- ասում է նա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում